«Տեղյակ եմ, թե ինչ է կատարվել Սանահին վանական համալիրում, բայց տեղյակ չեմ, թե այդ դուռն ինչու է հայտնվել այնտեղ». Լոռու մարզպետ

Ֆեյսբուքյան օգտատեր Յաշա Սոլոմոնյանն այսօր առավոտյան համացանցում Սանահինի վանական համալիրից հրապարակել էր մեկ լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է եվրոպատուհաններով դուռը դրված վանական համալիրի նախագավթում։

«Մինչ մենք ջանք ու եռանդ չենք խնայում հուշարձանների մաքրության և պահպանության համար, որոշները զբաղված են իրենց քաղքենի հոգեկերտվածքով մշակույթը խաթարելով։ Խնդրեմ։ Սանահինի գավթում «եվրո-բուդկա» են տեղադրում։

Լավ, ավելի քաղաքակիրթ, հեշտ ու արդար չի՞ լինի վանքի տարածք մուտքը դարձնել վճարովի, քան նման ռաբիս ու փնթի բաներ անել։ Ամեն դեպքում այս զազրելիության հեղինակներին զգուշացնում եմ, որ մենք գալիս ենք… Մեր մշակույթը ո՛չ Մակունցի մեջ է, ո՛չ էլ առավել ևս՝ Վեհափառի, դա մեզանից յուրաքանչյուրինն է, ամեն մեկինը, ում սիրտը դրա համար ցավում է, ու ով դրա արժեքը խորապես հասկանում է»,- լուսանկարին կից գրել էր Յ.Սոլոմոնյանը։

Լուսանկարի հրապարակումից հետո ակտիվ քննարկում ծավալվեց Ֆեյսբուքում, ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը կիսվելով հրապարակված նկարով՝ գրել էր.

«Եվս մի ամենաթողության դրսևորում: 12-13-րդ դարերի ճարտարապետության գլուխգործոց, ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված Սանահին վանական համալիրի գավիթում այսպիսի «եվրոպատուհանաբուդկա» է տեղադրվել:

Հ.Գ. Այս տարի Սանահին վանական համալիրի վերականգնման համար AMAP ծրագրով 200 000 դոլար է նախատեսվում»:

ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը նույնպես կիսվել էր լուսանկարով և գրել, որ Մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ հարց է բարձրացնում օրենքի անկատարության, նախարարությանը իրավական հզոր լծակների տրամադրման համար, ու մեկ է՝ մի տեղում եկեղեցու շահն է, մյուս տեղում՝ օլիգատր օլիգարխի շահն է, ու ձայնը խլացվում, տեղ չի հասնում.

«Հիմա էլ միակ բողոքող մարմինը լռեցնել են ուզում: Թալանչի չկա, օլիգարխ չունենք, երկիրը քանդողներ, ապրիլյան անմեղ զոհերի համար ոչ մի պատասխանատու չունենք: Էս երկրի միակ ավելորդ, խանգարող, թշնամի, տնտեսական աննախադեպ թռիչքը կասեցնող, երկրի 10 միլիարդ արտաքին պարտքը փակելուն խոչընդոտող մարմինը Մշակույթի նախարարությունն է: Այ, որ օպտիմալացում անեն, համա կզարգանանք, համա կառաջադիմենք, էհհեհեեեյ: 3 մարզի համար հուշարձանի մի պահապան, ու էն էլ՝ միայն ահազանգ բարձրացնելու համար, հետն էլ հարց է, թե ահազանգին շան տեղ կդնեն, թե չէ… Ի դեպ, Սանահինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է»,- նշել էր նա։

168.am-ը Ալավերդու քաղաքապետարանից փորձեց պարզել, թե ինչու է եվրոպատուհաններով դուռը հայտնվել Սանահինի նախագավիթում, սակայն հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց, թե տեղյակ է, որ վանական համալիրում նման բան է տեղի ունեցել, սակայն տեղյակ չէ, թե ինչու է այդ դուռը հայտնվել այնտեղ.

«Տեղյակ եմ, թե ինչ է կատարվել Սանահին վանական համալիրում, բայց տեղյակ չեմ, թե այդ դուռն ինչու է հայտնվել այնտեղ։ Երկուշաբթի օրն այդ խնդրով կզբաղվենք, կհասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, այս պահին տեղյակ չեմ»:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս