«Մեղրի զորամասում տեղի ունեցած միջադեպը Հայաստանի համար վտանգավոր է. Բանակի ստեղծման օրվանից սկսած՝ սա առաջին դեպքն է». Գագիկ Մելքոնյան
«Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Մեղրիի զորամասում տեղի ունեցած միջադեպը շատ վտանգավոր է Հայաստանի համար։
«Ինչ է նշանակում՝ հայ զինվորը դառնա դասալիք, նման բան տեղի է ունեցել նախորդ դարի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանում Կարսը լքեցին մեր զինվորները, որի հետևանքով մեր տարածքները կորցրեցինք: Ներկա դրությամբ նույնը կարող է կրկնվել։ Բանակի ստեղծման օրվանից սկսած՝ սա առաջին դեպքն է, այդ պատճառով էլ ասում եմ, որ շատ վտանգավոր է, քանի որ ալիքի նման սա կարող է տարածվել նաև այլ զորամասերում: Դրա համար խստագույնս բոլորը պետք է պատժվեն՝ կլինի սպա թե զինվոր, որպեսզի նման դեպքեր չլինի մեր բանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Գ. Մելքոնյանը:
Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե 90-ականներին բանակում նման դեպքեր եղե՞լ են, քանի որ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում գրել էր, որ մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել, սպաներն էլ չեն թողել, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց, որ 90-ականներին Հայաստանը գտնվում էր պատերազմի մեջ, և չկար դասալքություն նման հասկացություն։
«Կար միայն նահանջ, երբ դիրք էին բաց թողնում ու նահանջում՝ վերադառնալով նախկին դիրքերը, սա այլ բան է, սա դասալքություն չէ, այլ նահանջ: Արծրուն Հովհաննիսյանը նկատի է ունեցել 90-ականների վարքն ու բարքը, որ եղել են «գողականներ», «հեղինակություններ», խոսքը դրա մասին է։ Ո՛չ, այն ժամանակ նման բան չի եղել։ Նման բաներ հիմնականում 2000-ականներից նոր սկսվել է, երբ որ մեր երկիրն ու իշխանությունները տեղ տվեցին «գողական աշխարհին», դրանից հետո բոլոր «ռազբոռկաները» տեղի էին ունենում Հայաստանում, նաև դա մտավ բանակ, այդ ժամանակից արդեն այդ «հեղինակությունները» սկսեցին իրենց գործողություններն անել բանակում: Այս դասալքությունը դրա արդյունքն է, որ զորամասերում կան «հեղինակություններ», որոնք պետք իսպառ վերացվեն, բանակում նման բաներ չպետք է լինի»,- նշեց Գագիկ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ նման դեպքեր թույլ չտալու համար Զինվորական ոստիկանությունը պետք է իր գործն անի, որը զորամասերում ունի իր աշխատակիցները, որոնք զինվորներից շատերին «վերբովկա» են անում, որը բացահայտվելուց հետո զինվորը կա՛մ ինքնասպան է լինում, կա՛մ նրան սպանում են։
168.am–ը Գագիկ Մելքոնյանից նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի, որ Մեղրիի զորամասը լքած շատ զինվորների ուղարկել են Արցախ, որի առնչությամբ կարծիքներ են հնչել, այդ թվում՝ Արցախից, որ այնտեղ պատժելու վայր չէ, ուստի վիրավորական է, որ նման կերպ են վարվել: Ի պատասխան՝ նա ասաց, որ ամեն մի հայ, որը ծառայում է Արցախում, մեծ պատիվ է նրա ու ընտանիքի համար:
«Իմ թոռն այժմ ծառայում է Արցախում, հպարտ եմ, որ նա պաշտպանում է Արցախը։ Մենք մի բան պետք է հասկանանք, որ Արցախ-Հայաստան տարանջատումը պետք է
ընդհանրապես վերանա: Մենք ունենք սահմաններ, դա հայ ազգի սահմանն է, միայն արցախցուն չէ, այլ ամբողջ հայության: Եթե մտածում են, որ Արցախ ուղարկելով՝ պատժում են, չեմ ընդունում, սա սխալ է»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը:
Զվարթ Խաչատրյան