Փորձագետները ներկայացրել են զենք արտահանող խոշորագույն երկրները
Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) մարտի 11-ին նոր զեկույց է հրապարակել զենքի համաշխարհային առեւտրի վերաբերյալ: Դրանում նշվում է, որ 2014-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում այդ բնագավառում հիմնական արտահանողներն են մնացել ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, թեեւ ՌԴ-ի զենքի վաճառքների ծավալը նախորդ հնգամյակի (2009-2013) համեմատությամբ նվազել է 17 տոկոսով:
SIPRI-ի նոր զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն, 2014-2018 թվականներին զենքի վաճառքների համաշխարհային ծավալը նախորդ հնգամյա ժամանակաշրջանի (2009-2013) համեմատությամբ ավելացել է 7,8 տոկոսով: Ամենախոշոր մատակարարներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Ֆրանսիային եւ Գերմանիային, բաժին է ընկել ընդհանուր ծավալի 75 տոկոսը, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միագումար բաժինը կազմում է 57 տոկոս:
Եթե 2009-2013 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում ՌԴ-ի կողմից զենքի վաճառքների ծավալը կազմել է համաշխարհային ծավալի 27 տոկոսը, ապա 2014-2018 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 21 տոկոս: Ռուսաստանի արտահանման կրճատումը մասնակիորեն բացատրվում է Հնդկաստանին եւ Վենեսուելային մատակարարումների նվազեցմամբ, որոնք երկար ժամանակ հանդիսանում էին ռուսական զենքի հիմնական գնորդները:
Ինստիտուտի տվյալներով՝ անցած հնգամյակում Ռուսաստանը սպառազինություն է մատակարարել 48 երկրի: Ընդհանուր ծավալի 55 տոկոսը բաժին է ընկել Հնդկաստանին, Չինաստանին եւ Ալժիրին: Մերձավոր Արեւելք մատակարարումների ծավալը 2014-2018 թվականներին աճել է 19 տոկոսով: Ռուսական զենքի գլխավոր ստացողներն էին Եգիպտոսը եւ Իրաքը՝ համապատասխանաբար 46 տոկոս եւ 36 տոկոս: Ընդ որում՝ 2009-2013 թվականների համեմատությամբ վերջին հնգամյակում Իրաքին վաճառքներն ավելացել են 780 տոկոսով, Եգիպտոսին՝ 150 տոկոսով:
Համապատասխան ժամանակաշրջանում ԱՄՆ-ն իր վաճառքներն ավելացրել Է 29 տոկոսով, իսկ գլոբալ մասշտաբով նրա բաժինը 30 տոկոսից աճել է մինչեւ 36 տոկոս: Մեծացել է նաեւ խզումը առաջատար արտահանողների ծավալների միջեւ: Այսպես, հիմնական սպառազինությունների ամերիկյան վաճառքները 2014-2018 թվականներին ռուսականին գերազանցել են 75 տոկոսով այն դեպքում, երբ 2009-2013 թվականներին գերազանցումը կազմում էր միայն 12 տոկոս: Վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի մատակարարումների 52 տոկոսն իրականացվել է Մերձավոր Արեւելքի երկրներ:
«ԱՄՆ-ն Էլ ավելի է ամրապնդել իր դիրքը որպես սպառազինությունների համաշխարհային առաջատար մատակարար: Վերջին հինգ տարում Միացյալ Նահանգները զենք է վաճառել առնվազն 98 երկրի: Մատակարարումները հաճախ ներառել են բարձրտեխնոլոգիական զենք, ինչպես, օրինակ, մարտական ինքնաթիռներ, թեւավոր եւ գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռներ, ինչպես նաեւ կառավարվող ռումբերի մեծ խմբաքանակներ»,-նշում Է SIPRI-ի սպառազինությունների եւ ռազմական ծախսերի ծրագրի տնօրեն Օդ Ֆլյորանը:
Ֆրանսիան եւ Գերմանիան 2014-2018 թվականներին իրենց վաճառքներն ավելացրել են համապատասխանաբար՝ 43 տոկոսով եւ 13 տոկոսով: Իսկ անցած հնգամյակում Եվրամիության երկրների ռազմական արտահանման ընդհանուր ծավալը կազմել է համաշխարհային ծավալի 27 տոկոսը:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա, եթե 2009-2013 թվականին զենքի նրա մատակարարումներն ավելացել էին ամբողջ 195 տոկոսով, ապա հաջորդ հնգամյա շրջանում՝ միայն 2,7 տոկոս: Ավելի մանր արտահանողները՝ Իսրայելը, Հարավային Կորեան եւ Թուրքիան, իրենց ծավալներն ավելացրել են համաապատասխանաբար՝ 60 տոկոսով, 94 տոկոսով եւ 170 տոկոսով:
Սպառազինություններ ներմուծողների թվում առաջին տեղն զբաղեցնում է Սաուդյան Արաբիան, որը վերջին հնգամյակում գնումների ծավալը նախորդի համեմատությամբ ավելացրել է 192 տոկոսով: Եգիպտոսը՝ երկրորդ խոշորագույն ներմուծողը, 206 տոկոս աճ է արձանագրել, Իսրայելը՝ 354 տոկոս, Կատարը՝ 225 տոկոս, Իրաքը՝ 139 տոկոս այն դեպքում, երբ սիրիական գնումների ծավալը նվազել է 87 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: