Բաժիններ՝

ԵՄ-ն նոր ծրագիր կֆինանսավորի Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում

Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև նախատեսվում է ստորագրել «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» (Հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով: Համաձայնագրի կնքմանը հավանություն տալու նպատակով վաղը՝ փետրվարի 21-ին, այն կքննարկվի կառավարության նիստում։

Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ են ընտրվել Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերը։

Ծրագրի նպատակներն են.

1) աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում,

2) թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար, և

3) խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար:

Ծրագիրը կնպաստի ներդրումային և բարձր հավելյալ արժեքով գյուղատնտեսական և նորարարական զբոսաշրջության ոլորտի վենչուրային ընկերությունների  հաջորդական շղթայի ստեղծմանը, Ստեղծարար կենտրոնի միջոցով ստեղծարար ոլորտներում (դիզայն, աուդիոտեսողական ոլորտ և նորարարություն) ձեռնարկատիրական տաղանդ ունեցող նոր սերունդ դաստիարակելուն,  միջազգային շուկա միտված ներդրումային և նորարարական տեխնոլոգիական վենչուրային ընկերությունների հաջորդական շղթայի ստեղծմանը, Շիրակի մարզում ձմեռային մարզական հաստատությունների հիմնմանը, գյուղատնտեսական ոլորտում տեղական և միջազգային մակարդակում մրցունակ ընկերությունների արագ զարգացմանը, զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների և ստեղծարար ոլորտների արագ զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում արդյունավետության, կայունության և արտահանման հնարավորությունները մեծացնելու համար հատուկ որակ ունեցող ենթակառուցվածքի ստեղծմանը, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային շրջաններում ոռոգման բարելավմանը, զբոսաշրջության և նորարարության ոլորտի շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական մարքեթինգային շրջանակի մշակմանը:

Ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնել ամենախոցելի խմբերի և թիրախային շրջանների անհատների նկատմամբ անհավասարությունները:

Ծրագրով նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով:

Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո:

Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս