«Հրաժարական չեմ ներկայացրել, ենթադրում եմ, որ կշարունակեմ պաշտոնավարել». Ամատունի Վիրաբյան
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից շաբաթներ անց ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանի Ազգային արխիվի հարցով դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Նշենք, որ Ազգային արխիվը գտնվում է տարածքային կառավարման նախարարության ենթակայության ներքո։
Սուրեն Պապիկյանն իր քայլը հիմնավորել էր նրանով, որ իր նշանակումից մի քանի օր անց դիմումներ է ստացել տարբեր քաղաքացիներից, որոնք բողոքել են, թե Ազգային արխիվում չարաշահումներ են տեղի ունենում, և շատերին տնօրենը չի թույլատրում օգտվել արխիվներից։ Նախարարը նաև տեղեկացրել էր, որ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել արխիվում և հայտնաբերել են չարաշահումներ, որոնց արդյունքում էլ հարուցվել է վարչական վարույթ։
Նախարարի այդ հայտարարությունից հետո Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հայտարարեց, որ նախարարն իրենից պահանջել է ներկայացնել հրաժարականի դիմում, սակայն ինքը չի գրել և չի գրելու, քանի որ իր աշխատանքային գործունեության ընթացքում թույլ չի տվել այնպիսի սխալ, որի համար պետք է հրաժարական տա։ Ինչ վերաբերում է Դատախազություն դիմելուն, Ա. Վիրաբյանն ասել էր, որ նախարարն այդ քայլին գնացել է այն պատճառով, որ ինքը սեփական կամքով հրաժարականի դիմում չի ներկայացրել։
Նշենք, որ այս հայտարարություններից հետո արխիվի մի շարք աշխատակիցներ բաց նամակով դիմել էին Սուրեն Պապիկյանին, որտեղ իրենց դժգոհությունն էին ներկայացրել առ այն, որ վերջինս պարտադրում է, որպեսզի Ամատունի Վիրաբյանը հրաժարական ներկայացնի։
Այս ամենից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ Ամատունի Վիրաբյանը շուտով իր կամքով կներկայացնի հրաժարականի դիմում, և նրան արխիվի տնօրենի պաշտոնում կփոխարինի այլ անձ։
168.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը նշեց, որ հրաժարականի դիմում չի ներկայացնելու և այս պահին էլ շարունակում է ղեկավարել Ազգային արխիվը։
«Տարածքային կառավարման նախարարը դիմել էր Դատախազություն, վերջինս ուսումնասիրություններ կկատարի, և առաջիկայում ամեն ինչ պարզ կլինի։ Հրաժարական չեմ ներկայացրել, ենթադրում եմ, որ կշարունակեմ պաշտոնավարել»,- նշեց Ա. Վիրաբյանը։
Հավելենք, որ Ամատունի Վիրաբյանն Ազգային արխիվը ղեկավարում է արդեն 15 տարի, նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից։
Զվարթ Խաչատրյան