
Վարորդները տարակուսած են, իսկ Ոստիկանությունը հերքում է

Ճանապարհային ոստիկանությունից այս օրերին մեծաթիվ մարդիկ եթևեկության խախտումների վերաբերյալ ծրարներ են ստանում, և մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով՝ դրանք հիմնականում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կատարած խախտումների ծանուցումներն են:
Վարորդներից շատերը տարակուսած են ուշացումներով ծանուցվելու փաստից:
Քաղաքացիների շրջանում տարածված կարծիք կա, որ հրահանգված է եղել երթևեկության կանոններ խախտած վարորդներին առժամանակ չծանուցել վարչական տույժ-տուգանքի մասին:
Նպատակը, ըստ վարկածի՝ այն է, որ նախընտրական քարոզարշավի օրերին իշխանությունը խուսափել է ավելորդ անգամ բորբոքել ընտրղներին, որպեսզի հեղափոխական իշխանության թեկնածուներին չհիշեցնեին քայլերթերի օրերին Ճանապարհների տեսախցիկները փակելու, դրանցից հրաժարվելու մասին հրապարակից խոստումներ տալու և իշխանության գալուց հետո խոստումները դրժելու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հերքում են «վերևից» հրահանգ ստանալու մասին տեղեկատվությունը՝ պնդելով, որ բացառվում է ոստիկանության կողմից նման մոտեցումը քաղաքացիների նկատմամբ:
«Ծրարների ուշացումով ստանալու մեջ չկա ոչ մի դիտավորություն: Բանն այն է, որ նոյեմբեր-դեկտեմբերին թույլ տված խախտումների վերաբերյալ արձանագրություններ հասցեատերերին փոխանցելու միջանկյալ հատվածում Ամանորյա տոներն էին ընկած:
Տասը հանգստյան օրերը կարող էին ժամկետների մեջ որոշիչ լինել այն պարզ պատճառով, որ երթևեկության կանոնների խախտումն արձանագրած ինֆորմացիան որոշում է դառնում 17 աշխատանքային օրվա ընթացքում, դրան գումարվում է 3 օր հաստատման և Հայփոստին փոխանցելու ժամկետը, իսկ փոստատարից հասցեատիրոջը հասնելու ժամանակահատվածն էլ եթե գումարենք՝ ստացվում է այն, ինչ եղել է:
Այնպես որ, միտումնավոր ձգձգումներ չեն եղել»,- «168 Ժամին» փոխանցեցին ոստիկանության տեղեկատվության վարչությունից՝ ավելացնելով, որ միայն դեկտեմբերին վարչական խախտման ավելի քան 80.000 արձանագրություն է ծրարով ուղարկվել վարորդներին:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ