«Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրն ամփոփելիս՝ Արցախից 1500 հոգի էին եկել Հանրապետության հրապարակ, հիմա ի՞նչ, դրա հետևում Արցախի իշխանություննե՞րն էին կանգնած»
Փետրվարի 26-ին կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց հայահավաք՝ ուղղված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի դեմ, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է քննարկումների կիզակետում։ Կինոռեժիսորի նպատակն էր, որպեսզի հայահավաքի ընթացքում հայությունը մեկընդմիշտ իր «ոչ»-ն ասեր նման թեզերին։
Հայահավաքից հետո ֆեյսբուքում բազմաթիվ քննադատություններ հնչեցին Ա. Զաքարյանի հասցեին, նրան մեղադրեցին կեղծ օրակարգ հրապարակ բերելու մեջ՝ նշելով, որ ՀՀ վարչապետն արդեն հայտարարել է, որ նման օրակարգ չի քննարկվելու։ Քննադատողները նաև նշում էին, որ հայահավաքին ավտոբուսներով եկել են Արցախից, և ենթադրում էին, որ այս ամենի ետևում կանգնած են Արցախի իշխանությունները և Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
168.am-ի հետ զրույցում Արշակ Զաքարյանն ասաց, որ իր ասածները խեղաթյուրել են, քանի որ ինքը չի ասել, թե հայահավաք է անում «հողեր հանձնելու» դեմ։
«Ֆեյսբուքյան իմ ուղիղի եթերի ժամանակ ասել եմ, որ այդ թեզը, որը պարբերաբար դրվում է շրջանառության մեջ, պետք է մեր օրակարգից մեկընդմիշտ դուրս գա։ Թեզը, որը հնչել է հայահավաքի ընթացքում, այն է, որ «արցախցին ես եմ՝ որոշողը ես եմ», սա հնչեցրել ենք այն պատճառով, որ չի կարելի ասել, որ Արցախի հարցն արցախցին պետք է որոշի։ Արցախի հարցն ի սկզբանե եղել է ազգային հարց, և ազգովի պետք է այդ հարցը լուծենք։
Մենք օրինակներ շատ ենք բերել, որ գյումրեցին չի կարող միայնակ լուծել Գյումրիի ճակատագիրը, լոռեցին չի կարող Լոռվա ճակատագիրը որոշել, և այլն։ Հայահավաքի ընթացքում մենք չենք որոշել՝ ովքեր պետք է գան, ովքեր պետք է խոսեն, որ մեզ էլ մեղադրում են, թե այնտեղ տեսել են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, Դավիթ Շահնազարյանին, այնտեղ փաստորեն եղել են ՔՊ-ականներ, որոնք եկել են նկարվելու և հետագայում այդ նկարներն օգտագործելու և «ձեռք առնելու» համար։ Եթե մարդը հայ է և եկել է հայահավաքի՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, մենք արգելք չենք դրել։
Հայահավաքին տեսել եմ Զարուհի Փոստանջյանին, որի որևէ ասածի հետ երբեք չեմ համաձայնել, բայց ես իրավունք ունե՞մ ասելու, թե նա ինչու է եկել։ Եղել են մարդիկ, որոնք ժամանակին իմ մասին իրենց ֆեյսբուքյան էջերում տարբեր բաներ են գրել, բայց ես իրավունք չունեմ նրանց արգելել՝ հանրահավաքին չգալու համար։ Խոսքը եղել է միայն «հողերը հանձնելու» մասին խոսակցություններին վերջ դնելուն, որպեսզի այդ մասին այլևս չխոսեն»,- ասաց կինոռեժիսորը։
Նրա խոսքով՝ հայահավաքի օրակարգում ընդհանուր Արցախի խնդիրն էր, կար նաև սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը, քանի որ տեսնելով, որ իշխանությունները պատրաստվում են Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել, իսկ սումգայիթյան զոհերինը՝ ոչ, ուստի որոշել են ամբողջ հայության անունից հայահավաքի ընթացքում ծաղիկներ խոնարհել նրանց հիշատակին։ Սակայն մեկ օր հետո նկատել են, որ խոնարհված ծաղիկները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից անհետացել են։
«Հարգանքներս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը որպես իշխանության ներկայացուցիչ՝ հարգեց սումգայիթյան զոհերի հիշատակը, նույնը՝ նաև Արթուր Վանեցյանը, որն այդ քայլն արեց Արցախի Հանրապետությունում»,- նշեց Արշակ Զաքարյանը։
Անդրադառնալով Ստեփանակերտից ավտոբուսներով մարդկանց բերելուն և դրա հետևում Վիգեն Սարգսյանին ու Արցախի իշխանություններին տեսնելուն, Արշակ Զաքարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի օգոստոսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրն ամփոփելիս, Արցախից 1500 հոգի էին եկել Հանրապետության հրապարակ, հիմա ի՞նչ, դրա հետևում Արցախի իշխանություննե՞րն էին կանգնած։
«Արցախից եկել էին մոտ 100 հոգի, նրանցից անչափ շնորհակալ եմ, դրա կազմակերպիչը եղել է «Առաջ Արցախ» կազմակերպությունը, մենք որևէ ավտոբուս չենք տրամադրել, Քարվաճառից միկրոավտոբուսով ուսանողներ են եկել, հենց այն տարածքից, որի պաշտպանության համար մենք հանդես ենք գալիս, որը մենք համարում են հայրենիքի հատված, իսկ որոշները՝ «գրավյալ տարածք»։
Այդ ուսանողները լավ տեղյակ էին, թե ինչու են գալիս Երևան, և մեզ հետո որևէ առնչություն չեն ունեցել, գալը նրանց կամքն է եղել։ Չեմ իմացել՝ նրանք ինչպես են եկել, հետո գիշերով ինչպես են վերադարձել Արցախ։ Նույնիսկ ծիծաղելի է, որ «Ազգային գվարդիան», որը միշտ հանդես է եկել Հանրապետական կուսակցության քաղաքականության դեմ, այսինքն՝ միշտ արձագանքել ենք նրանց սխալներին, կարող էին համագործակցել։ Վիգեն Սարգսյանի հետ էլ, որպես Պաշտպանության նախարար՝ կապված առաջնագծի արդիականացման հետ, համագործակցել ենք, նրանից առաջ եղել է Սեյրան Օհանյանը, որի հետ այս հարցում նույնպես համագործակցել ենք։
Անձամբ գովաբանել եմ Վիգեն Սարգսյանի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Բայց Վիգեն Սարգսյանը ներկայացնում է կուսակցություն, որի հետ մենք ունենք բացարձակապես տարբեր հայացքներ։ Մենք ո՛չ Վիգեն Սարգսյանի, ո՛չ էլ մեկ այլ կուսակցության հետ չենք համագործակցում։ Հայահավաքին ներկա էին նաև Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչները, այդ մարդիկ եկել էին՝ որպես հայեր։ Աբսուրդային, երեխաների ծիծաղն առաջացնող պատճառաբանություններ են ներկայացնում, իրականում իրենց ուղղակի ցավեցնում է այն, որ հայերն ամբողջովին չեն կորցրել իրենց մտածելու ունակությունը, ամեն ինչ հասկանում են և տեր են կանգնում մեր երկրին, ազգային շահին»,- ընդգծեց Արշակ Զաքարյանը։
Խոսելով ապրիլի 2-ին կայանալիք հայահավաքի մասին, որի մեկնարկը, ըստ նրա՝ կտրվի Սոդքում, Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ այն լինելու է առաջին հայահավաքի տրամաբանական շարունակությունը։
«Հանրահավաք են անում մարտի 1-ին, օր, որը մեր ազգային ամոթն է, քանի որ հաջողվեց հային հայի դեմ հանել։ Պետք է գտնել մեղավորներին, նրանց, որոնք կազմակերպեցին հայասպանդը։ Ապրիլի 2-ը հզոր երթի օր է, քանի որ մեր տղաները՝ 18-20 տարեկան, կանգնեցին ու իրենց կյանքը տվեցին սահմաններն անառիկ պահելուն։ Այդ երթը նվիրված է հենց այդ տղաներին։ Երթի ընթացքում անցնելու ենք այն սահմաններով, որոնք նրանք պահեցին։ Պատերազմի ժամանակ էլ կորցրած մեր դիրքերը մի օր հետ են գալու, պատերազմը դեռ չի ավարտվել, մեր կորցրած գյուղերն էլ, Նախիջևանն էլ հետ են գալու»,- եզրափակեց Արշակ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ օրերս կինոռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր հաջորդ հայահավաքի օրը, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին։
Զվարթ Խաչատրյան