Եվրոպան շահագրգիռ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների կասեցմամբ. Մերկել
Գերմանիան աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` Մյունխենի անվտանգության համաժողովում: «Մենք աջակցում ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին», – ասել է նա:
Գերմանիայի կանցլերը միաժամանակ նշել է, որ Արևմուտքը պետք է աջակցի Ռուսաստանի հետ երկխոսությանը, ինչպես նաև հետևի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հիմնադիր ակտին: «Մենք, ինչպես և նախկինում, կողմնակից ենք Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտին», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը և ավելացրել. «Բանակցային թելը չպետք է կտրվի»:
Մերկելը նշել է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան շահագրգիռ չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների կասեցմամբ: