«Մինսկի խմբի վերջին հայտարարությունը բխում էր տխրահռչակ մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից». Դավիթ Ջամալյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությունը հայաստանյան փորձագիտական շրջանակների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում, ոմանց կարծիքով՝ այն որևէ նորություն չի պարունակում՝ բանակցային գործընթացը նույն ձևաչափով շարունակելու տեսանկյունից, ոմանց համար էլ՝ դրանով Մինսկի խումբը հստակ նշել է, որ Արցախը չի կարող մասնակցել բանակցություններին, ավելին, չի հիշատակվում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածություների մասին, ինչը հայկական կողմի համար մեծագույն բացթողում է։
Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների և սպասվող Փաշինյան-Ալիև առանց օրակագի հանդիպման շուրջ 168.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։
– Պարոն Ջամալյան շատ խոսվեց Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին, Ձեր կարծիքով՝ այն նախորդ հայտարարություններից ինչո՞վ էր տարբերվում, վտանգ կա՞ այդ հայտարարության մեջ։
– Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բխում էր տխրահռչակ մադրիդյան սկզբունքների տրամաբանությունից։ Իսկ մադրիդյան սկզբունքները կոնֆլիկտագեն են, քանզի, ըստ էության, իրենցից ներկայացնում են Արցախի փուլային վերադարձ Ադրբեջանին, և ահա թե ինչու։ Այդ սկզբունքների կյանքի կոչման հենց սկզբնական փուլից հետո, երբ Ադրբեջանը ստանա Արցախի հարավը, և ըստ այդմ՝ ռազմավարական առավելություն ստանա մեր հանդեպ, մի ինչ-որ պատրվակով պաշտոնական Բաքուն կընդհատի բանակցությունները։ Եվ գուցե ոչ անմիջապես հետո, գուցե մի որոշ ժամանակ անց, բայց անխուսափելիորեն կվերսկսվեն լայնամասշտաբ ռազմագործողությունները։
Հակառակորդը չի վարանի օգտվել հարմար հնարավորությունից, այն է՝ Արցախի մի մասը «սկուտեղի վրա» ստանալուց հետո ուժով վերցնել մնացած մասը։ Ընդ որում, հարվածի թիրախում կհայտնվի ոչ միայն Արցախի մնացած հատվածը, այլև Սյունիքը, քանզի կստեղծվի բացառիկ պատմական հնարավորություն տարածականորեն կապել Նախիջևանն Ադրբեջանին։ Եվ բնավ պատահական, չէ, որ, ինչպես ասում է Բելառուսի նախագահը, ՀՀ երրորդ նախագահը մերժել է տարածքային զիջումներ ենթադրող տարաբնույթ առաջարկները։ Մադրիդյան սկզբունքները մեծ պատերազմի նախերգանքն են, ըստ այդմ՝ մեզ համար անընդունելի, ուստի, վաղ թե ուշ պետք է բեկանվեն։
Փաստորեն, առկա է բացահայտ ճնշում պաշտոնական Երևանի վրա։ Միջազգային դիվանագիտական պրակտիկան հուշում է, որ ճնշում են բանեցնում այն կողմի վրա, որն ընկալվում է առավել խոցելի։ Եվ քանի որ խոսքը վերաբերում է հայոց պետականության համար կենսական նշանակություն ունեցող հարցին՝ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքներին տեր կանգնելուն, ապա այդ ճնշմանը պետք է դիմադրենք ազգովի։
Կցանկանայի հատկապես ընդգծել՝ տվյալ դեպքում չկա ճնշում Փաշինյանի իշխանության վրա, առկա է ճնշում մեր պետականության վրա։ Այստեղ տեղին է շեշտել հետևյալը՝ ինքս կտրականապես դեմ եմ երկրորդ և երրորդ նախագահների վաստակը սևացնելուն, Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, Սեյրան Օհանյանի նման ռազմական-պետական գործչի անունը կասկածելի տպավորություն թողնող իրավական գործընթացներում ներառելուն, Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ետ կանչելուն, հասարակությունը սև-սպիտակի բաժանելուն, ինչի հետևանքով թուլանում է թե՛ իշխանությունը, թե՛ պետականությունը։ Սակայն չի կարելի չնկատել, որ ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումները ճշգրիտ են։
ՀՀ վարչապետի, ապա նաև՝ ԱԱԾ տնօրենի հստակ հայտարարություններն առ այն, որ հայկական կողմը բացառում է տարածքային զիջումները, բառի բուն իմաստով պետականամետ են և անայլընտրանքային․ այլընտրանքը հայրենիքի մի մասի կորուստն է, ապա՝ մեծ պատերազմը։
Ուստի՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այլ լինել չի կարող սկզբունքորեն։ Բնականաբար, հակառակորդի արձագանքը լինելու է սահմանին լարվածություն ստեղծելը, ինչին պետք է պատրաստ լինենք, և ինչը չպետք է մեզանում դառնա ներքաղաքական շահարկման առարկա, վարչապետին ցավոտ հարվածելու առիթ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպես ենք վերաբերվում նոր իշխանությանը, տվյալ հարցում ազգովի պետք է պինդ պահենք վարչապետի թիկունքը․ բանակցությունների գնալիս նա պետք է զգա համազգային աջակցությունը՝ վճռականորեն մերժելու տարածքային զիջումների կործանարար սցենարը։
– Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունների հետ կապված՝ հնչում են կարծիքներ, որ այն աննախադեպ է, և պետք է ամեն պահի հայկական զինուժը պատրաստ լինի ցանկացած սցենարի։ Այս զորավարժությունները հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու միտո՞ւմ ունեն, թե՞ կա այլ սցենար։ Արդյո՞ք Մինսկի խմբի հայտարությունների և այս զորավարժությունների համատեքստում է ՀՀ իշխանությունների կողմից Արցախում հրավիրվել Անվտանգության խորհրդի նիստ։
– Ադրբեջանի ԶՈՒ զորավարժությունները, անշուշտ, ունեն մեզ վրա ճնշում բանեցնելու, Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ուժի ցուցադրության ենթատեքստը։ Սկզբունքորեն նոր ոչինչ չկա՝ հայտնի հնարք է՝ բազմիցս բանեցված Բաքվի կողմից, ընդ որում՝ ապարդյուն, քանզի ՀՀ նախկին ղեկավարությունը, ինչպես հայտնի է, երբեք տեղի չի տվել նման հնարքների։ Նշեմ, որ Արցախում նման իրավիճակներում համարժեք գործելու հարուստ փորձ կա, և տվյալ դեպքում շատ կարևոր է, որպեսզի վարչապետ Փաշինյանը հաշվի առնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գնահատականներն իրավիճակի հնարավոր զարգացումների և անհրաժեշտ հակընդդեմ քայլերի վերաբերյալ։ Այդ դեպքում անհանգստության պատճառ չի լինի։
Այդ առումով, անշուշտ, ճիշտ է Անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելը։ Ի դեպ, մենք նկատում ենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Փաշինյանի միջև պառակտում մտցնելու անթաքույց փորձեր որոշ արտաքին դերակատարների կողմից, ինչը չի կարելի թույլ տալ։ Թուրքին հաղթելու հարուստ փորձով հմտացած արցախյան զինվորականությունը, և հատկապես՝ գեներալիտետը, պետք է հենարան լինի իշխանության համար։ Այս առումով նույնպես կարևոր եմ համարում Անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելը։
Զուտ ռազմական առումով այս զորավարժությունները մեզ անակնկալի բերել չեն կարող, քանզի հակառակորդի զորավարժությունների ժամանակ Արցախի ՊԲ ստորաբաժանումները բերվում են պատրաստականության բարձր մակարդակի։ Եվ հետո, շնորհիվ դեռևս 2015-ին մեկնարկած աշխատանքների, որոնք կոորդինացնում է գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, հակառակորդի ողջ մոտակա թիկունքը դիտարկվում է։ Ընդ որում, Արցախի պետական սահմանը տեսադիտարկման սարքերով կահավորելու այս աշխատանքները միայն մասամբ են ֆինանսավորվում պետական միջոցներից։ Արդյունքում՝ հակառակորդի ողջ շարժն այժմ վերահսկվում է։
– Սպասվում է Փաշինյան-Ալիև առանց օրակարգի հանդիպում, ի՞նչ սպասել այդ հանդիպումից։
– Փաշինյան-Ալիև հանդիպումը կարևոր է զուտ այն առումով, որ ՀՀ վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հարաբերվելու փորձ է ձեռք բերում, ճանաչում նրան դեմ առ դեմ, կենդանի շփման մեջ։ Սա իսկապես կարևոր է, քանզի «կիրթ մարդու» կերպարով ներկայանում է մեկը, ով հնարամտորեն փորձելու է մոլորեցնել, ցանկալին կորզել։ Ահա այդ՝ բարեկրթությամբ քողարկված խարդավանքներին դիմակայելու փորձառությունը շատ կարևոր է։ Որևէ այլ գործնական արդյունք այս հանդիպումներից ակնկալել պետք չէ։
Զվարթ Խաչատրյան