«Ակցիզային հարկի թանկացման առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է». Բաբկեն Թունյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կիսում է տնտեսվարողների մտահոգությունները՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման հետևանքների մասին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բ.Թունյանը նշեց, որ ակցիզային հարկի թանկացման առողջապահական հիմնավորումը շատ վիճահարույց է:
«Ստացվում է, որ, եթե մենք շաքարի փոխարեն՝ շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է՝ շաքար պարունակող ավելի վնասակար ինչ-որ խմիչք դուրս մնա ակցիզային հարկից, և միայն գազավորվածը մտնի ակցիզային հարկի տակ: Դա առողջապահական հիմնավորում չունի: Իսկ փոքր ու միջին բիզնեսի առումով՝ համաձայն եմ, որ այն բացասաբար է անդրադառնալու, քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ՝ 30 դրամ՝ լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Օրինակ՝ 100 դրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է՝ 30%, 200 դրամանոցի համար՝ 15%, և տոկոսային հարաբերակցությամբ համեմատելիս՝ ստացվում է, որ շուկայում խոշորները կարող են կլանել փոքրերին»,- ասաց Բ.Թունյանը:
Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումներ կլինեն, բոլոր կողմերին կլսեն, բայց այսօր այդ ոլորտի ներկայացուցիչները պետք է հանդիպեին կառավարությունում, և գուցե մինչև ԱԺ գալը հարցն արդեն լուծում ստանա:
Բ.Թունյանը չմանրամասնեց, թե Հարկային օրենսգրքի նախագծում այլ խնդրահարույց ինչ կետեր կան՝ նշելով, որ E-draft հարթակում ներկայացված նախագիծը կրկին փոփոխությունների է ենթարկվել, և նոր տարբերակին ինքը դեռ չի հասցրել ծանոթանալ:
Անդրադառնալով գրավատների պետական տուրքը 60 անգամ կամ 6000 %-ով (100 հազար դրամից՝ 6 մլն դրամ) բարձրացնելու հարցին՝ Բ.Թունյանը նշեց, որ կառավարությունը մատնացույց է անում, որ այդ գումարն ի սկզբանե 20 տարի փոփոխության չի ենթարկվել, և ժամանակն է, որ վերանայվի: Սակայն, ըստ Թունյանի, Հայաստանում կա 200-ից ավելի փոխանակման կետ և 120-130 գրավատուն, որտեղ աշխատում է 2-3 հոգի, և ծանրաբեռնվածության մեծացումը նրանց համար խնդիրներ է ստեղծելու: Հարցին՝ խելամի՞տ է տուրքի այդչափ ավելացումը, Բ.Թունյանը պատասխանեց. «Կքննարկենք, երկու կողմին կլսենք, կորոշենք»:
Նա նկատեց, որ խորհրդարանում ոչինչ չի բացառվում, և չի նշանակում, որ ինչ օրենք կառավարությունը բերի, նույն կերպ ընդունվելու է ԱԺ-ի կողմից: