Տնօրենի պաշտոնակատարը հրաժարվում է ներկայացնել պարգևավճարների չափը
Փետրվարի 5-ին «168 Ժամը» տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրեն Սերգեյ Խաչատրյանին, որում մասնավորապես ասվում էր.
«Խնդրում ենք տրամադրել 2018թ.-ի 7 ամիսների ընթացքում (հունիսից՝ դեկտեմբեր) «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» պարգևավճար և հավելավճար ստացած աշխատակիցների ցանկը, որում նշված կլինի ամսական աշխատավարձերի և պարգևավճարների չափը»:
Մեր այս հարցման հիմք էր հանդիսացել հավաստի աղբյուրներից ստացված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» ղեկավարությունը հսկայական պարգևատրումներ է տվել այդ ամիսների ընթացքում։ Ընդ որում, այդ պարգևավճարներից օգտվել է նախկին՝ նշված ժամանակահատվածում և այսօր պաշտոնավարող ղեկավար անձնակազմը՝ իրենց թիմակից համարվող աշխատակիցների հետ միասին։
Ավելին, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ արդեն նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանն ինքն իրեն ու իր մերձավորներին հսկայական պարգևավճարներ էր տվել, իսկ մյուսներին՝ ոչինչ։
Հիշեցնենք, որ խոսքը նույն այն Նարեկ Վանեսյանի մասին է, ով Երևանի պետական բժշկական համալսարանում կայացած միջոցառման ընթացքում տհաճ միջադեպի «հերոս» էր դարձել։ Վերջինս իրեն պահել էր գռեհիկ ու առաջացրել էր ներկաների զայրույթը:
Նա միջոցառման ընթացքում պարբերաբար տեղից բարձրաձայն ռեպլիկներ էր հնչեցրել՝ ստեղծելով կոնֆլիկտային իրավիճակ: Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել էր, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում:
Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները նույնիսկ նամակ էին գրել վարչապետ Փաշինյանին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային և «համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումն արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին»: Նամակը ստորագրել էին ԵՊԲՀ ամբիոնի վարիչներ, դոկտորներ։
Եվ ահա ի պատասխան 168.am-ի հարցման՝ ստացել ենք մի պատասխան, որով «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Խաչատրյանը, հղում կատարելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-7-րդ կետերին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, հանգել է այն եզրակացության, որ մեր կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է կենտրոնի աշխատողների անձնական տվյալներ։
Այնինչ խոսքը բոլորովին էլ մարդկանց անունները հրապարակելու մասին չէ, որ դա անձնական տվյալի հրապարակում համարվի։
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով՝ հաստիքացուցակի հրապարակումը համարվում է բաց տեղեկություն, և 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ՝ չեն հրապարակվում մարդկանց անունները, սակայն մնացած տեղեկատվությունը տրամադրվում է։ Դա նշանակում է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» ղեկավարությունը պարտավոր է տրամադրել հաստիքացուցակը, ո՞ր պաշտոններն են զբաղեցված այդ հաստիքացուցակից, և այդ հաստիքները զբաղեցրած անձանցից ովքե՞ր և ի՞նչ չափի պարգևավճարներ են ստացել՝ նշելով ոչ թե մարդկանց անունները, ինչպես արդեն ասացինք, այլ՝ ըստ պաշտոնների գործակցի։
Կա նաև այլ տարբերակ։ Կարող են ուղարկել հաստիքացուցակը, պարգևավճարների չափը՝ մարդկանց անունները նախապես սևացրած, որ ընթեռնելի չլինի։ Հետևաբար՝ հանրային շահի և իրավական տեսանկյունից «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» ղեկավարության կողմից բերված փաստարկներն առնվազն ծիծաղելի են։
Այսինքն՝ եթե իրավական բոլոր կարգավորումները մեկտեղենք, հաստիքացուցակ և պաշտոն պարտավոր են հրապարակել, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ շատ գերատեսչություններ, որոնք թե՛ աշխատակիցների թվակազմով, թե՛ ազդեցության ոլորտներով, և թե՛ գործունեության ծավալներով ու բազմազանությամբ շատ ավելի հզոր կառույցներ են, արդեն իսկ հրապարակել են պարգևավճարների չափերն ու հաստիքացուցակները։ Խոսքը մասնավորապես Երևանի Քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության ու Պետական վերահսկողական ծառայության մասին է։
Չմոռանանք, ի վերջո, որ խոսքը պետական միջոցներով տրամադրված աշխատավարձի հրապարակայնացման մասին է, որի տարեկան բյուջեն շուրջ 750 մլն դրամ է, և հասարակությունը պետք է իմանա՝ ինչպես են ծախսվում կամ բաշխվում իր միջոցները։
Ավելին, այդպիսով խախտվել են նաև «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» մյուս բոլոր աշխատակիցների իրավունքները, այն դեպքում, երբ նոր իշխանությունների ներկայացուցիչներն ու իրենց մտերիմները ստացել են մի քանի զրոներով պարգևավճարներ։