Կառավարությունն իրեն դրել է փակուղու առաջ
Հայտարարելով պետական կառավարման համակարգում օպտիմալացման լայնածավալ ծրագիր իրականացնելու մասին` կառավարությունն իրեն դրել է փակուղու առաջ։ Մի կողմից՝ չի ուզում ցույց տալ, որ հրաժարվում է այդ գաղափարից, մյուս կողմից` վախենում է սոցիալական բունտ առաջացնելու վտանգից։
Փաստն այն է, որ երկու դեպքում էլ կառավարությունը հայտնվելու է տուժողի կարգավիճակում. օպտիմալացումից հրաժարվելու դեպքում կորցնում է հասարակության այն հատվածի վստահությունը, որն ակնկալում էր կառավարման ուռճացված ապարատի կրճատում և համակարգից նախկին կոռումպացվածների վտարում, օպտիմալացնելու դեպքում ավելացնում է սոցիալական լարվածությունն ու դժգոհողների բանակը։
Այս իրավիճակը կառավարությանը կանգնեցրել է երկընտրանքի առջև։ Պատահական չէ, որ վարչապետն ու կառավարության անդամներն այլևս նախկին էնտուզիազմով և բացահայտ չեն խոսում կրճատումների մասին։ Բայց և չեն ուզում տպավորություն ստեղծել, թե հրաժարվում են դրանից։
Զգուշանալով հասարակության շրջանում առկա տրամադրություններից և կրճատումների հնարավոր բացասական հետևանքներից` կառավարությունը որոշել է այս փուլում շատ չծավալվել այդ թեմայով։ Բայց դա չի նշանակում, թե օպտիմալացման գործընթացը կանգ է առել։ Ներքին խմորումները շարունակվում են։ Դրա վկայություններից մեկն էլ վերջերս զանգվածային լրատվամիջոցներում հայտնված 10 հազար քաղաքացիների կրճատման նախապատրաստելու մասին կառավարության երկու առանցքային դեմքերի` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի գրությունն էր` ուղղված վարչապետին։
Պարզվում է, մեծ բան չէ, եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայող դառնա գործազուրկ, կամ այդքան մարդ տուժի։ Կարևորը՝ դրանից շահելու է պետությունը։
Շահելո՞ւ է պետությունը, թե՞ ոչ, դեռ մեծ հարց է։ Իսկ ինչո՞վ են զբաղվելու այդ մարդիկ` փողոցում հայտնվելու դեպքում։ Հատկապես որ, նրանց մեծ մասը` աշխատելով պետական կառավարման համակարգում, հազիվհազ լուծում է առօրյա հացի խնդիրը։ Կասկած չկա, որ վաղը նրանք, ուզած թե չուզած, համալրելու են սոցիալապես անապահով զանգվածի շարքերը։ Եթե կառավարությունը կարծում է, որ այս մարդկանց փողոց նետելով` նրանց դարձնելու է գործարար, ապա չարաչար սխալվում է։
Բիզնեսով զբաղվելու համար նախ և առաջ անհրաժեշտ են ազատ ֆինանսական միջոցներ, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը չունի։ Բանկային կապիտալով բիզնես անելու հեռանկարները Հայաստանում խիստ մշուշոտ են։ Դրանց ռիսկերն այնքան բարձր են, որ ամեն վայրկյան կարող են մարդուն կանգնեցնել փաստի առջև։
Անգամ դա հաշվի չառնելու դեպքում` Հայաստանում դժվար է բիզնես գործունեություն սկսելը։ Դաշտը ոչ միայն խիստ սահմանափակ է, այլև՝ գրեթե ամբողջությամբ զբաղված։
Այս պայմաններում մարդկանց այլ բան չի մնում, քան համալրել այն 200-250 հազար գործազուրկների բանակը, որոնք կան Հայաստանում։
Երկրորդ տարբերակը երկիրը լքելն է։ Գուցե հենց դա էլ ուզո՞ւմ է կառավարությունը, երբ առանց պայմաններ ստեղծելու՝ պատրաստ է ևս մի քանի հազար քաղաքացու գործազուրկ դարձնել։ Հակառակ պարագայում՝ դրան գնալուց առաջ պետական պաշտոնյաները հավանաբար կմտածեին նաև, թե այդ քայլով ինչպիսի վնաս են տալիս պետությանը։
Հատկապես որ, օպտիմալացումից չի շահելու նույնիսկ պետական բյուջեն։ Ազատված գումարներով կառավարությունը մտադիր է ավելացնել աշխատավարձերը` ցույց տալու, որ կատարել է իր տված խոստումը։
Որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտություն է, կասկած չկա։ Բայց դա չպետք է արվի մեկ հարվածով հազարավոր մարդկանց գործազուրկ դարձնելու ճանապարհով, որքան էլ այդ մարդկանց աշխատանքի արդյունքը գուցե թե կառավարությանը չի բավարարում։ Օպտիմալացումը գործընթաց է, որ պետք է տեղի ունենա՝ տնտեսության ակտիվացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը զուգահեռ։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում։ Տնտեսությունը կիսակենդան վիճակում է։ Իրական հատվածում ընդհանրապես ակտիվություն չկա։ Աճի այն ցուցանիշները, որոնք գրանցում է պետական վիճակագրությունը, բոլորովին էլ տնտեսական արդյունք ստեղծող հատվածների հաշվին չեն։
Ու դեռ հարց է՝ մյուս հատվածներում իրականում աճ կա՞, թե՞ դա էլ պայմանավորված է ստվերային շրջանառությունների կրճատումով։
Այնպիսի տնտեսական պայմաններում, երբ չկան գործարար ծրագրեր, և չեն ստեղծվում նոր աշխատատեղեր, դժվար է խոսել մարդկանց աշխատանքով ապահովելու մասին։ Եթե անգամ օպտիմալացվող աշխատողների ինչ-որ մասը գործ գտնի մասնավորում, դա, բնականաբար, լինելու է այլ քաղաքացիների հաշվին։
Այնպես որ, մարդկանց փողոց գցելուց առաջ հարկավոր է մտածել նոր աշխատատեղեր բացելու և այլընտրանք առաջարկելու մասին։ Այս պահին չկա այդ այլընտրանքը։
Պատահական չէ, որ կառավարությունում քիչ չեն նաև լայնածավալ օպտիմալացման գնալու հակառակորդները։ Թեև նրանց անհանգստացնում է ոչ այնքան օպտիմալացվողների ճակատագիրը, որքան դրա հնարավոր հետևանքները։
Խոսքը, մասնավորապես, սոցիալական դժգոհությունների նոր ալիք արթնացնելու մասին է։ Ի վերջո, պետական կառավարման համակարգում ընդգրկված բազմաթիվ քաղաքացիներ հավատացին Նիկոլ Փաշինյանին և իշխանափոխության օրերին կանգնեցին նրա կողքին` լավ ապրելու ակնկալիքով։ Այնինչ հիմա զրկվում են աշխատանքից և կանգնելու են առօրյա հացի խնդիր լուծելու փաստի առաջ։ Սա լինելու է լուրջ հարված` ի պատասխան նոր իշխանությունների նկատմամբ նրանց մոտ ձևավորված դրական սպասումների։
Պատրա՞ստ է կառավարությունն իր վրա վերցնել այդ հարվածը, թե՞ ոչ, շուտով պարզ կդառնա։ Ցանկացած պարագայում նրան լուրջ փորձություն է սպասվում։ Թերևս դա է պատճառը, որ վերջինս առայժմ չի կողմնորոշվում իր անելիքների մեջ։ Կառավարության կառուցվածքի ձևավորումը շատ երկար է ձգվում։ Հասկանալի է, որ դա ուղղակիորեն կապված է օպտիմալացման այն սցենարի հետ, որը տևական ժամանակ մտմտում է կառավարությունը։ Բայց առայժմ չի համարձակվում գնալ կտրուկ քայլերի` վախենալով, որ դա կարող է սոցիալական բունտի պատճառ դառնալ։
Առավել ևս, որ կառավարությունն այդպես էլ չի կարողանում արդարացնել հասարակության այն սպասումները, որոնք ձևավորվել էին իշխանափոխության օրերին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ