Համապետական շաբաթօրյակի շրջանակում քաղաքացիները ներկել են կարմիր գծերը
«Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը հայտարարված համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա-հիշեցումէ կատարել Երևանի կենտրոնում՝ կարմիր գծերի վերացման անհրաժեշտության դեմ:
Նրանց փոխանցմամբ՝ ժամանակին, երբ դեռ ընդդիմադիր գործիչ էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պայքարում էր դրանց դեմ, ուստի ժամանակն է, որ հարցը լուծվի, խոստումը կատարի:
«Կարմիր գծերը պետք է վերանան»,- ասում են նրանք ու ներկում կարմիր գծերը:
«Ի՞նչն է խնդիրը, որ չի սկսվում կամիր գծերը հանելու այս գործընթացը: Հիշեցնում և պահանջում ենք, որ դրանք չլինեն: Ստույգ հաշվարկներով` տարեկան հավաքագրվում էշուրջ 26 մլրդ դրամ, ու անհասկանալի է, թե այդ գումարն ինչի՞ վրա է ծախսվում»,- ասացին նախաձեռնության անդամները։
«Մենք ունենք բազմաթիվ անօթևաններ, կարելի է բնակելի շենք կառուցել ու հանձնել նրանց: Կա նաև վերելակների, կանաչապատ տարածքների, հանրակացարանների խնդիր»,- հավելեցին նրանք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանի խոսքով՝քաղաքացիները ոչ թե դժգոհում են կարմիր գծերի վճարման համար, այլ բողոքում են ոչ պատշաճ ծառայությունների մատուցման համար:
Ասում է՝ մեքենան վնասվում է, պատասխանատվության չեն կարողանում ենթարկել վնասողին, քանի որ չեն կարողանում հայտնաբերել: Որոշ հատվածներ արհեստական ձողերով փակվում են, ու չեն կարողանում կայանել: Կան հատվածներ, որ որոշ մեքենաներ են կանգնած առանց համարանիշի, քաղաքացին չի կարողանում կայանել: Խախտում կատարողն էլ չի պատժվում: Հետևաբար` առաջարկում է փոխել ծառայությունների մատուցման համակարգը, դարձնել որակյալ:
Նա կարևորել էր նաև Երևանի ծայրամասային շատ հատվածներում կարմիր գծերը վերացնելը:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ հայտնել էր, որ ներկա պահին կարմիր գծերի ու տեսախցիկների վերաբերյալ քննարկումներ չկան:
Անի Կարապետյան