«Պետական համակարգի աշխատողները պետության թշնամիները չեն, որ այդ մարդկանց ճակատագրերի հետ խաղան». Կառավարման փորձագետ
Մարտի 7-ին գործադիրի հերթական նիստում հավանության արժանացավ կառավարության կառուցվածքի մասին նախագիծը։ Ըստ նախագածի՝ 17 նախարարություններից գործելու է 12-ը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները։
Կառավարության կառուցվածքի փոփոխության շուրջ 168.am-ը զրուցեց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ
– Պարոն Անտինյան, ի սկզբանե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում: Այս դեպքում արդյո՞ք օպտիմալացումը կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու լավագույն տարբերակն էր։
– Օպտիմալ կառավարումը նվազագույն մարդկային և ֆինանսական ռեսուրսներով առավելագույն արդյունք ունենալն է։ Սա առանցքային խնդիր է պետական կառավարման համակարգի համար, որովհետև փաստենք, որ մեր հասարակության կյանքի կառավարման կազմակերպման դեռևս բավականին մեծ ոլորտներ պետության կառավարման ներքո են։ Կառավարման արդյունավետությունից ուղղակիորեն կախված է կյանքի որակը։ Օպտիմալացումը ենթադրում է տարբեր գործիքների կիրառում, այն գործիքակազմը, որը ներկայումս կիրառվում է և պատրաստվում է կիրառվել, ըստ էության՝ վիրահատական գործիքակազմ է։ Այսինքն՝ նախարարությունների կրճատման մեխանիզմով են պատրաստվում արդյունավետությունը բարձրացնել։ Բայց մինչև որևէ վիրահատական գործիքի կիրառումը, նախ՝ պետք է ունենանք հստակ ախտորոշում, թե մեր արդյունավետությունը որտեղից է գալիս, քանի որ անարդյունավետության պատճառները կարող են տարբեր լինել։
Կարող է լինել անարդյունավետություն՝ կապված կառուցվածքի հետ, որի պարագայում, այո՛, պետք է փոխել կառուցվածքը, իրականացնել միավորումներ կամ տարանջատումներ, վերացնել լրացուցիչ ստորաբաժանումները, և այլն։ Բայց այդ անարդյունավետության պատճառը կարող է լինել ֆունկցիոնալ, այսինքն՝ կառույցը կա, բայց այն սխալ է գործում, պետք է հստակ ախտորոշում անել, թե տվյալ դեպքում որն է կառավարման համակարգի անարդյունավետ գործունեության պատճառը, որից հետո միայն անցնեն գործիքի կիրառմանը։
Չէ՞ որ հիվանդությունն ախտորոշում են, որից հետո սկսում բուժել։ Այս պահին մենք ունենք միայն հիվանդության երևարկում, հիվանդությունն ի հայտ է եկել, որ համակարգն անարդյունավետ է գործում, բայց ախտորոշված չեն այդ անարդյունավետության պատճառները։ Ուումնասիրություն չի արվել որևէ կոնկրետ նախարարությունում՝պարզելու, օրինակ, որ տվյալ նախարարությունում որևէ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ է 10 հոգի, սակայն այժմ կա 15 հոգի։ Ըստ կառավարման աքսիոմի՝ գործառույթների ծավալն է որոշում կառուցվածքը, նախ պետք է հասկանանք, թե մեր առջև ի՞նչ խնդիր ենք դրել, գործառույթների ի՞նչ ծավալ է անհրաժեշտ դրանց իրագործման համար, և մարդկային ու ֆինանսական ի՞նչ ռեսուրսներ են պետք։ Դրանից հետո միայն կհասկանանք՝ կառավարման անարդյունավետությունն ունի ինստիտուցիոնա՞լ հիմք, թե՞ ընդամենը ֆունկցիոնալ խնդիր է։ Կարծես թե մենք գնում ենք հակառակ ճանապարհով, ասում ենք՝ բերեք ֆիքսենք նախարարությունների թիվը, այնուհետև տեսնենք մեր նախարարությունների գործառույթները։ Սա կառավարման տրամաբանությանը հակառակ գործելաոճ է։
– Այս դեպքում, եթե չկան Ձեր նշած վերլուծություններն ու քայլերը, կառավարման համակարգում որոշ ժամանակ անց ի՞նչ խնդիրների ենք բախվելու։
– Մենք կարող ենք ունենալ տարբեր կառավարչական կոլապսներ։ Դիցուք, միավորում ենք նախարարություններ, այնուհետև հասկանալու, թե այդ սուպերնախարարությունների ներսում ինչպես ենք բաշխելու գործառույթները, ենթադրենք՝ հետագայում այդ գործառույթների իրականացման ընթացքում տեսանք, որ ռեսուրսները չեն բավարարում, ի՞նչ պետք է անենք, նորից տարանջատելո՞ւ ենք։ Կամ՝ միավորում ենք նախարարություններ և խաթարում տվյալ ոլորտային կամ ճյուղային գերատեսչության ռազմավարական խնդիրների իրագործումը, չէ՞ որ մենք ունենք ճյուղային, ոլորտային խնդրներ։ Այսինքն՝ խաթարում ենք պետության միասնական քաղաքականությունն ու ռազմավարությունն այդ ոլորտում, հետո ի՞նչ ենք անելու։ Կամ՝ միավորումից հետո հանկարծ պարզվեց, որ գործառույթների ինչ-որ ծավալ լիարժեք չի կատարվում, քանի որ չի արվել ուսումնասիրություն այդ ծավալի համար անհրաժեշտ մարդկային ռեսուրսների քանակ ապահովելու համար։
Պետք է սկզբից ուսումնասիրել, հասկանալ՝ մենք ի՞նչ ենք ուզում անել, որից հետո հասկանալ խնդրի լուծման համար անհրաժեշտ միջոցների քանակությունը և դրանից բխեցնել կառուցվածքը, սա է կառավարման տրամաբանությունը։
– Իսկ որքանո՞վ է տրամաբանական, օրինակ՝ Գյուղնախարարությունը միավորել Էկոնոմիկայի նախարության, մշակույթը՝ սպորտի, Կրթության ու գիտության նախարության հետ, և այլն: Տվյալ ոլորտների արդյունավետությունը բարձրացնելու առումով արդյո՞ք դրանք համընկնում են միմյանց հետ։
– Խնդիրը դրանց համընկելու մեջ չէ, այլ այն է, թե պետությունը տվյալ ոլորտում իրականացնելո՞ւ է առանձին արտաքին, ոլորտային և ճյուղային քաղաքականություն, թե՞ ոչ։ Միավորում են Գյուղատնտեսության և Էկոնոմիկայի նախարարությունները, մի նախարարությունը ճյուղային է, մյուսը՝ ֆունկցիոնալ: Այո՛, այստեղ մենք, իրոք, ունենք կառավարչական խնդիր, ինչպե՞ս են ճյուղային նախարարությունը միավորում ֆունկցիոնալի հետ։ Կամ՝ մշակույթը միավորում են Սպորտի, Կրթության և գիտության նախարարության հետ, առանց այդ էլ Կրթության նախարությունն ահռելի նախարարություն է, որի ներքո գործում են շուրջ 2500 ՊՈԱԿ-ներ, այդ թվում՝ հանրակրթական դպրոցները, բուհական ու ակադեմիական համակարգերը։
Հարց՝ մենք ուզո՞ւմ ենք կառավարման համակարգը պարզեցնել, օպտիմալացնել և բերել ավելի դինամիկ և ակտիվ կառավարման։ Այդ ոլորտները միավորելով մեկ բյուրոկրատական ապարատի մեջ՝ արդյունքում ստեղծվելու է մեկ մեծ բյուրակրատական ապարատ, արդյո՞ք այն արդյունավետ ու արագ կաշխատի, կամ՝ կատարելո՞ւ է իր կառավարչական գործառույթները, թե՞ ունենալու ենք փաստաթղթերի լճացում, փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ, սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեին մինչև որոշում կայացնելը, թե ինչ եղանակով են պատրաստվում նման խնդիրները լուծել։
– Շատ է խոսվում օպտիմալացման անհրաժեշտության մասին, սակայն չի խոսվում, թե դրա արդյունքում գործազուրկի կարգավիճակում հայտնված մարդկանց աշխատանքի հարցն ինչպես է լուծվելու։ Չկա՞ն մտավախություններ, որ գործազուրկների մեծ թվով աչքի ընկնող Հայաստանում այդ ճգնաժամը կարող է ավելի խորանալ։
– Իրապես խնդիրը երկու կողմ ունի, մենք խոսեցինք կառավարման արդյունավետությունից, սակայն խնդիրն ունի շատ կարևոր սոցիալական կողմ, այսինքն՝ այդ մարդկանց աշխատանքի և սոցիալական խնդիրների լուծման հարցը, թե նրանք ինչպես են շարունակելու լուծելու աշխատանքի հարցը՝ օպտիմալացման արդյունքում այն կորցնելուց հետո։ Որևէ կասկած չկա, որ պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու որակավորում ունեցող մասնագետներ։ Քանի որ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են ապահովել այդ համակարգի արդյունավետ աշխատանքը։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե այդ խնդիրի լուծումն ինչ այլընտրանքներ պետք է ստեղծի աշխատանքը կորցնողների համար։
Կարծում եմ՝ այստեղ էլ պետությունը պետք է որոշակի վերաորակավորումների ծրագրեր առաջարկի այդ մարդկանց համար, որպեսզի նրանք կարողանան աշխատանք գտնել։ Քանի որ այն վիրահատական միջամտությունը, որն արվում է, և այն կտրուկ փոփոխությունները, որոնք նախատեսված են համակարգում՝ կարող է գործ ունենալ մարդկային բազմաթիվ ճակատագրերի հետ, և այստեղ էլ պետք է այլընտրանքներ փնտրել և առաջարկել մարդկանց, որպեսզի ցավոտ չլինեն այդ անցումները։ Պետական համակարգը պետք է մրցունակ լինի՝ մասնավոր սեկտորի հետ համեմատած։
– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասել է, որ Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն հանրային քննարկման արդյունքում, կառավարության կառուցվածքի հետ կապված քննարկումներ չեն եղել, գուցե եղե՞լ են փակ քննարկումներ, որոնց, որպես կառավարման փորձագետ՝ մասնակցել եք։
– Ինքս չեմ մասնակցել, թեև հարցազրույցներում իմ պատրաստակամությունը հայտնել եմ՝ քննարկումներին մասնակցելու և մասնագիտական խորհրդատվություններ տալու առումով։
Կարծում եմ՝ այստեղ պետք է լինեն երկու դաշտի ներկայացուցիչներ՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ շահառուների կարծիքը պետք է հաշվի առնեն, գոնե նրանց պետք է լսեն, թե ինչ առաջարկներ ունեն։
Վերջապես պետական համակարգի աշխատողները պետության թշնամիները չեն, որ նրանց հանկարծակիի բերելով՝ փորձեն ինչ-որ խնդիրներ լուծել և այդ մարդկանց ճակատագրերի հետ խաղալ։ Մարդկանց պետք է նախապատրաստել, առաջարկել այլընտրանքներ, լսել մասնագիտական կարծիքներ։ Բարեփոխումները դրսից չեն անում, պետք է ներս թափանցել յուրաքանչյուր նախարարություն, վարչություն՝ հասկանալու համար, թե այնտեղ կրկնվող գործառույթներ կա՞ն, պետք է ներսից խնդիրներին ծանոթանալ, և այս հարցում նույն պետական ծառայողները կարող են օգտակար լինել։
Զվարթ Խաչատրյան