
Պակիստանի վարչապետը հրաժարվեց առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը չի հավակնում Խաղաղության Նոբելյան մրցանակի: Համապատասխան հայտարարությունը նա մարտի 4-ին հրապարակել է Twitter-ի իր էջում:
«Ես արժանի չեմ Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այն պետք է ստանա նա, ով Քաշմիրի պատկանելության շուրջ վեճը կլուծի նրա բնակիչների կամքին համապատասխան, ինչպես նաեւ խաղաղության եւ մարդկային ներուժի զարգացման ճանապարհ կհարթի (Հնդկական) ենթատարածաշրջանում»,-հայտարարել է Խանը:
Մարտի 1-ին Իսլամաբադը Նյու Դելիին է հանձնել գերի ընկած հնդիկ օդաչուին, որը Պակիստանի զինվորականների կողմից ձերբակալվել էր, երբ նրա ինքնաթիռը խոցվել էր երկրների միջեւ օդային մարտի ժամանակ: Պակիստանի վարչապետը նրա հանձնումը համարել է «հաշտության քայլ»:
Դրանից հետո Համացանցում Խանի կողմնակիցները հանես են եկել վարչապետին Խաղաղության Նոբելյան մրցանակի անվանակարգելու առաջարկությամբ, իսկ Change.org կայքում կազմվել է համապատասխան հանրագիր: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ միլիտարիզմին հակազդելու վարչապետ Խանի ջանքերն արժանի են միջազգային ճանաչման եւ Նոբելյան մրցանակի»,-ընդգծվում է փաստաթղթում: Ներկայում հանրագիրը հավաքել Է ավելի քան 325 հազար ստորագրություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: