Բաժիններ՝

«Իմ հրաժարականը ներկայացնելու կարիք այլևս չկա». Սուրեն Պապիկյանի և Ամատունի Վիրաբյանի լարված հարաբերությունները հարթվել են

ՀՀ ազգային արխիվի տնօրենի դեմ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայցն աստիճանաբար կկարճվի, այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Ներկայացված հայցն ընթացքի մեջ է, և ենթադրում եմ, որ այն կգնա դեպի կարճում, քանի որ առանձնապես խնդիրներ չեն առաջացել։ Իմ հրաժարականը ներկայացնելու կարիք չկա, այլևս նման բան չկա, մենք աշխատում ենք և միասին մեր առջև դրված խնդիրները կատարում ենք։ Ամեն ինչ հարթվել է, շաբաթը երկու անգամ հանդիպում ենք և միասին ծրագրերն իրականացնում։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այժմ պաշտոնավարում եմ, հավանաբար կպաշտոնավարեմ՝ մինչև պայմանագրի ժամկետն ավարտվի՝ մինչև 2020 թվականը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա մայիսին Տարածքային կառավարման նախարարությունն Ազգային արխիվում իրականացրել էր ուսումնասիրություններ, որի արդյունքում, ինչպես տեղեկացրել էր նախարարությունը՝ արխիվում հայտնաբերվել էին չարաշահումներ։

Ստուգումներն իրականացրել էին այն բանից հետո, երբ Ամատունի Վիրաբյանի դեմ բողոքել էին մի շարք անձինք՝ նշելով, որ Ամատունին թույլ չի տալիս օգտվել արխիվներից։ Հենց այդ ուսումնասիրությունների հիման վրա էլ հարուցվել էր վարչական վարույթ։

Ավելին՝ ուսումնասիրությունից հետո Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն Ա. Վիրաբյանից պահանջել էր, որպեսզի հրաժարական ներկայացնի, սակայն Վիրաբյանը դա բացառել էր և հակընդդեմ հայց էր ներկայացրել դատարան։
Նշենք, որ դեռևս հոկտեմբերին Ամատունի Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հրաժարական չի ներկայացրել, և հույս էր հայտնել, որ կշարունակի պաշտոնավարումը։

Նրա խոսքով՝ Ազգային արխիվում աշխատանքների քանակն ամեն օր ավելանում է, նախորդ տարի արխիվը պատասխանել է 55 հազար քաղաքացու դիմումների։

«Գուցե նրանցից 5-ը դժոգհել են, բայց 55-ից 5-ն է դժգոհում, սա քաղաքացու խնդիրն է, բայց դժգոհելու առիթ չկա, որովհետև մենք մանրամասն տվյալներ տրամադրում ենք։ Մեզ համար նոր մարտավարությամբ աշխատելն այն է, որ նոր տեխնիկա ենք ներդնում, նոր տեխնոլոգիաների կիրառումն է, որն արել ենք նախորդ տարի և այս տարի շարունակում ենք։ Աստիճանաբար արխիվը պետք է տեղափոխվի տեխնիկայի վրա՝ հիմնված շտեմարանների բազայի վրա, թվայնացում, օգտվողների աշխատանքի հեշտացում։ Այսօր ՀՀ քաղաքացիներին տեղեկանքներ տրամադրելու մոտավորապես 95 տոկոսն արվում է էլեկտրոնային հարցումների միջոցով։ Նախորդ տարի 17 հազար էլեկտրոնային հարցում ենք ստացել Սոցապ նախարարությունից՝ թոշակառուների հետ կապված, և դրան նույն էլեկտրոնային եղանակի միջոցով պատասխանել ենք»,- ընդգծեց Ազգային արխիվի տնօրենը։

Ամատունի Վիրաբյանին նաև մեղադրում էին, որ վերջինս արխիվում աշխատանքի է տեղավորել իր բարեկամներին: Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ բարեկամներն արխիվում արդեն աշխատում են 10 տարուց ավելի։

«Այս մասին բազմիցս գրվել է, բացատրություններ եմ տվել։ Այդ բարեկամներն առավոտից երեկո գալիս են աշխատանքի, պատասխանատու են իրենց աշխատանքի համար, օրենքը դա չի արգելում, չգիտեմ՝ էլ ինչպե՞ս բացատրեմ մարդկանց։ Այս ամենը պատի հետևի խոսակցություններ են»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը։

Ինչ վերաբերում է կրճատումներին, Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արխվում աշխատողների կրճատման մասին այս պահին խոսք չկա։

«Կրճատում եղել է նախորդ տարի, երբ բյուջեն մոտավորապես 50 մլն դրամով նվազել էր, մշակույթի ոլորտում մոտ 7 տոկոսի կրճատում եղավ, և այդ պատճառով մենք ստիպված որոշ աշխատողների կրճատեցինք, որոնք հիմնականում թոշակի տարիքում էին։ Այս տարի մեզ մոտ այդ խնդիրը չկա, քանի որ մի կերպ ենք իրականացնում մեր առջև դրված խնդիրները, քանի որ աշխատանքների քանակն ամեն օր ավելանում է, բայց աշխատողների քանակն ու աշխատավարձը, դժբախտաբար, մնում է նույնը»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս