Ոստիկանները բացահայտել են Հնաբերդ համայնքի ղեկավարի ապօրինությունները
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ:
Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին հատկացվել է շուրջ 76.300.000 դրամ արժողության 23 անուն գյուղատնտեսական տեխնիկա, ինչի 20 տոկոսը՝ շուրջ 15.260.000 դրամը պետք է վճարվեր կոոպերատիվի միջոցներից:
Հնաբերդ համայնքնի ղեկավարը, իր եղբոր տնօրինությամբ գործող սպառողական կոոպերատիվին նյութական օժանդակություն ցուցաբերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ, պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին հրահանգել է կազմել համայնքի ավագանու նիստերի կեղծ արձանագրություններ և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում մտցնել ակնհայտ կեղծ գրառումներ այն մասին, թե իբր 2015 թվականի հունիսի 3-ին կայացել է համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում որոշվել է համայնքի բյուջեից 8.000.000 դրամ հատկացնել «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ մաս-մաս վերադարձնելու կամ ձեռք բերված տեխնիկայով համայնքին մատչելի գներով ծառայություններ մատուցելու պայմանով:
Ավագանու նիստի կեղծ արձանագրության հիման վրա համայնքապետարանի և սպառողական կոոպերատիվի միջև կնքվել է համաֆինանսավորման պայմանագիր և համայնքի 2015 թվականի բյուջեից նույն թվականի հունիսի 29-ին և հուլիսի 30-ին համապատասխանաբար՝ 5.400.000 և 2.600.000 դրամ գումար է փոխանցվել կոոպերատիվի հաշվեհամարին գյուղտեխնիկա ձեռքբերելու նպատակով: Մինչ օրս սպառողական կոոպերատիվի կողմից համայնքին գումար չի վերադարձվել կամ որևէ կերպ չի փոխհատուցվել, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Պաշտոնատար անձի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու և շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-ր մասի՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, և 314-րդ հոդվածի՝ Պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է: