Թբիլիսիում կայացավ Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես ու գեղարվեստական երեկո
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չի մնացել հարևան Վրաստանը: Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում փետրվարի 19-ին բացվեց գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի «Թումանյանի հետքերով» ցուցահանդեսը, ինչպես նաև գրական, գեղարվեստական երեկո վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախմբի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանում ՀՀ դեսպանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդը, հայ համայնքի անդամներ, Վրաստանի պետական համակարգի ներկայացուցիչներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ:
Նախարար Հարությունյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ Թումանյանին ընթերցողները համոզվում են, որ նա ոչ միայն 19-20-րդ, այլև 21-րդ դարի հեղինակ է: Նա նկատեց, որ օրն իսկական տոնի է վերածվել Հայաստանի տարբեր բնակավայրերում:
«Սա համազգային նշանակության տոն է, ու նրանք, ովքեր այսօր գտնվում են Երևանում ու այլ քաղաքներում, կհամոզվեն դրանում: Հայաստանի ամենատարբեր բնակավայրերը, դպրոցները, մանկապարտեզները այս օրերին ու տարվա ընթացքում ապրում են և ապրելու են Թումանյանով»,- ասաց ԿԳ նախարարը:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ օրը տոնական էր նաև Վրաստանի համար: «Թումանյանը մոտ չորս տասնամյակ ապրել է Վրաստանում, և վրացիները Թումանյանին համարում են նաև իրենցը: Բացի այն միջոցառումների շարքից, որ իրականանում են մեր մասնակցությամբ, տարբեր ուսումնական հաստատություններում տեղի են ունենում Թումանյանին նվիրված օրեր, ինչը միայն ու միայն շատ ուրախալի է»,- հավելեց դեսպան Սադոյանը: Իսկ թե որքանով են մշակութային կապերն օգնում դիվանագիտական կապերի ամրապնդմանը, ըստ դեսպանի, դրանք առանց մեկը մյուսի գոյություն չունեն: «Առանց մշակութային կապերի չեն կարող լինել դիվանագիտական կապեր, մանավանդ մեր երկու ժողովուրդների միջև, որոնք շատ նմանություններ ունեն»,- հավելեց Ռուբեն Սադոյանը:
Գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցը նշեց, որ երկու ամիս է պահանջվել Թումանյանի հետքերով գնալու և զգացածը կտավին հանձնելու համար: Եղել է Հայաստանի ու Վրաստանի մի շարք բնակավայրերում: «Դսեղում եմ եղել, սիրահարվեցի այդ գյուղին: Աշխատանքի մյուս մասն էլ իրականացրեցի Վրաստանում, կարծես նկարել եմ նրա կյանքի երկու հատվածները: Հայաստանում ծնվել է, իսկ կյանքի մեծ մասն ու վերջին օրերն ապրել այստեղ», -ասաց գեղանկարիչը:
Ցուցահանդեսը Հայաստանում ևս կներկայացվի ապրիլի 10-17-ը:
Միջոցառման ընթացքում հնչեցին Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի ուղերձները: «Մակար Եկմալյան» երգչախումբն էլ կատարեց ստեղծագործություններ Անուշ օպերայից: