Բաժիններ՝

Կոռուպցիան լուծում է, ոչ թե խնդիր

Կրթության ոլորտում կոռուպցիայի մասին շատ է խոսվում։ Թեև հասարակությունն ընդունում է, որ այլ ոլորտներում կոռուպցիան ավելի մեծ մասշտաբներ ունի, քան կրթության ոլորտում, բայց ակնհայտ է, որ կրթության ոլորտի կոռուպցիան շատ ավելի վտանգավոր է։ Նախ, այն պատճառով, որ կրթությունն առնչվում է հասարակության մեծ հատվածի հետ։ Սովորողների թիվը Հայաստանում գերազանցում է 500 հազարը։ Սա նշանակում է, որ մեր երկրում ընտանիքների գերակշիռ մասն առնչվում է կրթության ոլորտի հետ։ Երկրորդ, կրթության ոլորտում կոռուպցիայի առկայությունը մեծ հարված է հասցնում երկրի ապագային, քանի որ դպրոցն առաջին հանրային հաստատությունն է, որին առնչվում են երեխաները։ Եվ շատ բան կախված է դպրոցի դրվածքից։

Երկար տարիներ կոռուպցիան դիտարկվել է՝ որպես շատ վտանգավոր երևույթ։ Կոռուպցիայի նկատմամբ նման վերաբերմունքը հանգեցրել է նաև սխալ ընկալումների։ Օրինակ՝ Հայաստանում կա տեսակետ, որ կոռուպցիան Հայաստանում առկա խնդիրների պատճառն է, և, եթե մենք վերացնենք կամ նվազեցնենք այն, ապա իրավիճակը կբարելավվի։ Իրականում կոռուպցիան խնդիր չէ։ Այն առկա խնդիրներին առաջարկվող արատավոր լուծում է, որը հարցերն արագ ու հեշտ լուծելու ճանապարհ է։

Օրինակ՝ մեր կրթության բովանդակությունը լավը չէ։ Երեխան էլ չի ուզում սովորել, չարչարվել։ Հետևաբար՝ կարելի է կաշառքի միջոցով հեշտ ճանապարհով լուծել դրական թվանշանի խնդիրը։ Այս օրինակից պարզ երևում է, որ կոռուպցիան լուծում է, ոչ թե խնդիր։ Մեկ այլ օրինակ։ Կրթության ոլորտի աշխատողների աշխատավարձը ցածր է։

Մարդիկ սոցիալական խնդիր ունեն։ Եվ աշխատավարձի ցածր լինելու խնդիրը լուծում են կոռուպցիայի միջոցով։ Սա նշանակում է, որ պարզապես կոռուպցիայի վերացումը կամ նվազեցումը չի կարող իրավիճակը բարելավել։ Հակառակը, որոշ դեպքերում այն կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ։

Օրինակ՝ տարիներ առաջ Հայաստանի բուհերի ընդունելության քննությունների ժամանակ կային կոռուպցիոն լուրջ երևույթներ։ Նույնիսկ եղան մի քանի բացահայտումներ։ Բայց այդ տարիներին դիմորդները շատ լուրջ պատրաստվում էին ընդունելության քննություններին, որպեսզի մրցույթից դուրս չմնան։ Որոշ ժամանակ անց, շրջանավարտների թվի նվազման արդյունքում, ինչպես նաև օտարերկրյա բուհեր դիմողների թվի ավելացման արդյունքում, հայաստանյան բուհերի դիմորդների թիվը նվազեց։ Սա բերեց կոռուպցիոն երևույթների նվազման, քանի որ բուհ ընդունվելը հեշտացավ։ Նվազեցին կոռուպցիոն ռիսկերը, բայց դրա արդյունքում կրթության որակը չլավացավ։

Հակառակը, քանի որ բուհ ընդունվելը հեշտացավ, մրցակցությունը թուլացավ, շատ դիմորդներ այլևս սկսեցին լրջորեն չպատրաստվել ընդունելության քննություններին, քանի որ այլևս մրցույթից դուրս մնացողներ չկան, և բոլորն ընդունվում են։ Բուհերն էլ նվազեցրեցին ընդունելության քննությունների թիվը, որոշ ֆակուլտետներում նույնիսկ քննությունները վերացան։ Այսինքն՝ կոռուպցիոն երևույթների նվազումը բերեց լարվածության նվազման, ինչն էլ բերեց նրան, որ 7.5 միավոր ստացած դիմորդին ընդունում են, իսկ անբավարար թվանշան ստացած դիմորդներին խնդրում են, որպեսզի գոնե դիմեն հեռակա բաժիններ։

Ուրեմն, եթե մենք ուզում ենք, որ կոռուպցիայի նվազեցումը դրական ազդեցություն ունենա կրթության համակարգի զարգացման վրա, ապա պետք է առաջարկենք լուծումներ, որոնք կփոխարինեն կոռուպցիային։ Օրինակ՝ եթե այսուհետ դպրոցների ուսուցիչների ընտրության հարցում, ազգականներին որոշ հաստիքների վրա ձևակերպելու հարցում և մի շարք այլ հարցերում չեն լինելու կոռուպցիոն երևույթներ, ապա դրա փոխարեն ի՞նչ է լինելու։ Արդյո՞ք բարձրացվելու են աշխատավարձերը։

Արդյո՞ք առաջարկվելու են աշխատանքի խրախուսման նյութական և ոչ նյութական մեխանիզմներ։ Եթե չբարձրացվեն աշխատավարձերը կամ չառաջարկվեն խրախուսման այլ մեխանիզմներ, ապա լավագույն մասնագետները լքելու են համակարգը։ Սա էլ նշանակում է, որ կրթության որակն էլ ավելի է ընկնելու։

Եթե կոռուպցիան վերացնում ես, ապա դրա տեղը մի բանով պարտավոր ես լրացնել։ Եթե դու ուսուցչին ասում ես՝ նվեր չպետք է վերցնես, քննություն չպետք է վերցնես, աշակերտի հետ լրացուցիչ չպիտի պարապես ու պետք է ստանաս ամսական 60-80 հազար միջին աշխատավարձ՝ մինչև տեսնենք՝ ինչ է լինելու, ապա սա բերելու է նրան, որ ուսուցիչ հիմնականում աշխատելու են այն մարդիկ, ովքեր այլ աշխատանք չեն գտնելու։ Եթե 400-600 հազար աշխատավարձ ստացող, տարվա մեջ մի քանի անգամ գործուղման մեկնող պաշտոնյան բողոքում է իր աշխատավարձից, ապա ուսուցիչն ի՞նչ անի։

Կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարելուն զուգընթաց՝ Կրթության և գիտության նախարարությունն այս փուլում պետք է փորձի համակարգի մարդկանց ոգևորել նոր տեսլականով։ Մարդիկ կարող են որոշ ժամանակ ազնիվ աշխատել, եթե իրենց մատուցվի արժեքային և գաղափարական մի համակարգ, որը միտված է բարձրացնելու կրթության հանրային հեղինակությունը։

Եթե մենք ունենանք գաղափարազուրկ, կիսատ-պռատ կրթական համակարգ, ապա այն լինելու է վանող, և ծնողները, կառավարիչները նախընտրելու են խնդիրները լուծել կոռուպցիոն ճանապարհով։ Կարճ ասած, կրթությունը դառնալու է փող աշխատելու դաշտ որոշ խորամանկների համար։ Եթե նախարարությունը կարողանա կրթության ոլորտը դարձնել մի տեղ, որտեղ քննարկվեն գաղափարական հարցեր, ապա մեջտեղ կգան նաև այն մարդիկ, ովքեր գաղափարական են և պատրաստ են ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որում սովորողը կցանկանա սովորել, ոչ թե փող վճարել չսովորելու համար։ Եթե չկա գաղափար, ապա մարդիկ մտածում են միայն փող աշխատելու մասին, և կրթության համակարգը հայտնվում է կոռուպցիայի ճիրաններում։

Այսպիսով, նախարարությունը պետք է խնդիրների ինքնատիպ լուծումներ առաջարկի, որպեսզի բարձրանա համակարգի արդյունավետությունը, և դրանով իսկ կոռուպցիան՝ որպես խնդիրներ լուծելու արատավոր եղանակ, աստիճանաբար դուրս մղվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս