«Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու». Ադրբեջանագետը զգուշացնում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը երկրում որպես գերի գտնվող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին փետրվարի 27-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը, ով ՄԻԵԴ-ում Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչն է, նոր գանգատ է ներկայացնելու Եվրոպական դատարան՝ Կարեն Ղազարյանի հանդեպ իրականացված, այսպես կոչված, դատավարության վերաբերյալ:

«Հիմնականում նշել ենք այն մտահոգությունները, որոնք ունենք: Ընդգծել ենք, որ անձը, ով առանց արտաքին աշխարհի հետ կապի՝ գտնվում է կալանքի տակ, խախտվել է նրա ազատության և արդար դատաքննության իրավունքը: Ադրբեջանում Կարեն Ղազարյանի  շուրջ լեգենդ են ստեղծել և կեղծ քրեական գործ հարուցել, և եթե թույլ տան շփվել ծնողների, արտաքին աշխարհի հետ, այդ լեգենդը կփլվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Ղազարյանը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի խոսքով էլ՝ պարզ էր, որ Կարեն Ղազարյանը պետք էր Ալիևի վարչակարգին, որպեսզի ունենա խաղաքարտ՝ Արցախում գտնվող իր երկու դատված դիվերսանտներին փոխանակելու համար:

«Բավականին բարդ իրավիճակ է, և կարծում եմ, որ Ադրբեջանը կրկին մարդկանց առևանգելու փորձեր է անելու: Նախկինում նման դեպքեր եղել են. մտավոր խնդիր ունեցող անձանց Ադրբեջանը առևանգել է, ապա ներկայացրել՝ որպես ահաբեկիչ, դիվերսանտ: Ցավոք, այս պրակտիկան Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են այնքան, մինչև հասնեն իրենց ուզածին: Շատ ուշադիր պետք է լինեն սահմանամերձ գյուղերի բնակիչները: Ինչ վերաբերում է Կարեն Ղազարյանին, ապա ողջ և, ամենակարևորը, առողջ պետք է կարողանանք հետ բերել: Սա նուրբ հարց է, չափից շատ աղմուկն ու ճնշումը կարող է վնասել, դրա համար ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի»,- նշեց Անժելա Էլիբեգովան:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով 2018թ. հուլիսի 15-ին հայտնվել էր ադրբեջանական տարածքում:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս