Բաժիններ՝

«Պետությունը պետք է աջակցի գյուղացուն, որ նա ոչ թե բռնի արտագաղթի ճանապարհը, այլ տեղում արտադրի»

«Գյուղնախարարությունը Տնտեսական զարգացման նախարարությանը միացնելը սխալ է: Ցանկացած նորմալ երկրում Պաշտպանության նախարարության կողքին առաջին հերթին Գյուղատնտեսության նախարարությունն է: Գյուղնախարարությունը ոչ միայն ապահովում է երկրի պարենային անվտանգությունը, այլև գյուղատնտեսական մթերքների արտահանումը, և այլն: Ուստի մեզ անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտից հասկացող նախարար, ով կկարողանա ճիշտ հիմնավորել նախարարության դերն ու նշանակությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ Գյուղատնտեսության ոլորտն առաջնային ուղղություն դարձնելու համար առաջին հերթին ճիշտ կադրեր պետք է ընտրել:

«Այսօր նայում ենք՝ բոլոր բնագավառներում անգլերենին տիրապետող երիտասարդներ են: Կներեք, առաջնայինը մասնագետ լինելն է: Եթե մասնագետ չեղար՝ ոլորտը չի զարգանա: Տարիներ շարունակ Արարատի մարզում զարգացած է եղել բանջարաբուծությունը՝ հատկապես լոլիկի արտադրությունը: Անգամ տոմատ են արտահանել այլ երկրներ: Հիմա այդ մարզում քիչ են լոլիկ  մշակում, բաց դաշտում՝ (բաց գրունտ) ավելի քիչ, քան ջերմոցներում (փակ գրունտ): Բաց դաշտից անցել են  ջերմոցներին, որովհետև ցեցը բաց դաշտում մեծ վնաս է հասցրել լոլիկին, ինչպես նաև կարտոֆիլին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին, երբ գնաց Արարատի մարզ՝ հանձնարարեց ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր: Անցան այդ ժամանակները, հարցը մոռացության մատնվեց, ու ոչ մի լուծում չգտան: Նույնը՝ նաև Սիսիանում: Գյուղացիներն առաջարկում էին կոլխոզներ ստեղծել: Վարչապետն ասաց՝ կազմակերպեք: Սա էլ մնաց օդի մեջ»,- նկատեց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը նշում է՝ հեղափոխությունը դեռ գյուղոլորտ չի հասել:

«Պետք է մասնագետների հետ նստեին-խոսեին, որի արդյունքում հնարավոր կլիներ դրական փոփոխություններ իրականացնել:

Տարիներ շարունակ սխալ ագրարային քաղաքականություն է իրականացվել, որի հետևանքով հողերի մեծ մասը չեն մշակվել: Մենք հեղափոխություն ենք արել, որ նոր Հայաստան ունենանք, հողերը մշակվեն, և այլն: Եթե Գյուղնախարարությունն օպտիմալացնում են, ո՞վ է այս ամենն անելու: Բերեք ինչ-որ ձևով խցկվածներին, սրա-նրա ծանոթներին հանեք, ովքեր ոչինչ չանելով՝ բյուջեից փող են ստանում, իսկ մասնագետներին թողեք, աշխատավարձն էլ մի քիչ բարձրացրե՛ք»,- հորդորեց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը ցավով է նշում՝ այսօր Հայաստան ավելի շատ պտուղ-բանջարեղեն ներկրվում է, քան արտահանվում:

«Լոլիկ բերում են Իրանից, Թուրքիայից, նույնը՝ նաև սոխի դեպքում: Ոչ մի տեղ հայկական սոխ չկա.վրացական, պարսկական ու թուրքական է: Անորակ են դրսից բերվածները, իսկ ինչո՞ւ չկա մերը: Որովհետև այստեղ պետությունը պետք է աջակցի գյուղացուն, որ նա ոչ թե բռնի արտագաղթի ճանապարհը, այլ տեղում արտադրի»,- ընդգծեց Սարգիս Սեդրակյանը:

«Ֆերմերային շարժում» հ/կ նախագահն անդրադարձավ նաև  նախկին իշխանությունների կողմից սկսված ու այսօր էլ շարունակվող գյուղական համայնքների խոշորացման գործընթացին ՝ նշելով.

«Սա  հիմարություն է, այլանդակություն: Համայնքների խոշորացման դեպքում ասում են՝ գումարը շատ կլինի: Առաջին դասարանի երեխան էլ գիտի, որ գումարելիների տեղերը փոխելիս՝ գումարը չի փոխվում: Ապարանի բնակիչներից  մեկը մի անգամ ասաց, թե՝ գայիր ու տեսնեիր՝ Ամանորին ինչ տոնածառ էին դրել, շռայլությունը շատ էր, և սա՝ այն դեպքում, որ կողքի գյուղերին ոչ մի օժանդակություն չկա: Այսինքն, հավաքված գումարն ապարանցիները բերել, իրենց ուզած ձևով ծախսել են»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս