«Ոչ թե պետք է նայել՝ վարկ ունի, ու զրկել նպաստից, այլ պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ եկամուտներ ունի մարդը»
Մարտի 19-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս նպաստների վերաբերյալ Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր գրառմանը՝ նշելով, որ տարբեր տեղերից, քրեական գործերի հարուցման արդյունքում պարզվել է, որ անարդար կերպով սոցիալական նպաստներ են նշանակված եղել:
«Այդ հարցը ծագեց և բանկային տվյալների համադրությամբ խնդիրը բացահայտվեց: Թափանցիկության տրամաբանությունից ելնելով՝ աշխատանքային տեղեկատվությամբ կիսվեցի հանրության հետ: Եթե մարդը նպաստառու է, ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում՝ այդտեղ ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ: Կան տեսակետներ, որ, այո՛, պետք է դնել ու այդ մարդկանց նպաստները կտրել, սակայն կան տեսակետներ, որ պետք է հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մարդը Երևանի կենտրոնում բնակարան է գնել ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում, ի՞նչ է, մենք պետք է շարունակե՞նք նրանց նպաստ տալ: Հետևաբար` մենք զբաղվում ենք այդ թեմայով, բայց դա չի նշանակում, որ փակ աչքերով բոլորին պետք է զրկենք, ընդհակառակը՝ ձգտում ենք համակարգը արդյունավետ դարձնել»,- հավելեց վարչապետը:
Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հ/կ ղեկավար Արմեն Եսոյանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ նկատեց. «Եթե անձը կարողանում է սպառողական կամ առևտրային վարկեր սպասարկել՝ ունենալով եկամուտ կամ ստանալով բավարար աշխատավարձ, նշանակում է՝ ունի բավարար կենսապայմաններ, որ կարողանա ապահովել եկամուտ, հետևաբար՝ չի կարող լինել նպաստառուների ցանկում:
Կարող են լինել նաև բացառություններ, երբ անձն իրականում կարիքավոր է, նպաստառուների շարքում է, բայց ինչ-ինչ հանգամանքներում ստացել է վարկեր: Ոչ թե պետք է նայել՝ վարկ ունի, ու զրկել նպաստից, այլ պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ եկամուտներ ունի: Սոցիալական մարմինները խոշորացույցով ցանկացած նպաստառուի փաստաթղթերը պետք է ուսումնասիրեն և նպաստ ստանալու կամ չստանալու հարցը լուծեն: Նպաստ պետք է ստանան կոնկրետ կարիք ունեցող մարդիկ»:
Անի Կարապետյան