«Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ այնտեղ գտնվեն մեծ թվով միջազգային դիտորդներ». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար ղեկավար Թևան Պողոսյանի խոսքով՝ մինչև Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները մեկ տարի ժամանակ կա, որի ընթացքում մարդիկ արտահայտում են իրենց ցանկությունները։
«Արցախում հասարակությունն ասում է, որ ցանկանում են ունենալ ազատ ու արդար ընտրություններ, որտեղ տարբեր քաղաքական միավորումները կպայքարեն, և հանրությունը նրանց կտա իր քվեն։ Եթե այս ցանկությունը կա, ապա այստեղ գալիս է երկրորդ խնդիրը, թե ինչ է դրա համար անհրաժեշտ։ Որպեսզի Հայաստանը կարողանա ապացուցել, որ անցկացրել է ազատ ու արդար ընտրություններ, սովորաբար հրավիրում է միջազգային դիտորդների, Արցախում էլ են գալիս, բայց փոքր թվով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին։
Ըստ նրա, Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի Արցախի նախագահական ընտրությունների ժամանակ այնտեղ գտնվեն մեծ թվով միջազգային դիտորդներ, և միայն այս հարցը պետք է լինի Հայաստանի օրակարգում, իսկ մյուս գործառույթներն արդեն վերապահված են արցախայությանը։
«Երբ վերջնական հաստատվեն այն ուժերի անունները, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին, կցանկանայի, որ գային Երևան, միասնական քննարկեին իրենց ապագա ծրագրերը, Հայաստանից այնտեղ նույնպես այցեր լինեն, լրատվամիջոցներ գնան և տեղում սկսեն աշխատել»,- շեշտեց Թևան Պողոսյանը։
Նա հույս հայտնեց, որ Արցախում 2020 թվականի նախագահական ընտրությունները կլինեն թափանցիկ, միջազգային նորմերով ամրագրված, որը միջազգային հանրության մոտ չի առաջացնի որևէ կարծիք։
Զվարթ Խաչատրյան