Գավառի ոստիկանների սպառնալիքների, հետապնդումների արդյունքում՝ մայր ու աղջիկ դարձել են թափառական
Գավառի ոստիկանների սպառնալիքների, հետապնդումների արդյունքում՝ մայր ու աղջիկ (Սվետա Դավթյան, Կարինե Ավետիսյան) դարձել են թափառական:
«2015 թվականի հունվարի 15-ից դստերս հետ Գավառ քաղաքից դուրս ենք եկել ու այլևս չենք վերադարձել: Քրոջս սպանել են, մեր տները թալանել են: Չեմ կարողանում գնալ ու ստանալ թոշակս ու նպաստս՝ քաղաքից հեռանալու պատճառով: Հիմա մարդկանց ենք խնամում այստեղ-այնտեղ, որ գիշերելու տեղ ունենանք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց 63-ամյա Սվետա Դավթյանը:
Նա պնդում է՝ Գավառից հեռացել են ծեծի, վիրավորանքի հետևանքով, անգամ աղջկա նկատմամբ սեռական բռնության փորձ է կատարվել, իսկ հիմա ոստիկանությունից վախենում են և չեն կարողանում իրենց տուն գնալ:
«Սեռական ոտնձգություն աղջկաս նկատմամբ իրականացրել է Արտաշատի Արևշատ գյուղի 80-ամյա բնակիչը՝ Սաշիկ անունով»,- հաղորդեց Սվետա Դավթյանը:
«Մեր մասին ասում են, թե հասարակության համար վտանգավոր ենք, հոգեկան խնդիրներ ունենք, նույնիսկ 2018թ. օգոստոսի 17-ին մեզ տարան հոգեբուժարան, ստուգեցին ու թողեցին»,- հավելեց նա:
Քաղաքացին հայտնեց նաև, որ իրենց բնակության հասցեն Գավառ քաղաքի Ազատության 25 շենք, բնակարան 41-ն է:
168.am-ը կապ հաստատեց Գավառի ոստիկանության հետ, որտեղից հայտնեցին, որ այս անձանց հետ կապված որևէ խնդիր չկա, և իրենք չգիտեն, թե նրանք ինչո՞ւ չեն վերադառնում տուն:
Անի Կարապետյան