«Երբ 1996թ. վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել ՀՀ արտաքին հետախուզությունը». Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել է լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացման արարողությանը։
«Ես բախտ եմ ունեցել Գոհար և Գևորգ Վարդանյաններին անձնապես ճանաչելու, մենք բարեկամներ ենք»,-իր խոսքում ասել է Հանրապետության նախագահը: – «Երկար տարիներ Գոհարը և մայրս Թեհրանում ընկերուհիներ էին: Եվ երբ 1996 թվականին ես վարչապետ էի, Գևորգ Վարդանյանի հետ շատ էի խորհրդակցում, թե ինչպես կատարելագործել և կատարյալ վիճակի բերել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզությունը:
Հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, այլև՝ աշխարհի լավագույն հետախույզները: Գոհար և Գևորգ Վարդանյաններն ապացուցել են դա: Իհարկե, հետախույզի աշխատանքը շատ բարդ աշխատանք է, և անհատը, ով դրանով զբաղվում է, պետք է ունենա բազմաթիվ որակներ: Նա պետք է փայլուն վերլուծաբան լինի, հոյակապ և ուժեղ կամքի տեր, պետք է մեկը լինի, ով կկարողանա կառավարել իր զգացումները, մարդկային տեսակի շատ լավ գնահատող լինի, այսինքն՝ դիմացի մարդուն կարողանա գնահատել և այլն: Բայց ամենակարևորը՝ պետք է լինի հայրենասեր, քանի որ չես կարող փողով կամ ուրիշ որակներով լինել հետախույզ: Պետք է բացարձակապես նվիրված լինես:
Ժամանակին Ազնավուրն ասել էր, որ ինքը 100 տոկոս հայ է և 100 տոկոս ֆրանսիացի: Իմ ճանաչած Գոհար և Գևորգ Վարդանյանները մարդիկ են, ովքեր 100 տոկոս հայ էին և 100 տոկոս ռուս: Հայ-ռուսական հարաբերությունները միշտ էլ կառուցվել են ոչ միայն ընդհանրապես մարդկային, պատմական հարաբերությունների, պատմության վրա, այլ նաև առանձին անհատների կյանքի վրա՝ լինի այդ անհատը Հովհաննես Այվազովսկին կամ Հովհաննես Բաղրամյանը, Վիկտոր Համբարձումյանը, թե Գևորգ և Գոհար Վարդանյանները:
Վարդանյանները փայլուն մարդիկ են: Ձեզ մի պարզ օրինակ պատմեմ: Տարիներ առաջ, երբ ես Մեծ Բրիտանիայում էի, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ BBC-ն ֆիլմ կնկարահանի Վարդանյանների, Գևորգ Վարդանյանի և մանավանդ այն պատմության մասին, որը կապված է իրենց վարչապետի՝ Չերչիլի հետ: Ես ծրագիրը կազմակերպող բարերարն էի: Չերչիլի թոռնիկը՝ Սելիա Սանդերսը մեկնեց Մոսկվա՝ հանդիպելու Գևորգ Վարդանյանի հետ: Իմ կողմից միայն մեկ պայման կար՝ ես ձեզ աջակցում եմ, բայց երբ հանդիպեք, պետք է հայկական կոնյակ խմեք և բրիտանական ու ռուսական հեռուստատեսության առաջ հաստատեք, որ Չերչիլը սիրում էր հայկական կոնյակ: Սելիա Սանդերսը գնաց, այցելեց, հանդիպեց Գևորգ Վարդանյանին և վերադարձավ: Հետո հանդիպեցինք, հարցրեցի՝ ինչպիսին է տպավորությունը, ասաց, որ սիրահարված է:
Մեկ ու կես ժամում Չերչիլի թոռնուհին սիրահարվել էր Գևորգ Վարդանյանին: Սա խոսում էր Գևորգ Վարդանյան անձի, հզոր մարդու, խելացի ինտելեկտուալ մարդու որակների մասին»։
Հենց բուհի լսարանից նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում բնակվող՝ Գոհար Վարդանյանի հետ.
«Գոհար Լևոնովնա, հիմա կանգնած եմ Բրյուսովի համալսարանի այն գեղեցիկ սենյակում, որը կրելու է քո և Գևորգի անունը: Շնորհավորում եմ»,- ասել է նախագահը: – «Այս գեղեցիկ սենյակը ձեր երկուսի՝ լեգենդար, շատ ջերմ մարդկանց անունն է կրելու: Այստեղ ուսանողները սովորելու են և հիշելու ձեզ: Այստեղ էկրան կա, որտեղ բազմաթիվ լուսանկարներ են ցուցադրվում: Լուսանկարների մեծ մասին ծանոթ եմ, քանի որ Ձեր տանը տեսել եմ: Բայց ամեն անգամ նայելիս հիշողություններ են արթնանում: Քեզ առողջություն: Հաջորդ անգամ երբ լինեմ Մոսկվայում, կհանդիպենք, կխոսենք, ինչպես նախորդ անգամ»։