«Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարություններն ավելի անկեղծ են թվում, քան՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ հայտարարությունները». Արա Պապյան
Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի է ունեցել մի քանի անգամ, սակայն մարտի 29-ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումն առաջինն էր՝ որպես նպատակային հանդիպում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը։
Նրա խոսքով՝ Վիեննայի հանդիպումն առաջինն էր, որը տեղի ունցավ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ և նրանց ներկայությամբ։
«Գիտենք, որ այդ հանդիպումը տևել է երեք ժամից ավելի, որի զգալի մասը Փաշինյան-Ալիև առանձնազրույցն էր։ Վստահաբար, այդ առանձնազրույցի ժամանակ կողմերն իրենց տեսակետներն են ասել ու փորձել են հստակեցնել։ Իհարկե, այս խոսակցության մանրամասները մենք չգիտենք և չենք էլ իմանա, բայց կարելի է ենթադրել, թե խոսակցությունն ինչի մասին է եղել»,- շեշտեց Արա Պապյանը։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև առանձնազրույցը եղել է Մադրիդյան սկզբունքների շուրջ, քանի որ մինչև այսօր բանակցությունների հիմքում դրված են հենց այդ սկզբունքները։
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը, որը հրապարակվել էր հանդիպումից հետո, Արա Պապյանը նշեց, որ այդ հայտարարությամբ հանդիպումը գնահատվել է դրական ու կառուցողական։
«Մեզ համար այսօր մի քիչ դժվար է որոշել, թե ինչն է դրական ու կառուցողական, դրանց ընկալումը հարաբերական է, բայց այդուհանդերձ, ցանկացած հանդիպում ավելի լավ է, անգամ՝ ոչ արդյունավետ հանդիպումները, քան դրանց բացակայությունը։ Որովհետև, եթե չկան հանդիպումներ, կասկածներն ավելի են կուտակվում, և բախումների հավանականությունը շատանում է։ Այս հայտարարության մեջ մի քանի նշույլներ կան, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ կլինեն որոշակի գործողություններ, որոնցից մեկը կլինի հումանիտար դաշտում։
Հստակություն չկա, սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ խոսքը պատանդների փոխանակման մասին է։ Այստեղ շատ կարևոր է, թե կողմերը «պատանդ» ասելով՝ ինչ են հասկանում, որովհետև երկուստեք կան մոլորված քաղաքացիներ, բայց կան նաև հստակ դիվերսանտներ, որոնք մարդ են սպանել և այսօր դատապարտված են։ Այսինքն՝ ընկալել նրանց պարզապես պատանդ, կարծում եմ՝ տեղին չէ»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Արցախին բանակցություններում ներգրավելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը, ապա քաղաքագետը նկատեց՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրան դեմ է, և առանց նրա համաձայնության՝ Արցախի ներգրավումը բանակցություններում չի կարող լինել։ Լավագույն դեպքում Ադրբեջանը կարող է համաձայնել Արցախի ներկայացվածությանը երկբաղադրիչ ձևով՝ հայկական և ադրբեջանական մասով, ինչին չի համաձայնի հայկական կողմը։
Արա Պապյանն այս հանդիպումներից ակնկալիքներ չի ունեցել և այժմ էլ չունի, քանի որ, նրա խոսքով՝ Երևանը գրավելու մասին Ալիևի հայտարարություններն ավելի անկեղծ են թվում, քան՝ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ նրա հայտարարությունները։
«Սա ցավալի իրողություն է, սակայն պետք է ըմբռնենք և հասկանանք։ Լավատես չեմ նաև Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, քանի որ, եթե մինչև իսկ դրանք մեկնաբանվեն մեր ուզած տարբերակով, միևնույն է՝ դրա արդյունքը լինելու է այն, որ մենք Արցախը կորցնելու ենք։ Հետևաբար՝ այդ սկզբունքներից որքան շուտ հրաժարվենք և այլ սկզբունքներ առաջադրենք, կարծում եմ՝ այդքան լավ ու ճիշտ կլինի»,- ընդգծեց քաղաքագետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան