«Արցախի վերադարձը բանակցություններին ֆորմատի փոփոխություն չի». Շավարշ Քոչարյան

«Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Տվյալ պարագայում խնդիրը կայանում է նրանում, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է, որպեսզի դա չլինի, որովհետև այն պահից, երբ ԼՂՀ-ն՝ որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցության սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզաչական մեքենայի, այսպես ասած, մեխը քանդվելու է: Սա է պատճառը, և բնական է, Բաքուն դիմադրելու է:

Մենք պետք է հետևողական լինենք, այդ թվում՝ միջազգային հանրությունը, որ դա պարտադրվի Ադրբեջանին, որովհետև անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններին չի մասնակցում հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը: Իսկ հիմնական հակամարտողները Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը ներքաշված կողմ է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ի՞նչ դիրքորոշում ունեն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի թեզի կապակցությամբ։

Յոհանես Հանի հայտարարության վերաբերյալ, թե բանակցային ֆորմատը չպետք է փոխվի, Շ.Քոչարյանը նշեց, որ ֆորմատը տարբեր ձևեր կարող է ունենալ, օրինակ՝ Ադրբեջանը ուզում է, որ ՄԽ համանախագահների ֆորմատը փոխվի, ինչին դեմ է Հայաստանը, իսկ բանակցություններին Արցախի վերադարձը ֆորմատի փոփոխություն չէ. «ՄԽ համանախագահները միշտ հաշվի են նստել Ստեփանակերտի կարծիքի հետ, եղել են նաև այցեր։ Խոսքը վերաբերում է նրան, որ դա լինի ոչ թե անուղղակի, միջնորդավորված, այլ որ ուղղակի մասնակցի։ Մեր տեսակետով՝ դա ֆորմատի փոփոխություն չի»։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման օրակարգի մասին Փաշինյանը խոսել է, ավելին ասել այս պահին հնարավոր չի։ Նա վստահեցրեց, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս