Բաժիններ՝

Նախնական կալանքի մեկ օրը հաշվել մեկ ու կես օր, սա քողարկված համաներման ակտ չէ. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահեցնում է նախնական կալանքի մեկ օրը մեկ ու կես հաշվելու մասին իրենց ներկայացրած նախագիծը  քողարկված համաներման ակտ չէ: Այն պարզապես ցույց է տալիս նախկինում խախտված մարդկանց իրավունքներին անդրադառնալու քաղաքական կամք: Է. Մարուքյանն այս մասին վստահեցրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Առաջարկվում ենք օրենսգրքում փոփոխություն կատարել և մինչ ՀՀ 2018 թ. նոյեմբերի 1-ը դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը նախնական կալանքի մեկ օրը հաշվել մեկ ու կես օր: Առաջարկվում է հաշվարկը կատարել 2004 թ. հունիսի 9-ից: Կային կարծիքներ, թե սա միգուցե քողարկված համաներման ակտ է: Ես պետք է ասեմ, որ սա քողարկված համաներման ակտ չէ: Համաներում հայտարարելու կամ նախաձեռնելու իրավունք չունի ԱԺ-ն, սակայն որպես օրենսդիր իշխանություն, օրենքներ ընդունելու իրավունք ունի: Սա մեր իշխանության տիրույթում է: Եվ մեր իշխանությունը պետք է  բանեցնենք ի բարօրություն ՀՀ քաղաքացիների: Մենք այս նախագծով մարդկանց խախտված իրավունքները վերականգնում ենք և ցույց ենք տալիս քաղաքական կամք` նախկինում խախտված մարդկանց իրավունքներին անդրադառնալու այսօր հետադարձ ուժով»,-ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նկատեց` քրեական հիմնարկներում մարդիկ տարիներով անազատության մեջ են եղել` մարդկային արժանապատվությունը նվաստացնող, մարդու իրավունքները խախտող պայմաններում: «Գերբեռնվածության  և այլ պատճառներով մարդիկ հերթականությամբ էին քնում: Հեղափոխությունից հետո համաներում եղավ, բայց բազմաթիվ դատապարտյալներ այդպես էլ այդ հեղափոխության փոփոխությունների շունչը չզգացին»,-նշեց ա:

Մարուքյանը հիշեցրեց` դեռ նախորդ գումարման ԱԺ-ում այս նախագիծը ևս ներկայացրել էր: Չնայած կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այն ստացել էր դրական եզրակացություն, և ներկայացվել էր լիագումար նիստում: Սակայն նախագծի ընդունման համար պակասել էր չորս ձայն:

Մարուքյանը նշեց` հիմա, ընդունելով գործընկերների առաջարկությունները, համաձայնել է, որ նախագիծը չունենա ապագայի վրա տարածվելու ուժ, այլ ունենա հետադարձ ուժ: «Եվ հիմա այս նախագծով առաջարկում ենք միայն հետադարձ ուժ տալ, ապագայի վրա չտարածել նախագիծը, քանի որ մենք համաձայն ենք կառավարության հետ, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում չկա գերբեռնվածության խնդիր, այսօր այլ քաղաքականություն է վարվում խափանման միջոցը որպես կալանք ընտրելու կամ ընդհանրապես քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքները և ազատությունը պաշտպանելու առումով»,-նկատեց Մարուքյանը:

Սակայն նա նաև նշեց, որ ներկայում նախագծի վերաբերյալ կառավարությունում փաստարկներ են բերվել, որոնցից ոչ մեկն, իր կարծիքով, ուղղված չի եղել նախաձեռնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս