«ԱԺ-ում եղած քաղաքական ուժերի միջև տարբերություն չենք տեսնում, նրանց գաղափարական մոտեցումները նույնն են». Զարուհի Փոստանջյան
«Որպեսզի մենք հասկանանք, թե Ազգային ժողովում որ ուժն է ընդդիմություն, պետք է տեսնենք նրանց գործերը, բայց առայժմ մենք չենք տեսել, թե այդ ուժերն ինչ աշխատանք են կատարել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հարցին, թե խորհրդարանում որ ուժին է համարում ընդդիմություն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա՞նը, թե՞ «Լուսավոր Հայաստանին»։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ենթադրում են, որ պետք է հնչեն աշխարհաքաղաքական տեսակետներ, և պետք է լինի հստակ տարբերակված մոտեցում, թե որն է այս կամ այն քաղաքական ուժի դիրքորոշումը, ծրագիրը և գաղափարախոսությունը։
«Չեմ տեսել ծրագիր, գաղափարախոսություն և ընդհանուր դիրքորոշումներ, որոնք հակասում են այն ծրագրին, որը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եթե քաղաքական ուժը նույնն է և ընթանում է նույն ուղիով, որով իշխանությունը, ապա չի կարող լինել ընդդիմություն։ Մենք ԱԺ-ում եղած քաղաքական ուժերի միջև տարբերություն չենք տեսնում, ավելին՝ նրանք ողջունում են միմյանց։ Մեկ անգամ կարող են դեմ քվեարկել ու արտահայտվել, բայց ըստ էության նրանց ծրագրային և գաղափարական մոտեցումները նույնն են»,- նշեց Զարուհի Փոստանջյանը։
Նա նկատեց, որ խորհրդարանում եղած ուժերից մեկը դեռևս մեկ տարի առաջ այն խմբակցության մեջ էր, որն այսօր իշխանության է։ Իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ իշխանափոխությունից հետո եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում:
«Այսինքն՝ նրանք բոլորը նույնն են, նույն գաղափարախոսությամբ և նույն սկզբունքների կրողը։ Նույնիսկ մեկ տարի չի անցել, ինչ միմյանցից բաժանվել են, բայց այդ բաժանումն իրական չէ, այլ ուղղակի ձևական է, իրականում էությամբ նրանք մեկ են»,- եզրափակեց Զարուհի Փոստանջյանը։
Զվարթ Խաչատրյան