Բաժիններ՝

Կորսված մանկություն. Բաքվի ջարդերը փոքրիկ աղջկա հուշերով

Միացյալ Նահանգներում բնակվող Լիա Բաբայանը մեկն է այն հազարավոր հայերից, ովքեր Բաքվում 90-ականների սկզբին ականատես են եղել հայերի դեմ իրականացված ջարդերին: Լիայի մանկության հեքիաթի հերոսներին փոխարինել են կորցրած հարազատների, ընտանիքի անդամների անդառնալի ապրումների և մանկության անկատար երազանքների մասին հիշողությունները։ Ջարդերի արդյունքում և դրանց հետևանքով առաջացած հոգեբանական տրավման խորը հետք է թողել Լիայի ինքնության ձևավորման վրա: Չկարողանալով հանդուրժել  իր և Բաքվի մյուս հայ ընտանիքների դեմ իրականացված դաժանությունները՝ նա լծվել է իր ընտանիքի և ապագա սերունդների համար արդարության վերականգման պայքարին։

Չնայած Լիան ընդամենը յոթ տարեկան էր, երբ իր ընտանիքը փախուստի է դիմել Բաքվից և ապաստանել Հայաստանում՝ փրկվելով Բաքվի ջարդերից, նա հստակ հիշում է իրենց անցած ճանապարհը, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների դեմ ճնշումներն աշխատավայրերում և հարևանների սպանությունները։ Ինչպես ինքն է նշում՝ 1990 թ.-ին Բաքվում հայ լինելը մահվան դատավճիռ էր։

Ադրբեջանական ամբոխը գթասրտություն չէր ցուցաբերում ո՛չ նորածինների, ո՛չ երեխաների, ո՛չ էլ տարեցների նկատմամբ։ Նրանք նույնիսկ չէին հարգում մահացածների հիշատակը. պղծում էին տապանաքարերը, վանդալիզմի ենթարկում գերեզմանները։ Այսպես ոչնչացվեց Բաքվի հայկական գերեզմանատունը։ Նույնիսկ իր մանկության հուշերում Լիան նշվածն ընկալել է որպես ամենաանբարոյական և ամոթալի քայլը, որը հասարակությունն ի զորու էր կատարել։

Գրքի 6-րդ գլխում նա իր ընթերցողներին է ներկայացնում իր մորաքույր Լոլայի պատմությունը։ 1990թ. հունվարի 13-ին ադրբեջանցի տղամարդկանց խումբը ներխուժել էր իրենց բնակարան և դաժանաբար սպանել Լոլային։ Երկար ժամանակ հարազատները չեն կարողացել Ադրբեջանից վերցնել Լոլայի խոշտանգված մարմինը: Միայն հունվարի ջարդերից հետո Լիայի տատիկը, ինչպես ինքն է հիշում, կարողացել է գնալ Բաքու՝ այն էլ ուրիշի անձնական տվյալներով և ՊԱԿ-ի (КГБ) ուղեկցությամբ։ Վերջինս այցելել է այն բնակարան, որտեղ խոշտանգել են Լոլային, տեսել դեռևս այնտեղ մնացած արյան հետքերը:  Լիայի տատիկը մեծ դժվարությամբ  կարողացել է ՊԱԿ-ի աշխատողների օգնությամբ մահվան վկայական ձեռք բերել, որպեսզի կարողանա Լոլայի աճյունը տեղափոխել Ադրբեջանից։

ՊԱԿ-ի օգնությամբ նրա տատիկը կարողացել է նաև ձեռք բերել պաշտոնական փաստաթղթեր, որտեղ նշվում է, թե ինչ վնասվածքներ է ունեցել Լոլան և ապացուցվում է, թե ինչպիսի դաժան խոշտանգումների են ենթարկել նրան նախքան շենքի 8-րդ հարկից նետելը: Մորաքույր Լոլայի սպանությունը Լիային հանգիստ չէր տալիս նույնիսկ քնի մեջ, իսկ հիշողությունների դրվագները անընդհատ կրկնվում էին նրա մտքում։ Ընտանիքի համար դաժան փորձությունները չեն ավարտվել Բաքվում հարազատների կորուստներով և խոշտանգումներով: Բաքվի ջարդերից փախչելով՝ Բաբայանները ապաստան են գտնում ավերիչ երկրաշարժից տուժած Հայաստանում: Նրանք ստիպված էին չորս տարի շարունակ ապրել դպրոցի նկուղում՝ առանց գումարի, կերոսինի, էլեկտրականության. «Հայաստանում սով էր. մարդիկ պարզապես գոյության պայքար էին մղում»,–նշում է Լիան:

1992թ.-ին Հարավային Այդահոյի համալսարանի փախստականների ծրագրով Բաբայանները կարողացան բնակություն հաստատել ԱՄՆ-ում։ Այստեղ Լիան սկսում է օրագրում գրառումներ կատարել, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի գաղթի ուղին, Բաքվից մնացած դառը հիշողությունները և Միացյալ Նահանգներում իրենց տրված նոր կյանքը՝ բացարձակ նոր հասարակության մեջ ապրելու փախստականի ճակատագիրը: Գիրքը գրելու գաղափարը Լիային ներշնչել է նրա տատիկը՝ խնդրելով հայերի ջարդի և փրկության պատմությունը ներկայացնել աշխարհին։

«Պատերազմը խորտակում է մանկությունը, մնացած ամեն ինչ կարելի է վերականգնել»,- սա Լիա Բաբայանի օրագրից և գրքից մի հատված է։ «Բռնությունը [Բաքվի ջարդերը] սպանեց մեր մանկությունը»,- ասում է նա։ «Լիմինալ»-ը կամային հզորության, տեղի ունեցածը ընդունելու, կորսված մանկության և կյանքը այդ դաժանություններից հետո գնահատելու մասին պատմություն է:

Հուշագրությունը նաև ցույց է տալիս, որ, չնայած բոլոր բարդություններին և դաժանություններին, կյանքն անկարող է կոտրել մարդկային հոգին: Սա պատմություն է ոչ միայն անցյալի՝ այլև ներկայի և ապագայի մասին: Գրքում ներկայացվող ընդհանուր ցավը և ապրումները ստիպել են վերականգնել երբեմնի կապերը այն վերապրած մարդկանց և նրանց սերունդների միջև և մեկտեղել ջանքերը հանուն արդարության մղվող պայքարում:

Բաքվում ապրող հայերը ենթարկվել են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական և բարոյական ճնշումների: Բաքվից գաղթած հարյուր հազարավոր հայեր այնտեղ են թողել իրենց ողջ ունեցվածքը: Ի տարբերություն Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների, որոնք հիմնականում կա՛մ փոխանակել են իրենց տները, կա՛մ ստացել փոխհատուցում, Բաքվի հայերն իրենց հետ անգամ անձնական իրերը և փաստաթղթերը չեն կարողացել վերցնել:

Կազմակերպված սպանությունները, մահվան վկայականների կեղծումները, սեփականության բռնագրավումներն ու բնակչության արտաքսումը ոճիրներ են իրագործված ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության հանդեպ: Գրքի հեղինակը նշում է, որ կատարվածի մեղավորն ու պատասխանատուն ոչ միայն Հեյդար Ալիևն է՝ որպես այդ ջարդերի ծրագրող և իրականացնող, այլ նաև նրա որդին՝ Իլհամ Ալիևը, որն իր հերթին թաքցնում է ցեղասպանության մասին փաստերը։

Ստորև ներկայացնում ենք Լիա Բաբայանի հետ հարցազրույցի ամբողջական տեքստը

– Շնորհակալություն, որ համաձայնեցիք ներկայացնել Ձեր պատմությունը: Կարո՞ղ եք խոսել ձեր ընտանիքի մասին, ու՞ր են տանում Ձեր արմատները:

Իմ հոր՝ Մարտին Բաբայանի ծնողները Շուշիից՝ Ղարաբաղից են։ Նրանք Բաքու են տեղափոխվել աշխատանք գտնելու նպատակով։ Պապս՝ Սարգիս Բաբայանը, 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բաքվում քարտուղար էր աշխատում, սակայն պատերազմի ժամանակ կրկին զորակոչվել էր բանակ։ Պատերազմում անհայտ կորած էր ճանաչվել։ Մորական կողմս արմատներով Արևմտյան Հայաստանից է. մորս՝ Թամարա Տեր-Սիմոնյանի տատն ու պապը 1915թ. Հայոց Ցեղասպանության ժամանակ կարողացել էին փրկվել՝ գնալով նախ Կիպրոս, ապա Ուզբեկստան, այնուհետև բնակություն հաստատել Բաքվում։ Ընտանիքիս բոլոր անդամները՝ ծնողներս, եղբայրս և ես, Բաքվում ենք ծնվել։

– Ձեր գրքում Դուք ներկայացնում եք Բաքվի հայերի ջարդերի վերաբերյալ Ձեր հուշերը: Կարո՞ղ եք նշել, թե ինչպիսի հետք են թողել այդ դաժան իրադարձությունները Ձեր կյանքում. ի՞նչ է կատարվել Բաքվում

Իմ մանկության ամենասարսափելի շրջանն էր։ Տարիքով մեզնից ավելի մեծ՝ չափահաս մարդիկ սարսափի մեջ էին, իսկ մենք, թեև երեխա էինք, այդուհանդերձ զգում էինք տիրող անհանգստությունը։ Մեր շենքը 16 հարկանի էր. մենք 12-րդ հարկում էինք բնակվում։ Բնակարանից կարողանում էինք հետևել հազարավոր մարդկանց ցույցերին։ Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է ադրբեջանցիների ամբոխը հավաքվում Կառլ Մարքսի արձանի մոտ և Բաքվի հայերին բնաջնջելու կոչեր հնչեցնում։

Հիշում եմ, որ երբ պատշգամբում կանգնած հայկական երգեր էի երգում, մայրս ձեռքերով փակել էր իմ բերանը։ Սա Արցախյան հակամարտության ամենաթեժ շրջանն էր։ Ծնողներիս սկսել էին ճնշել աշխատավայրում, այնուհետև ասել էին, որ այլևս չվերադառնան աշխատանքի։ Դրանից հետո սկսվեցին հարձակումներն ու իրական բռնությունները։ Մենք 1989թ. հոկտեմբերին փախուստի դիմեցինք. դրանից հետո ես այլևս Բաքու չեմ այցելել։ Հետապնդումներ էին սկսվել, և մենք սարսափելի վախի մթնոլորտում էինք։ 1990 թ.-ին Բաքվում հայ լինելը մահապատժի էր հավասար։

Հիշում եմ, որ լսել էինք մեր հարևանների սպանությունների և բարեկամների փախուստի մասին։ Սա իսկապես բարդ շրջան էր հատկապես մեզ՝ երեխաներիս համար։ «Պատերազմը խորտակում է մանկությունը, մնացած ամեն ինչ կարելի է վերականգնել»,- սա մեջբերում է իմ օրագրից և գրքից։ Բռնությունը սպանեց մեր մանկությունը։

Գրքիս 6-րդ գլխում պատմում եմ մորաքրոջս՝ Լոլայի (Լոլիտա (Միքայելյան) Տեր-Սիմոնյան) մասին, ով, ցավոք, չի փրկվել։ Ադրբեջանցի տղամարդկանց մի խումբ 1990թ. հունվարի 13-ին ներխուժել էր մեր բնակարան և սպանել նրան։ Տատիկս միայն հունվարի ջարդերից հետո էր կարողացել գնալ Բաքու՝ այն էլ ուրիշի անձնական տվյալներով և ԿԳԲ-ի ուղեկցությամբ։ Այնուհետև, ԿԳԲ ծառայողների օգնությամբ նա կարողացել էր Լոլայի աճյունը տեղափոխելու համար մահվան վկայական ստանալ։ Սրա մասին ես մանրամասն ներկայացրել եմ իմ գրքում։

– Ինչպե՞ս կարողացավ Ձեր ընտանիքը փրկվել Բաքվի ջարդերից, և ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Միացյալ Նահանգներում:

Իմ ընտանիքը, բարեբախտաբար, կարողացավ փրկվել ջարդերից։ Երբ մենք տեղափոխվեցինք Հայաստան, ես ընդամենը 7 տարեկան էի։ Վերջին անգամ Բաքվում հենց Լենինի պողոտայում կազմակերպված ցույցերի ժամանակ եմ եղել։ Մեր ծնողները ինձ և եղբորս նստեցրին Բաքու-Երևան ավտոբուսը. Երևանի կայարանում մեզ դիմավորեցին մեր բարեկամները։ Իմ ծնողներն ու ես դրանից հետո մի անգամ գնացինք Բաքու. դա վերջին այցն էր։ Մորաքույրս ջարդերի ժամանակ էր սպանվել՝ 1990թ. հունվարին։

Որոշ ժամանակ Երևանում էինք բնակվում, ապա տեղափոխվեցինք Եղվարդ, որտեղ 1 դպրոցի նկուղում ապրել ենք շուրջ 4 տարի։ Ես ու եղբայրս հենց այս դպրոցում ենք առաջին դասարան գնացել։ Սա Սպիտակի երկրաշարժից հետո էր՝ իմ ընտանիքի համար բավական բարդ շրջանում։ Ոչ փող ունեինք, ոչ կերոսին, ոչ էլեկտրականություն. Հայաստանում սով էր, մարդիկ պարզապես գոյության պայքար էին մղում։ ԱՄՆ  հասանք 1992թ սեպտեմբերի 4-ին, նախ՝ Նյու Յորք, ապա Այդահո նահանգի Twin Falls քաղաք՝ Հարավային Այդահոյի համալսարանի փախստականների ծրագրով։ 2005-ին ես վերադարձա Հայաստան, գնացի Եղվարդ և մեր հին ապաստարան այցելեցի։ Հիշողությունները վերապրելուց հնարավոր չէր չարտասվել։ Ինձ համար կարևոր էր այստեղ անցկացրած ժամանակը, քանի որ անհրաժեշտ էր գիրքը ավարտին հասցնել հասուն մարդու զգացումներով։ Շատ ցավոտ էր անցյալը վերհիշելը, և մեծ դժվարությամբ եմ գրել գիրքը։ Երազում եմ Հայաստան գալ, նորից ու նորից Եղվարդի դպրոց այցելել։

-Ի՞նչն է Ձեզ դրդել բարձրաձայնել մարդկային արժեքների, արդարության և մարդասիրության մասին։

Ես զգում էի, թե ինչպիսի անարդարության միջով է անցել իմ ընտանիքը, իսկ մորաքույր Լոլայի դաժան սպանությունը ամբողջ կյանքի ընթացքում մնալու է իմ սրտում և հիշողություններում։ Նրա սպանության վերքը դժվարությամբ սպիացավ. մանուկ ժամանակ չէի կարողանում հարմարվել այդ փաստին։ Նույնիսկ քնիս մեջ այն հետապնդում էր ինձ։ Բաքվի ջարդերի պատճառով ընտանիքս հուսալքված էր։ Նույնիսկ Ամերիկա տեղափոխվելուց հետո այս դեպքերը մեզ համար այնքան ցավոտ էին, որ մենք երբեք չենք խոսել դրանց մասին։ 4-րդ դասարանում սկսեցի անգլերեն սովորել, և ուսուցիչներիցս մեկը ինձ հորդորեց մտքերս ու հույզերս հանձնել թղթին։ Այսպես ես սկսեցի գրել մեր ընտանիքի պատմությունը՝ ոչ միայն որպես Բաքվի ջարդերից փրկվածների, այլ նաև՝ ԱՄՆ-ում որպես փախստական բնակվողների։ Ես սկսեցի գրել 1994-ից։ Մի օր, երբ գրածներս ցույց տվեցի տատիկիս, հենց նրա հորդորով սկսեցի մտածել գիրք գրելու մասին։ Ես տատիկիս խոսք էի տվել և պարտավոր էի կատարել խոստումս, բայց կարծում եմ՝ իմ պարտականությունն է խոսել կազմակերպված ցեղասպանության մասին։Սա քրեական գործողություն էր ուղղված ողջ մարդկության դեմ, որը կազմակերպել էր Ադրբեջանի կառավարությունը։ Սա մտածված էթնիկ բնաջնջման ծրագիր էր։ Ադրբեջանի բռնապետական ընտանիքի ձեռքերն արյան մեջ են թաթախված։ Իլհամ Ալիևը, իր հոր՝ Հեյդար Ալիևի պես, նույնչափ մեղավոր է՝ ցեղասպանության փաստերը կոծկելու, Բաքվի հայկական գերեզմանատունը ոչնչացնելու համար։    
Նախապես մտածված սպանությունները, մահվան վկայականների, ծննդյան թվերի կեղծումները, սեփականության բռնագրավումը, բնակչության արտաքսումը միջազգային իրավունքի համաձայն հանցագործություն են ոչ միայն հայերի, այլ ողջ մարդկության դեմ։ Նրանք շարունակում են Ադրբեջանում հակահայկականություն և ատելություն քարոզել Արցախի հանդեպ։ Ալիևի ողջ ընտանիքը ներքաշված է կոռուպցիայի մեջ, զբաղվում է փաստերի մանիպուլյացիայով և կեղծ պատմագրությամբ։ Տեսեք, թե ինչ է այնտեղ կատարվում. նրանք բանտարկում են կոռուպցիայի դեմ խոսողներին, գրողներին և իրենց կեղծ պատմությունների դեմ ընդդիմացող  ցանկացած մարդու։ Իրենց  սեփական ժողովուրդը մեղադրում է նրանց կոռուպցիայի, ազատ խոսքի դեմ ճնշումներ գործադրելու մեջ։ Այս ընտանիքը կոռուպցիոն տաղանդի միջոցով է կարողացել ստեղծել իրենց կայսրությունը։

Դուք արդեն իրականություն եք դարձրել Ձեր տատիկի խնդրանքն ու թղթին հանձնեցիք Ձեր ու նրա հիշողությունները:  Ինչու՞ «Լիմինալ», ինչ է խորհրդանշում գրքի վերնագիրը:

Այս հուշագրությունը ընդգրկում է իմ օրագրի գրվածքները (10-18 տարեկանում), ինչպես նաև հիշողություններ մեր Բաքվի կյանքից, փախուստից, Հայաստանից ու Միացյալ Նահանգներից։ Ինչպես նշեցի, տատիկիս խոսք էի տվել գրել այս գիրքը և ինձ համար չափազանց կարևոր էր պահել խոստումս։ Նա, ցավոք, արդեն ողջ չէ, սակայն ես զգում եմ, որ գիրքը միասին ենք գրել՝ իր օգնությամբ և տեղեկություններով։ Գրքի ստեղծման գործում ինձ մեծ աջակցություն են ցուցաբերել նաև ընտանիքիս մյուս անդամները։ Սա մեզ հնարավորություն տվեց խոսել մեր հաղթահարած դաժան փորձությունների մասին։
Գիրքը գրելիս փորձում էի գտնել մի բառ, որը կնկարագրի, թե ինչ է նշանակում կորցնել տունը, ինքնությունը, ամբողջ կյանքը և դառնալ փախստական։ Դժվար է նկարագրել այս զգացմունքային և հոգեկան վիճակը. ի՞նչ է նշանակում գալ Ամերիկա, չլինել ամերիկացի և աստիճանաբար դառնալ այս նոր երկրի մի մասը, ի՞նչ է նշանակում զգալ այդ փոփոխությունները ամեն օր։ Փախստականների հոգեբանությունը, ինքնության ձևավորման բարդ ուղին և անցյալի ու ներկայի միաձուլումը մեկ բառով ինչպե՞ս կարող էի արտահայտել։ Ահա այսպես ես գտա «լիմինալ» բառը (նշանակում է անցումային շրջան)։
Մեր կյանքն անընդհատ փոփոխությունների էր ենթարկվում, ընդ որում՝ մեր կամքից անկախ, մեր վերահսկողության սահմաններից դուրս։ Հատկապես, երբ ԱՄՆ եկանք, մենք չէինք հասկանում այս հասարակության ընկալումները, մշակույթը։ Չէինք էլ կարողանում հասկանալ, թե ինչ կարող ենք սպասել ապագայից։ Իրավիճակն անընդհատ էր փոփոխվում։ Այդ իսկ պատճառով իմ գրքին տվել եմ «Լիմինալ» անունը. մի փախստականի հուշագրություն, որը ներկայացնում է, թե ինչպես են այս հոգեբանական ցնցումները փոխել մեր ինքնությունը, և ինչ ենք մենք դարձել դրանից հետո։ Հիշողությունները թղթին հանձնելիս ես երիտասարդ էի՝ 16-18 տարեկան, բայց իմ մտքերը միշտ փնտրում էին մի բառ՝ հասկանալու հենց իմ կենսափորձն իբրև փախստական երեխա և Ամերիկայում մեծացող դեռահաս։ Մինչ հասկանալս, թե ով եմ ես այս նոր երկրում, ես պետք է փորձեի վերլուծել իմ անցյալն ու այն ամենը, ինչին ընտանիքս էր դիմակայել: Գրելով իմ մտքերի, զգացմունքների մասին, ես ինձ ավելի ազատ էի զգում. սա էլ դժվարությունները հաղթահարելու իմ ճանապարհն էր։
Կարևոր է, որ երեխաներս իմանան իրականությունը մեր կյանքի ճանապարհի մասին, իմանան, թե ինչպես ենք եկել Ամերիկա։ Այսպես նրանք կապրեն՝ իմանալով իրենց հայկական արմատների մասին։

-Մտածե՞լ եք արդյոք գիրքը հայերեն թարգմանելու և այն հայ հասարակությանը ներկայացնելու մասին:

Իմ երազանքն է հանդիպել մեկին, ով մեծ ցանկություն կունենա գիրքս թարգմանել հայերեն և ռուսերեն։ Ես հայերեն Եղվարդի դպրոցում եմ սովորել, բայց այժմ շատ քիչ եմ կարողանում կարդալ ու գրել։ Կարծում եմ, որ գիրքս իմ մայրենի լեզվով թարգմանելը շատ կարևոր է նաև ի պատիվ իմ նախնիների։ Հույս ունեմ այդպիսի հնարավորություն կունենամ և Հայաստանում բնակվող մեր հասարակությանը ևս կներկայացնեմ գիրքս։ Ես շատ ուրախ էի, որ անգամ մի 86-ամյա ամերիկացի վետերան 100 օրինակ էր պատվիրել ու ԱՄՆ-ում տարբեր դպրոցների, համալսարանների և գրադարանների նվիրել։ Նա ցանկանում էր, որ մարդիկ իմանան ճշմարտությունը Բաքվում հայերի հետ կատարվածի վերաբերյալ:

Հայտնի է, որ 1990 թ.-ին՝ ջարդերի ժամանակ, շատ ընտանիքներ լքել են Բաքուն առանց փաստաթղթերի, գումարի՝ այնտեղ թողնելով գրեթե ամեն ինչ։ Դուք բավական երկար ժամանակ է, ինչ զբաղվում եք այս հարցով։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել Ադրբեջանի դեմ դատական գործընթացներ սկսելու և կորսված տարածքների, ինչպես նաև բարոյական վնասների համար փոխհատուցում ստանալու համար։ Հայտնի է, որ հազարավոր հայեր, փրկվելով Բաքվի ջարդերից, իրենց նոր տունը ստեղծել են ԱՄՆ-ում։ Դուք մյուս վկաների հետ կապ ունե՞ք։ Փորձե՞լ եք աշխատել միասին և համատեղ ծրագրերի օգնությամբ Բաքվի ջարդերի մասին իրազեկել ԱՄՆ հասարակությանը։

Նախ, ուզում եմ շեշտել, որ ինձ համար շատ կարևոր էր կատարված հետազոտությունների լրամշակումը։ Ես 15 տարի աշխատել եմ այս գրքի վրա, բայց ամենաբարդն ինձ համար անցյալը վերապրելն ու այդ հոգեբանական ցնցումները կրկին զգալն էր։ Իմ հուշագրությունները ամբողջական տեսք են ստացել աշխարհաքաղաքական հարցերով զբաղվող ակադեմիկոսների, պատմաբանների հետ, ցեղասպանությունների վերաբերյալ ուսումնասիրությունների նախագծերի [շրջանակներում] համագործակցության [արդյունքում]։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ազդեցություն են ունենում ցեղասպանությունները ոչ միայն անմիջական ականատեսների հոգեբանության, այլև՝ նրանց ապագայի վրա։ Ուսումնասիրել ենք Հոլոքոստը, Կամբոջայի, Բոսնիայի և այլ ցեղասպանություններն ու հոգեբանական հետևանքները։

Իմ ընտանիքը Բաքվի ջարդերի հետևանքով կորցրել է ամեն ինչ, այդ թվում՝ տունը, որն,իմիջիայլոց, կառավարությունն էր նվիրել իմ պապիկ Սարգսին՝ որպես 2-րդ համաշխարհային պատերազմի վետերան։ Մեր ընտանիքի կյանքում Բաքվի ջարդերը հոգեբանական և զգացական ցնցումների պատճառ են դարձել, որոնք հետագայում ֆիզիկական հիվանդությունների պատճառ են դարձել։ Մեր սեփականությունները, ընտանեկան ժառանգությունը, լուսանկարները, ընտանիքի պատմության փաստագրությունը ոչնչացվել և գողացվել են մեզնից։ Իսկ ամենաանբարոյական, ամոթալի, քրեական գործողությունը, որ ցանկացած հասարակություն կարող էր իրագործել, Բաքվի հայկական գերեզմանատան ոչնչացումն ու տապանաքարերի պղծումն էր։ Այս ամենի համար մեղավոր է Ադրբեջանը:

Երբ 2005թ.-ին գնացել էի Եղվարդ, այս այցելությունը ոգեշնչել էր ինձ աշխարհին պատմելու իմ ընտանիքի պատմությունը։ Սկզբում շատ ցավոտ էր՝ բաց վերքի նման, իսկ հիմա վերքի փոխարեն մեծ ցանկություն է առաջացել վերականգնելու արդարությունը: Ցանկանում եմ բոլորին ներկայացնել իմ մորաքույր Լոլայի և մյուս հայերի դաժան սպանությունների մասին իրական պատմությունները։ Եթե նույնիսկ արդարություն չգտնենք միջազգային իրավունքի միջոցով, ապա, վստահ եմ, որ արդարությունն իր տեղը կգտնի մերօրյա հասարակության մեջ, եթե շարունակենք իրազեկել նրանց իրական պատմությունների մասին։ Մենք՝ հայ փախստականներս, մեր անցյալը կրող մարտիկներ ենք, ոչ թե զոհեր։ Կյանքս եմ նվիրել Բաքվում մարդկության դեմ իրականացված հանցանքների մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու, իրազեկելու գործին։

Այս գիրքն իմ ընտանիքին օգնել է կրկին կապ հաստատելու հին ընկերների հետ. ընկերներ, որոնք մեզ հետ նույն շենքում էին ապրում Բաքվում և որոնց հետ մենք կորցրել էինք մեր կապը։ Այսօր սոցիալական մեդիայի միջոցով գիրքը մարդկանց հասանելի է դարձել ամբողջ աշխարհում։ Բացի այդ, Բաքվի ջարդերից փրկված հարյուրավոր մարդիկ աշխարհի տարբեր կետերից կապ են հաստատում ինձ հետ իրենց պատմությունը, ընտանիքների փախուստի մասին իրական դեպքերը իմ միջոցով աշխարհին հասու դարձնելու համար։

Ես մարդու իրավունքների միջազգային դատարանի օգնությամբ աշխատելու եմ դատական գործի ուղղությամբ։ Այս պարագայում շատ կարևոր է համագործակցել փորձառու իրավաբանների թիմի հետ, որը հասկանում է հետագա սերունդների համար այս անարդարության լրջությունը և մարդկության դեմ այսպիսի մեղքեր գործածներին միջազգային իրավունքի նորմերին համապատասխան արժանի պատիժ տալու անհրաժեշտությունը։ Ադրբեջանի կառավարությունը չի կարող ճնշումներ գործադրել Ադրբեջանի սահմաններից դուրս ճշմարտությունը տարածելու համար։ Միջազգային հանրությունը տեղյակ է 1990թ.-ի ջարդերից. դրանք վերահաստատվել են պատմագիտական արխիվներով։ Ցանկացածը կարող է տեղեկություններ քաղել այս դեպքերի մասին լրագրողների, և անգամ Վիկիպեդիայում առկա ականատեսների պատմություններով։ Ադրբեջանի կառավարությունը միջազգային հանրության մակարդակով զրոյական վարկանիշ ունի – այն կոռուպցիայի ճահիճ է։ Նույնիսկ Ադրբեջանի բնակիչներն են տեղյակ, որ իրենք իրենց կոռումպացված ղեկավարության գերիներն են և ներկայումս պայքարում են մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության համար։

Լիա Բաբայանի «Լիմինալ։ փախստականի հուշագրություն» գիրքը կարող եք գնել Ամազոնից՝ հետևյալ հղումով։

Լուսինե Պողոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս