«Անիմաստ էր սպասել, որ վարչապետն անուններ կհրապարակի». Ինչու վարչապետն «օտարերկրյա գործակալների» մասին խոսեց Իրանում

Փետրվարի 27-ին Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է մերժվեն այն քաղաքական գործիչները, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան քաղաքական գործիչներ։ Սակայն վարչապետը կոնկրետ անուններ չէր նշել։

Վարչապետի այս հայտարարությանն անդրադարձել էր Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը վարչապետից պահանջել էր, որպեսզի հրապարակի այն օտարերկրյա գործակալների անունները, որոնք Հայաստանում զբաղված են պետականաքանդ գործունեությամբ։

Անդրադառնալով վարչապետի Իրանում հնչեցրած այս հայտարարությանը, 168.am-ը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ վարչապետն իր այս հայտարարությունն արեց Իրանում, ինչո՞ւ անուններ չհրապարակեց, և հնարավո՞ր է, որ վարչապետին տվել են այդ օտարերկրյա գործակալների ցուցակը։

«Ոչինչ բացառել հնարավոր չէ, որքան էլ Իրանը քիչ է հիշատակվում տարածաշրջանային կամ հզոր տերությունների շարքում, բայց այն շատ լուրջ երկիր է՝ իր բոլոր կառույցներով ու ծառայություններով։ Բնականաբար, ամեն ինչի մասին, ինչ կատարվում է աշխարհում, այնտեղ կարող են տեղեկանալ։ Այնպես որ, ոչինչ հնարավոր չէ բացառել։ Նույնիսկ, եթե որևէ լրացուցիչ տեղեկություն չեն տրամադրել, կարծում եմ՝ կարող էր հասցեագրված լինել հենց Իրանի իշխանություններին։ Քանի որ, երբ մենք խոսում ենք գործակալների մասին, հասկանում ենք, որ դրանք կարող են այլ երկրների շահերը ներկայացնող քաղաքական գործիչներ լինել մեր դաշտում, որոնց ձեռնտու չէ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը, և ցույց տալ, որ մեր իշխանությունները դա գիտակցում են և պատրաստ են այդ խնդիրներով հանդերձ՝ զարգացնել  հարաբերություններն Իրանի հետ։ Այս առումով, կարծում եմ՝ սա կարևոր էր այնտեղ ներկայացնելը։ Կարծում եմ, քանի որ հենց այդ խնդիրն էր այնտեղ լուծում Նիկոլ Փաշինյանը, անուններն այստեղ կարևոր չեն»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ այն մարդիկ, որոնց նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, հայկական համայնապատկերի մաս են կազմում, որոնց հետ Կառավարությունը, «Իմ քայլը», Նիկոլ Փաշինյանը ունեն որոշակի հարաբերություններ, և  այսօր բոլորովին ժամանակը չէ գնալ այդ հարաբերությունների սրացման ու առճակատման։

«Անիմաստ էր սպասել, որ վարչապետն անուններ կհրապարակի, անիմաստ է պահանջել նաև, որպեսզի նա ներկայացնի այդ անունները: Ուղերձն ուներ կոնկրետ նպատակ, այն իր դերակատարությունը խաղաց, և անուններն այստեղ որևէ նշանակություն չունեն»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս