Ի՞նչ կկատարվի, եթե դուրս գաք սոցցանցերից
Սոցիալական մեդիան կարող է լավ միջոց լինել մարդկանց հետ շփում հաստատելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար: Սակայն ոչ բոլորն են այդ նպատակով օգտվում սոցցանցերից: Շատերը սոցցանցերում «գործունեությունը» աշխատանքի նման մի բան են համարում. ինչ-որ բաներ են գրում հանուն «լայքերի», անընդհատ հետեւում են նորացվող ժապավենին: Եթե այս ամենը ձեր մասին է, միգո՞ւցե ժամանակն է դադար տալ: Հայտնի բլոգեր Ջո Հինդին կարծում է, որ այդ պարագայում դրական արդյունքներն ուշացնել չեն տա, եւ դադարը կունենա հետեւյալ օգտակար հետեւանքները.
Ձեր ուղեղը կդադարի «մեռած» լինել
Դա, իհարկե, փոխաբերական իմաստով. երբ անձը «հուղարկավորված» է մոնիտորի առջեւ, չի նկատում իրեն շրջապատող աշխարհը եւ պարզապես կարող է «տանը չլինել», անգամ չզգալ, որ, օրինակ, կատուն քաղցից մլավում է , իսկ հարազատներին վաղուց չի այցելել:
Դուք կարող եք ավելի շատ աշխատանք կատարել
Զբաղված մարդու համար Ֆեյսբուքն իսկական չարիք է. բավական է մեկ րոպեով մտնել Ֆեյսբուք եւ դա ձգվում է առնվազն կես ժամ:
Կարող եք իմանալ, ովքեր են ձեր իրական ընկերները
Սոցցանցերում կարող եք հեշտությամբ ընկերներ գտնել, բայց Ֆեյսբուքից դուրս գալուց հետո ամեն ինչ անհետանում է: Նրանք, որոնց համար դուք իսկապես թանկ եք, ցանկանում են ձեզ իրենց կողքին տեսնել:
Դուք կնկատեք, որ «լայքը» իմաստ չունի
Huffington Post –ի վերլուծաբանները պնդում են, որ «լայքը» արդեն վաղուց չի նշանակում, թե ինֆորմացիան դուր է եկել, դա պարտադիր գործողություն է, ինչն ավելի շատ նշանակում է, որ գրառումը նկատել են եւ ընդունել ի գիտություն:
Դուք կհասկանաք, որ սոցցանցերում ընդամենը գովազդ դիտող լսարանի մի մասն եք եղել
Յուրաքանչյուր օգտատեր ընդամենը մի մասն է հսկայական տվյալների բազայի, որոնք սոցցանցերը շահագործում են սեփական նպատակներով: Ձեր հիմնական խնդիրն այնտեղ գովազդի դիտումն է, խաղերի վրա գումարի վատնումը եւ կայքի հարստացումը: Այն, ինչ տեղի է ունենում իրականում ձեզ հետ, սոցցանցի համար որեւէ նշանակություն չունի: Այնպես որ, ինչո՞ւ ավելորդ ժամանակ կորցնել սոցցանցերում: Պարզապես անհրաժեշտ է նվազեցնել դրանց նշանակությունը ձեր կյանքում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը