Հնդկաստանն «ահավոր հետևանքներով» է սպառնում Պակիստանին Քաշմիրի գնդակոծման համար. NDTV
Հնդկաստանը Պակիստանից պահանջել է անհապաղ դադարեցնել վիճելի Քաշմիրի՝ Նյու Դելիի վերահսկողության տակ գտնվող տարածքի գնդակոծումները, որոնց հետեւանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես մարտի 7-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, հնդկական կողմը հայտարարել է, որ գնդակոծումների ու սադրանքների շարունակումը «ահավոր հետեւանքներ» կունենա պակիստանյան կողմի համար։
Ըստ այդ տվյալների՝ երկու երկրների բանակային հրամանատարության ներկայացուցիչները զրույց են անցկացրել արտակարգ կապի համակարգով, որի ընթացքում Հնդկաստանը պահանջել է դադարեցնել Վերահսկման գծի գոտուց խաղաղ քաղաքացիների գնդակոծումները: Ավելի վաղ Նյու Դելին մի քանի անգամ Պակիստանին մեղադրել է Քաշմիրի գնդակոծումների մեջ՝ հրետանու եւ ականանետների կիրառմամբ:
Դրա հետեւանքով, հնդկական կողմի տվյալներով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է առնվազն չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա: Ի պատասխան Իսլամաբադը հնդկական կողմին մեղադրել է «չհրահրված գնդակոծումներ» մեջ: NDTV-ի աղբյուրները նաեւ հայտնել են, որ Պակիստանը լրացուցիչ զորքեր ու մարտական տեխնիկա է ծավալում Վերահսկման գծի երկայնքով, որը բաժանում է վիճելի Քաշմիրը: Ըստ այդ տեղեկատվության՝ Իսլամաբադը այնտեղ ստորաբաժանումներ է փոխադրում Աֆղանստանի հետ սահմանից:
Հնդկաստանի եւ Պակիստանի հարաբերություններում ճգնաժամը կտրուկ սրվել է փետրվարի 14-ին, երբ մահապարտը Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի հյուսիսային նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մերձակայքում: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, ըստ Նյու Դելիի տեղեկատվության, գործում է Պակիստանում: Ահաբեկչական գործողության զոհ է դարձել 45 մարդ: Հնդկաստանի Պակիստանին մեղադրել է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքել է որպես «անապացույց», հաղորդել է ՏԱՍՍ-ը: