Բաժիններ՝

Մարզպետարանում հերքում են, որ գյուղապետերից 50.000-ական դրամ են հավաքել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ մարզի պաշտոններ զբաղեցնող կանանց համար միջոցառում է կազմակերպել՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում: Կանանց միամսյակի տոնի հրավերը մարզում ոչ բոլորն են ստացել, իսկ նրանք, ովքեր մարզպետի հրավերի պատվին արժանացել են՝ նախապես զգուշացվել են, որ պարտադիր ներկա գտնվեն:

Ի դեպ, այս հարկադրանքը հատուկ նշված է  եղել  հրավիրատոմսերում:

Մարզպետ Գարիկ Սարգսյանն իր նախաձեռնության համար որոշել է նյութական ծախսեր չանել, մարզպետարանի աշխատակազմում էլ հաստատեցին, որ միջոցառման համար հաշվապահությունից գումարներ դուրս չեն գրվել:

Երեկույթի տրամադրությունն ապահովել են մարզի մշակութային օջախների սաները: Իսկ մեկական վարդերը, որ մարզպետի անունից նվիրել են հրավիրյալներին, 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, որոշ գյուղապետերից մարզպետարանի պահանջով հավաքված 50.000-ական դրամներով են գնվել: Մի քանի համայնքների ղեկավարների շրջանում փորձեցինք հարցումների միջոցով տեղեկությունը ճշտել, սակայն ոմանք մերժում էին՝ հարցերը գրավոր պահանջելով, մի քանիսն էլ հայտնեցին, որ միջոցառման մասին անգամ տեղյակ չեն պահվել, իրենց աշխատակիցներից էլ հրավեր ստացողներ չկան:

Մարզպետ Գարիկ Սարգսյանն ավանդաբար չի պատասխանում 168.am-ի զանգերին, որպեսզի տեղեկությունն անձամբ իրենից ճշտեինք: Իսկ մարզպետարանի մի շարք աշխատակիցներ հարցը լսելուն պես անջատում էին հեռախոսը: Միակը, ով ավելի ուշ համաձայնեց պատասխանել մեր հարցին՝ մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանն էր, ով նաև միջոցառման գլխավոր կազմակերպիչն է եղել: Նա սկզբում ասաց, որ տեղյակ չէ, թե ումից են փող պահանջել և ում հրահանգով, իսկ հետո հերքեց՝ ասելով, որ ինքն անձամբ միջոցառման կազմակերպչական հարցերում էկոնոմ ռեժիմով է իր հաշվարկներն արել, իսկ վարդերը, որ մարզպետի կողմից բաժանվել են տիկնանց, իրենց մտերիմներից մեկն է իր ջերմոցից հավաքել ու հենց այնպես տվել, որ բաժանեն:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս