Բաժիններ՝

«Մենք ունենք կենսական շահեր ԵԱՏՄ տարածքի հետ». Տիգրան Խաչատրյան

2018թ. Հայաստանից ընդհանուր 2.4 մլրդ դոլար արտահանումներից մոտ 680 մլն դոլարն իրականացվել է ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նրա՝ եթե ընդհանուրից հանվի հանքահումային արտադրանքը՝ մոտ 800 մլն դոլար, ապա արտահանումների գրեթե կեսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին։ Նա կարևորեց, որ այս ուղղությամբ արտահանվում է պատրաստի արտադրանք։

«Ներմուծման առումով մենք ունենք կենսական շահեր ԵԱՏՄ տարածքի հետ, ընդհանուր ներմուծման մոտ 1/4-ը կամ 1.2 մլրդ ներկրում ենք ԵԱՏՄ երկրներից, այդ թվում՝ էներգակիրներ և լայն սպառման ապրանքներ»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ երրորդ երկրներից ներմուծման ժամանակ մաքսային վճարների հետ կապված Հայաստանի վերցրած արտոնյալ ժամանակահատվածն ավարտված է, և այս տարվա հունվարի 1-ից, օրինակ, ադամանդի ու ոսկու ներմուծման դեպքում կիրառվում է 3%-անոց մաքսատուրք, որը 2020 թ.-ին կդառնա 6%, 2021 թ.-ին՝ 10%՝ ադամանդների, և 9%՝ ոսկե իրերի համար, 2022 թ.-ին՝ 15%՝ ոսկե իրերի համար. «Այդպիսով՝ ավարտվելու է այդ անցումային ժամանակահատվածը, և մենք ունենալու ենք Հայաստանում գործող ԵԱՏՄ կողմից սահմանված ընդհանուր տարիֆային միջակայքը»։

Տ.Խաչատրյանը նշեց, որ տարիֆների բարձրացումը շահավետ կլինի ալմաստ Հայաստան ներիկրող և դեպի ԵԱՏՄ ադամանդ արտահանողների համար, իսկ եվրոպական ուղղությամբ աշխատողների համար՝ ոչ, սակայն տնտեսության օրենքն է, որ հնարավոր չի բոլորը շահեն կամ բոլորը տուժեն. «Քաղաքականության ընտրությունը մեր խնդիրն է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս