Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Փաշինյանը կրկին խոսել է թավշյա հեղափոխության մասին
Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավարտել է իր ելույթը և հարցուպատասխանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Նշենք, որ Փաշինյանի ելույթը սկսվել է կիսադատարկ սրահում, տևել մոտ 1 ժամ։ Իր ներածական խոսքում նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ այդ շարժումը վերնախավի դեմ շարժում էր։ Հատուկ անդրադարձ է կատարել ԱԺ արտահերթ ընտրություններին, անդրադարձել նաև այն հանգամանքին, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը տեկտոնիկ փոփոխությունների չի ենթարկվելու։ Հայաստանի խնդիրների մասին խոսելիս նա առանձնացրել է աղքատությունը, շեշտել, որ այլևս չկան տնտեսական մենաշնորհներ, խոսել կրթական և հարկային բարեփոխումների մասին։
Նա նշել է, որ արմատախիլ են արել համակարգային կոռուպցիան և որ այսօր անհրաժեշտություն կա տնտեսական հեղափոխության։
Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին՝ գովեստով է խոսել դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ և նրանց ջանքերով ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին, կարևորել այդ համաձայնագրի իրականացումը, և ավելացրել, որ ՀՀ նոր կառավարությունը պատրաստակամ է և վճռական է այն իրականացնելու համար։ Նաև խոսել է համաձայնագրի վերջնական ավարտական վավերացման ռադիֆիկացիայի մասին, աջակցություն խնդրել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հետ կապված հարցում։
Նա ասել է նաև, որ ակնկալում է ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը, թվարկել աշխարհաքաղաքական ռիսկերը։ Անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանի՝ չափից ավելի զինված լինելուն, Հայաստանի փակ սահմաններին, Իրանի դեմ սանկցիաներին, որոնք նույնպես ազդում են Հայաստանի վրա։
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը՝ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը բարձր է գնահատել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրականացնի ազատ ինքնորոշման իր իրավունքը։
Խոսելով տարածաշրջանի խնդիրների մասին, նա ասել է, որ Հարավային Կովկասին անհրաժեշտ է վստահություն, համերաշխություն, հանդուրժողականութուն։
Հնչել են բազմաթիվ հարցեր, որոնց Նիկոլ Փաշինյանը, սակայն, անդրադարձել է իր հայեցողությամբ։ Մասնավորապես, խոսելով Ռուսաստանի մասին, նա ասել է, որ Ռուսաստանը մնալու է ՀՀ ռազմավարական գործընկերը, որի հետ հարաբերությունները պայմանավորված են ինչպես ԵԱՏՄ անդամ լինելով, այնպես էլ անվտանգության և էներգետիկ համագործակցության խնդիրներով։ Էներգետիկ համագործակցության հարցում ընգծել է նաև Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները։
Փաշինյանը խուսափել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կմիանա միջազգային քրեական դատարանին։ Նա նաև ասել է, որ թեև ինքը չի միջամտում ՀՀ դատական համակարգին, հայտնի կոռուպցիոն սկանդալներով դատական գործերին, բայց վստահ չէ, որ դատական իշխանությունը անկախ է և չի ենթարկվում նախորդ իշխանությունների թաքուն հրահանգներին։
Նա ասել է նաև, որ դեռ անցյալ տարի Ազգային ժողովում աննախադեպ ելույթ է ունեցել ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ կապված, որի ընթացքում ասել է, որ երկարաժամկետ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Փաշինյանն իր ելույթում նաև ասել է, որ ի պատասխան իր քայլերի, սպասում է համապատասխան քայլ նաև Ադրբեջանի նախագահի կողմից, սակայն առայժմ բացի սպառնալիքներից ոչինչ չենք լսել։ Եվ Ադրբեջանին պետք է բերել կառուցողական երկխոսության դաշտ։