«Այդ քննարկումների նախերգանքը սկսվել է արդեն հայտարարություններով, և որևէ դրական ազդակ չեմ նկատել». փորձագետ
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից սպասելիքներ չունեմ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս փորձագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման և ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, պաշտոնաթող դիվանագետ դեսպան Ռիչարդ Հոգլանդի հայտնած որոշ մանրամասներին:
Հիշեցնենք, որ պաշտոնաթող դիվանագետն ասել էր, թե բանակցային սեղանին դրված է ծրագիր, որն անվանում են նաև «Լավրովի ծրագիր», որովհետև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այս խնդրին չափազանց ուշադիր է հետևում, գիտի խնդրի բոլոր մանրամասնությունները, հենց նա է այն անձը, ով գրել է այդ առաջարկությունները՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեկընդմիշտ կարգավորելու համար:
«Այն արմատապես չի տարբերվում Մադրիդյան սկզբունքներից, սակայն առաջարկում է հանրաքվե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, այդ թվում և՝ ներքին տեղահանվածներին, ովքեր այժմ Բաքվի շուրջ են բնակվում: Այս պահին երկու կողմերն էլ չեն ընդունել այդ ծրագիրն այն պատճառով, որ այդ հանրաքվեի ժամկետը սահմանված չէ: Դա մի հանրաքվե է, որը պետք է անցնի անորոշ ապագայում: Դա նշանակում է, որ կողմերին կպահանջվի որոշակի դիվանագիտական վստահություն, սակայն հենց հիմա Երևանն ու Բաքուն ցանկանում են, որ սահմանված լինի հանրաքվեի ստույգ օրը»,- ասել էր Ռիչարդ Հոգլանդը:
Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ նորություն չէ, որ ժամանակ առ ժամանակ Մադրիդյան սկզբունքները չնչին մշակումներով փաթեթավորվում են մի նոր փաթեթի մեջ և ներկայացվում կողմերին, և նման փաթեթներ ունեցել են գրեթե բոլոր միջնորդները, դեսպաններ, համանախագահներ:
Ըստ էության, նրա խոսքով, խնդիրը ոչ թե այն է, որ այդ փաթեթում ինչ-որ բան հստակեցված չէ և այդ պատճառով չի ընդունվում, այլ այն է, որ կողմերը համաձայնություն չունեն այդ հարցում, այդ իսկ պատճառով փաստաթղթերում հստակություն չի մտցվում: Այսինքն` անկախ փաստաթղթի առկայությունից, չկա համաձայնություն մի շարք հարցերում՝ ոչ միայն հանրաքվեի անցկացման ժամկետի շուրջ:
Սկակովի կարծիքով՝ դա պարզապես կարծիքների բախման հիմնական կետերից մեկն է:
«Ինչ վերաբերում է ակնարկին, թե այդ հարցն է ներկայումս քննարկվում, կարծում եմ` դեսպանը նկատի ունի վերջին ժամանակաշրջանը` սկսած իր պաշտոնավարումից՝ գուցե մինչև հիմա, այդ հարցերը կան, չեն հեռանում բանակցային օրակարգից, քանի որ խնդիրը կարգավորված չէ: Այս դեպքում էական չէ, թե ով ինչ է առաջարկում, քանի որ բովանդակությունն այս կամ այն փուլում տեղավորվում է ինչ-որ անվանման ներքո: Ի վերջո, այս ընթացքում շատ հարցերում նաև կողմերը համաձայնության են եկել, և փաստաթղթերն անընդհատ մշակվել ու փոփոխվել են:
Բայց եկել է մի հանգրվան, երբ կողմերը չեն կարողանում առաջ գնալ, քանի որ զիջումներն անընդունելի են, սակայն առաջ շարժվել է հարկավոր, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս չունեն այնպիսի դերակատարություն այսօր, որ կարողանան պահպանել բանակցությունների մշտական դինամիկան նույն ձևով՝ առանց վայրիվերումների:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև բավարար ուժեր չեն ներդնում, քանի որ արտաքին քաղաքական շատ ավելի լուրջ առաջնահերթություններ ունեն՝ ըստ իրենց աշխարհաքաղաքական շահերի, քան ԼՂ հակամարտության կարգավորման հարցն է: Բայց վայրիվերումներից խուսափելը բանակցային գործընթացում շատ կարևոր է, քանի որ մի շրջան ինտենսիվ բանակցելուց, որոշ արդյունքներ գրանցելուց հետո կողմերը թևակոխում են մյուս շրջան` չեն հանդիպում, դիվանագիտական գործընթացը դադարում է, պայմանավորվածությունները` տապալվում:
Այդ վտանգը կա նաև այսօր, քանի որ, անկախ ՀՀ-ում ներքաղաքական փոփոխություններից, հայկական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել, և անընդհատ այս հարցերը հայտնվում են ակտիվ բանակցային սեղանին, կամ հեռանում են, քանի որ չկա բանակցություն»,- նման կարծիք հայտնեց Սկակովը:
Նրա կարծիքով՝ այսօր բեկման հնարավորություն չկա:
«Ղեկավարների պաշտոնական հանդիպումից ևս մեծ սպասելիքներ ես չունեմ: Ոչ պաշտոնական հանդիպումներով կողմերը ծանոթացան միմյանց, իսկ պաշտոնական հանդիպումը հնարավորություն կտա է՛լ ավելի առարկայական քննարկումներ ունենալ: Կարծում եմ` այդ քննարկումների նախերգանքը սկսվել է արդեն հայտարարություններով, և որևէ դրական ազդակ չեմ նկատել»,- ասաց նա: