
ԱՄՆ-ը մտադիր է մշտական ներկայություն հաստատել Լուսնի վրա. NASA

NASA-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը հայտարարել է Լուսնի մակերեւույթին ԱՄՆ-ի մշտական ներկայություն հաստատելու Միացյալ Նահանգների վարչակազմի մտադրության մասին:
«Ներկայում մեր գլխավոր գերակայություններց մեկը Լուսին վերադառնալն է: Այս անգամ մենք դա կանենեք ոչ այնպես, ինչպես Apollo արշավախմբի ժամանակներում: Այս անգամ դեպի Լուսին թռիչքը կավարտվի մշտական ներկայությամբ»,- ասել է Բրայդենսթայնն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ առեւտրի, արդարադատության, գիտության եւ դրանց հետ կապված հիմնարկությունների հարցերի ենթակոմիտեում մարտի 27-ին կայացած ունկնդրումների ժամանակ:
«Դա նշանակում է, որ մենք կմնանք այնտեղ: Դա չի ենթադրում մարդկանց մշտական ներկայություն Լուսնի մակերեւույթին: Դա նշանակում է, որ այնտեղ կլինեն մեր ռոբոտները, լուսնագնացները, ինչպես նաեւ մարդիկ, որոնք կվերադառնան այնտեղ տեւական ժամանակով գիտությամբ զբաղվելու համար»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը NASA-ին ցուցում է տվել «ցանկացած միջոցներով» մարդկանց Լուսին ուղարկել առաջիկա հինգ տարում: «Նախագահի կարգադրությամբ՝ գործող վարչակազմի եւ Ամերիկայի Միացյալ
Նահանգների նպատակն է ամերիկացի աստղանավորդներին Լուսին վերադարձնել հաջորդ հինգ տարվա ընթացքում»,- ասել է նա ԱՄՆ-ի Ազգային տիեզերական խորհրդի նիստում: Փենսի խոսքով, որը ղեկավարում է Ազգային տիեզերական խորհուրդը եւ համակարգում Է ԱՄՆ-ի տիեզերական քաղաքականությունը, ԱՄՆ-ը կդառնա առաջին տերությունը, որը XXI դարում մարդիկ կուղարկի Լուսին, իսկ «Լուսնի վրա առաջին կինը եւ հաջորդ տղամարդը կլինեն ամերիկացի աստղանավորդները, որոնք կթռչեն ամերիկյան հրթիռով ամերիկյան հողից», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: