Բաժիններ՝

Բալետի և արվեստի ակադեմիայի հերթական հաջողությունները

2017 թվականն իրոք բեղմնավոր էր Վիլինգի «Բալետի և արվեստի ակադեմիայի» և, մասնավորապես, պարուսույց Հրաչյա Կոստանյանի համար. Հրաչյան և նրա սաները մի շարք կարևոր հաղթանակներ գրանցեցին, այդ թվում՝ Starpower մրցույթի տարածաշրջանային և ազգային փուլերում: Սակայն, ինչպես պարզվեց, 2018-ը ոչ պակաս հաջող տարի էր թե՛ «Բալետի և արվեստի ակադեմիայի», ու թե՛, մասնավորապես, Հրաչյա Կոստանյանի համար: Դեռ տարեսկզբին՝ մարտին, Հրաչյայի սաները, մասնակցելով «Legacy» մրցույթին, հաղթանակով դուրս եկան գրեթե բոլոր տարիքային խմբերում: Այս հաղթանակներից անմիջապես հետո «Բալետի և արվեստի ակադեմիայի սաները»՝ Հրաչյա Կոստանյանի և մյուս պարուսույցների գլխավորությամբ, ձեռնամուխ եղան նախապատրաստվելու «Բալետի արվեստի համաշխարհային մրցույթի» կիսաեզրափակիչ փուլին, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ին Չիկագոյում: Այստեղ նույնպես նրանք մեծ հաջողության հասան. «Բալետի և արվեստի ակադեմիան» ճանաչվեց Իլինոյս նահանգի լավագույն դպրոց, իսկ սաները՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը, շահեցին ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը պետք է տեղի ունենար 2018 թվականի նոյեմբերի 11-12-ին Կանադայում: Բելլա Լևինսոնը նշում է, որ իրենց սաները հիանալի հանդես եկան, և այդ հաջողության մեջ հատկապես մեծ է պարուսույցներից Հրաչյա Կոստանյանի վաստակը: Վերջինիս բեմադրած երկու մրցույթային պարերն արժանացան առաջին մրցանակների, ինչն էլ թիմին հնարավորություն տվեց մասնակցելու եզրափակչին:

«Բալետի արվեստի համաշխարհային մրցույթում» ևս Ակադեմիայի թիմը մեծ հաջողությունների հասավ: Նրա սաները զբաղեցրին 3-րդ և 5-րդ տեղերը, իսկ Ակադեմիան ճանաչվեց 2018 թվականի «Բալետի արվեստի համաշխարհային մրցույթի» եզրափակչի լավագույն դպրոց:

Այս մեծ հաջողություններով «Բալետի և արվեստի ակադեմիան» եզրափակել է 2018 թվականը, անշուշտ, իր առջև դնելով նոր նպատակներ ու մարտահրավերներ, որոնք արդեն պետք է հաղթահարել գալիք 2019 թվականի ընթացքում:

Արթուր Մեսրոպյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս