«Բոլոր այդ քննադատություններին ի պատասխան իշխանությունը լռում է». Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրիա հայկական հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների որոշումն արժանացել է բավական սուր քննադատությունների ոչ միայն երկրի ներսում, այլ նաև մեր արտաքին գործընկերների կողմից։ Բոլոր այդ քննադատություններին ի պատասխան իշխանությունը լռում է։ Լռում է, որովհետև չունի այդ արկածախնդիր քայլը հիմնավորող որևէ հոդաբաշխ բացատրություն։ Լռում է, որովհետև, մեղմ ասած, հեղհեղուկ են անգամ այդ առաքելության գործուղման իրավական հիմքերը։ Ի դեպ, հենց իրավական հիմքերը ամենաշատը քննարկվեցին վերջին մի քանի օրերին՝ երկրորդական պլան մղելով խնդրի քաղաքական ասպեկտները։
Մինչդեռ, տեղի ունեցածը ցայտուն վկայությունն է այն վտանգավոր իրողության, որ Հայաստանը չունի հստակ ձևակերպված արտաքին քաղաքական հայեցակարգ, փոխադարձ շահերի հաշվառման վրա հիմնված արտաքին քաղաքական ռազմավարություն, որը կբացառեր պետությանը լոկալ և աշխարհաքաղաքական սպառնալիքի առջև կանգնեցնելու որևէ հնարավորություն։
Սիրիա առաքելություն ուղարկելը արտաքին քաղաքականության հավասարակշռման խախտման, երրորդ երկրի՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու նպատակով մեր պետական և ազգային շահերը ստորադասելու օրինակ է։ Ինչ վերաբերում է խնդրի աշխարհաքաղաքական կողմին, ապա ԱՄՆ պետդեպարտամենտն արդեն իսկ հանդես է եկել դիրքորոշմամբ՝ դատապարտելով Սիրիա թեկուզ հումանիտար առաքելություն ուղարկելու և որ ոչ պակաս կարևոր է՝ Սիրիայում Ռուսաստանի հետ համագործակցելու Հայաստանի քայլերը։
Ի դեպ, անհասկանալի է նաև հայկական փորձագիտական հանրույթի մի հատվածի համոզմունքը, թե այդ հայտարարությամբ Պետդեպարտամենտը քննադատել է Ռուսաստանին։ Ամենևին ոչ։ Այդ հայտարարությամբ ԱՄՆ-ն արձանագրել է, որ ընդունում է ի գիտություն Հայաստանի՝ Սիրիայում բարիկադների ռուսական կողմն անցնելու քայլը՝ բնականաբար, դրանից բխող համապատասխան հետևանքներով։ Առավել զարմանալի է, որ այս իրադարձությունները տեղի են ունենում Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպման խորապատկերում, ինչն ավելի է ընդգծում՝ Հայաստանը Սիրիայում անելիք չունի։ Հատկապես Ռուսաստանի հետ համագործակցությամբ ու առավել ևս՝ Ռուսաստանի հովանու ներքո։
Որքա՞ն ժամանակ և ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ Հայաստանի այս քայլի երևացող ու անտեսանելի հետևանքները վերացնելու համար, դժվար է ասել։ Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ Հայաստանի կողմից վարվող այսրոպեական, կոնյունկտուրային արտաքին քաղաքականությունը իրական վտանգ է ստեղծում Հայաստանի Հանրապետության ու աշխարհասփյուռ հայության համար»։
«Սիրիական արկածախնդրություն». Արտաքին քաղաքական հայեցակարգի բացակայության հետևանքներըՍիրիա հայկական հումանիտար…
Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Freitag, 15. Februar 2019