«Առայժմ ամեն ինչ «ազնիվ խոսքի» վրա է, բայց այդ ամենը պետք է նաև իր ինստիտուցիոնալ ամրապնդումը ստանա». Ռուբեն Մեհրաբյան

Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը 168.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք մտահոգիչ չէ՞ այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ որևէ անդրադարձ չէին կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, նշեց, թե անիմաստ է «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ» բառակապակցությունը, քանի որ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը նրա համար էր, որպեսզի «թաղեն Վիեննայի պայմանավորվածությունները», ինչն արվել է ՀՀ դիվանագիտության թողտվությամբ։

«Սա է պատճատը, որ 2016 թվականին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները մինչև օրս այդպես էլ իրականություն չդարձան։ Դրա հետ կապված դրամաներ ու բեմականացումներ թող չանեն։ Իհարկե, Վիեննայի պայմանավորվածությունները շատ կարևոր են, դրանք կարևոր են նաև ներկայիս համատեքստում և ակտուալ են։ Վիեննայի պայմանավորվածությունների արդյունքում ուրվագծված մեխանիզմները պետք է ամրապնդեն այն զինադադարի ռեժիմը, որը ձևավորվեց Դուշանբեից հետո, որովհետև առայժմ ամեն ինչ «ազնիվ խոսքի» վրա է, բայց այդ ամենը պետք է նաև իր ինստիտուցիոնալ ամրապնդումը ստանա»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության առնչությամբ Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ այդ դրույթը կար։

«Այո, պետք են պատերազմի չվերսկսման երաշխիքներ, այդ իմաստով «ազնիվ խոսքը» կարևոր է, բայց խիստ անբավարար։ Այստեղ, ինչ խոսք, հայկական դիվանագիտությունն անելիք ունի»,- եզրափակեց փորձագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս