Տիմոշենկոն գրավոր կերպով պարտավորվեց Դոնբասն ու Ղրիմը վերադարձնել Ուկրաինայի հսկողության ներքո
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պարտավորագիր է ստորագրել, որում խոստացել է պետության ղեկավարի ընտրություններում հաղթելու դեպքում «Դոնբասն ու Ղրիմը վերադարձնել» Կիեւի հսկողության ներքո, տեղեկացնում է հանդեսը: Ուկրաինայում նախագահի ընտրությունները նշանակված են մարտի 31-ին: Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է 43 թեկնածու:
Սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Տիմոշենկոն վերջին ամիսների ընթացքում նախագահական վարկանիշի առաջատարն էր, սակայն հունվարին շոումեն Վլադիմիր Զելենսկին նրանից առաջ անցավ նախագահական մրցավազքում: Պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը մոտավորապես 20 տոկոս է:
«Ես իմ ստորագրությունն եմ դնում այս պարտավորագրի վրա: Եթե ես չկատարեմ իմ պարտավորությունը, նախագահի պաշտոնից ազատվելու դիմում կգրեմ ու կհեռանամ:Դոնբասն ու Ղրիմը պետք է վերադարձվեն»,-հայտարարել է Տիմոշենկոն մամուլի ասուլիսում: Նա նաեւ խոստացել է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, այդ թվում՝ չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը, սահմանել երիտասարդության անվճար կրթություն եւ երիտասարդ ընտանիքներին ապահովել ցածրատոկոս վարկերով:
Բացի այդ, Տիմոշենկոն խոստանում է քաղաքացիների եկամուտները բարձրացնել «մինչեւ Լեհաստանի մակարդակ», եւ զինվորականների աշխատավարձերը «դարձնել մեկուկես անգամ ավելի բարձր, քան միջին եկամուտները երկրում»: Բացի այդ, քաղաքական գործիչը խոստացել է «վերացնել» օլիգարխիական պլանները, կոռուպցիան, ինչպես նաեւ թույլ չտալ կոռումպացված չինովնիկների մեկնումը երկրից: Նա հորդորել է մյուս թեկնածուներին՝ համանման պարտավորագրեր ստորագրել իրենց նախընտրական խոստումների վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: