«Հանգիստ նստեք տեղնե՛րդ». ԵԿՄ փոխնախագահը՝ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարության մասին
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Երկրապահ կամավորականների միությունը պետք է լուծարվի։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն:
Երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության փոխարեն՝ սերնդի արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խեղում, կամավորական ազատամարտիկի վեհության փոխարեն՝ շահամոլության սերմանում, անարժան կերպարների մատուցմամբ՝ զինվորի ու սպայի վերաբերյալ պատկերացումների աղճատում, վետերանների սոցիալական ապահովության փոխարեն՝ նրանց հաշվին ծաղկող կոռուպցիա, մոբիլիզացիոն մեխանիզմի փոխարեն՝ հանցավոր ռեժիմների ազգադավությունը կոծկող իմիտացիա:
Այս ամենի հետ մեկտեղ՝ այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է՝ որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք:
Հարկ է նաև ընդգծել, որ միությանն անդամագրված շատ ու շատ ազնիվ ազատամարտիկներ պարզապես անտեսված են եղել և առնչություն չեն ունեցել այս ամենի հետ։ Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով: Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն՝ լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»:
168.am-ի հետ զրույցում արձագանքելով Սէֆիլյանի հայտարարությանը՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ասաց.
«Ապացույցներ ունի՞, որ նման բաներ է ասում: Չի կարելի, չէ՞: Ախր ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Երկրապահ՝ նշանակում է՝ երկիր պահող: Երկրապահը եղել է ու պետք է մնա այս պետության անվտանգության ապահովման ակունքներում: Երկրապահը երբեք չի օգտագործվել: Ասում է՝ ԵԿՄ-ն ծառայել է՝ որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք: Չի եղել նման բան ու չի լինելու: Երկրապահը պետականամետ կառույց է, իր գործունեության հիմքում դրել է մատաղ սերնդին հայրենասիրություն ուսանելը: Առհավատչյան մեր պատանի երկրապահներն են:
Տարին 12 ամիս երկրապահը զինվորի կողքին է, քաջալերում է նրան: Կռված և չկռված, շատ կռված և քիչ կռված տղաներ, խնդրում եմ՝ սիրե՛ք իրար: Եթե մենք միասնական չլինեն, եկեք որևիցե մեկից որևէ բան չպահանջենք՝ առաջին դեմքից սկսած: Ժողովուրդը պետք է միասնական լինի: Եկե՛ք թև ու թիկունք լինենք ու մեր զոհված տղաների, պապերի երազած երկիրը կառուցենք:
Ի՞նչ իմաստ ունի՝ ամեն անգամ ասել՝ սա լուծարենք, նա լուծարենք: Ընդունենք՝ այս մի կառույցն էլ չեղավ, դու ի՞նչ ես ստանալու դրանից:
Հիմա տղաների 90 տոկոսը հետ է եկել կառույց, մենք ամբողջանում ենք, հզորանում ու միասնական ենք դառնում, փոխանակ ողջունեն՝ ասում են, թե պետք է լուծարվի: Ա՜ դե, գնացե՛ք ձեր գործին: Ամո՛թ այն մարդուն, ով չի մտածում այս երկրի մասին՝ անկախ նրանից, թե նա պաշտոնյա է, աշխատանք ունի, թե ոչ: Ով որ ընդհանրապես իր գործերով չի զբաղվում և խառնվում է ուրիշի գործերին ու նման կոչեր է անում, բոլորին ասում եմ՝ հանգիստ նստեք տեղնե՛րդ ու զբաղվեք ձեր գործերով»:
Անի Կարապետյան