Բաժիններ՝

ՊՈԱԿ-ի մասին Կառավարություն ուղարկած թուղթն ընդամենը «սևագիր» է. Նազենի Ղարիբյան

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ այն կարծիքներն ու քննարկումները՝ կապված որոշ ՊՈԱԿ-ների և մշակութային հաստատությունների հնարավոր միավորման կամ փակման հետ, «աղմուկ են ոչնչից»։

Ըստ  նախարարի պաշտոնակատարի, նախարարությունը Կառավարությունից հանձնարարական է ստացել՝ վերլուծելու ՊՈԱԿ-ի գործունեության դաշտը, հասկանալու համար, թե ՊՈԱԿ-ների ներկայիս վիճակն ինչպիսին է, և ընդհանուր վիճակին տալ որոշակի լուծումներ։

«Սա օպտիմալացման գործընթացի հետ է կապված, քանի ամիս է՝ արդեն մենք գնում ենք այդ ճանապարհով։ Բայց հստակ հանձնարարական կար, որ առաջնորդվենք ոչ թե խնայողության, տնտեսման կամ կրճատումների ճանապարհով, այլ պարզապես պատասխանատվության համախմբման և գործունեության արդյունավետության բարձրացման ուղիով։ Այս աշխատանքներին մասնակցել են նախարարության բոլոր մասնագիտական վարչությունները և պատրաստել են բոլոր ՊՈԱԿ-ների վերաբերյալ վերլուծություններ, և այդ փաստաթուղթն իր ժամկետների մեջ ուղարկվել է Կառավարություն։ Բայց պետք է ասեմ, որ խոսքը «սևագիր» տեղեկանքի մասին է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Նազենի Ղարիբյանը։
Նա վստահեցրեց, որ այդ «սևագիրրը», որը նախարարությունում նմանօրինակ առաջին վերլուծությունն է, իրենց համար են պատրաստել, այդ պատճառով էլ քննարկում չեն կազմակերպել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ։

Ըստ նրա, սակայն, այս ամենը չի նշանակում, որ «սևագիրը» Կառավարությունը պետք է ընդունի ի գիտություն և 100 տոկոսով որոշում կայացնի, և այդ որոշումը մարտի 5-ին ստորագրվի։

Կարդացեք նաև

«Հասկանում եմ, որ տարիներ շարունակ, ինչպես ինձ հավաստիացնում են նախարարության աշխատակիցներն ու ՊՈԱԿ-ի աշխատողները, նման թղթեր եղել են, որոնք գաղտնի գնացել են Կառավարություն, որոշումը կայացվել է, և հետին թվով մարդիկ փաստի առաջ են կանգնել։ Հավատացնում եմ, որ մեր գործունեությունը բոլորովին այդպես չէ։ Եթե անգամ խոսք լինի որոշ ՊՈԱԿ-ների լուծարման մասին, ապա դա կլինի այն դեպքում, եթե Մշակույթի նախարարությունը կամ Կառավարությունն ունենան այլընտրանքային տարբերակներ, քանի որ հնարավոր չէ, որ, ասենք՝ ՊՈԱԿ-ը փակում ենք, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք։ Դրա համար մենք զուգահեռաբար աշխատում ենք օրենսդրական դաշտը կարգավորելու ուղղությամբ»,- շեշտեց նա։

168.am-ի հարցին, թե Մշակույթի նախարարությունն ունի՞ վերլուծություն, թե ՊՈԱԿ-ների միավորման արդյունքում քանի՞ մարդ կդառնա գործազուրկ, Նազենի Ղարիբյանը պատասխանեց, որ այդ մասին որևէ վերլուծություն չեն արել, բայց հույս ունի, որ կրճատումներ չեն լինի։

Հարցին՝ այսինքն՝ մեկ ՊՈԱԿ-ում կարո՞ղ է երկու հաշվապահ աշխատել, Նազենի Ղարիբյանը պատասխանեց. «Դե ոչ»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս