
«ԱԱԾ-ն փորձելու է ինչ-որ նոր բաներ փնտրել, որը հնարավոր կլինի մեղսագրել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի իրենց ֆիասկոն այդքան ցայտուն չերևա»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Քոչարյանի գործով պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վճռաբեկ դատարան։
Անդրադառնալով փետրվարի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման հիմքերին, որով մերժվեց պաշտպանական կողմի՝ գրավ կիրառելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը, Հայկ Ալումյանն ասաց, որ նախաքննական մարմինը և Դատախազությունը պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանը մնալով ազատության մեջ՝ կարող է թաքնվել քննությունից և խոչընդոտել քննությանը։
«Երկու հիմքերն էլ բացարձակապես հավասար են զրոյի, այսինքն՝ չկան այդ հիմքերը։ Պարոն Քոչարյանն առաջին անգամ ծանուցագիր ստացել է հուլիսի 5-ին, երբ եղել է Հունաստանում։ Այս մասին նրա գրասենյակի պատասխանատուն անմիջապես տեղեկացրել է վարույթ իրականացնող մարմնին և ասել, որ հուլիսի 25-ին կվերադառնա և կմասնակցի քննությանը։ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է Հայաստան ու ներկայացել քննիչին։ Այսինքն՝ անձի գործողություններն ապացուցում են, որ նա քննությունից թաքնվելու որևէ նպատակ չունի»,- նշեց Հայկ Ալումյանը։
Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելուն, ապա Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի օգոստոսի 17-ից մինչև դեկտեմբերի 7-ը գտնվել է ազատության մեջ, և նույնիսկ քննիչն է դատարանում ասել, որ Երկրորդ նախագահն ազատության մեջ չի կատարել որևէ գործողություն, որը կարող էր խոչընդոտել քննությանը։
Հայկ Ալումյանը նաև կարծիք հայտնեց, որ կան հատկանիշներ, որոնցից կարող է ենթադրել, որ «Մարտի 1«-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը թուլանալուն զուգընթաց՝ ԱԱԾ-ն փորձելու է ինչ-որ նոր բաներ փնտրել, որը հնարավոր կլինի մեղսագրել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի իրենց ֆիասկոն այդքան ցայտուն չերևա։
Զվարթ Խաչատրյան