«301 և ավելի ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկը նախկին դրույքաչափից երեք անգամ ավելի է գանձնվելու, ինչն աբսուրդ է»
Կառավարությունը խրախուսում է Հայաստանում էկոզարգացումը և փորձ է անում ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաներից սահմանին չգանձել ավելացված արժեքի հարկը:
«Մի շարք արտոնություններ ունեն թե՛ հիբրիդային, թե՛ էլեկտրական շարժիչով մեքենաները: Չեն գանձում բնապահպանական վճարներ: էլեկտրական շարժիչով մեքենաների համար նաև մեկ այլ արտոնություն է սահմանված՝ ազատում են կայանատեղիների վճարման տուրքից: Այսինքն, մեր երկրում որքանով հնարավոր է՝ փորձում ենք օդի աղտոտվածության դեմ պայքարել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:
Նրա փոխանցմամբ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություն կա, որը կապված է բնապահպանական հարկի գանձման հետ:
«301 և ավելի ձիաուժ ունեցող տրանսպորտային միջոցների բնապահպանական հարկը նախկին դրույքաչափից երեք անգամ ավելի է գանձնվելու (50 դրամը դառնում է 150 դրամ): Իմ կարծիքով՝ այս փոփոխությունն անհիմն է: Բնապահպանական հարկի նման կերպ գանձումն աբսուրդ է: Շարժիչի հզորությունից կախված՝ բնապահպանական վճար գանձելը տրամաբանական չէ: Բնապահպանության նախարարությունը հարկման և գանձման մեխանիզմում պետք է ներդնի այնպիսի համակարգ, որը կունենա նպատակային նշանակություն: Եթե չեն ստուգում ու չեն տեսնում, թե տվյալ տրանսպորտային միջոցն օդն ինչքանով է թունավորում, և միայն շարժիչի հզորությունն են վերցնում հարկման բազա՝ կարելի է ասել, որ աբսուրդ է: Հաշվի չեն առել նաև այն, թե տվյալ մեքենաներ՝ ի՞նչ վառելիք են օգտագործում: Գիտենք, որդիզվառելիքով և գազով շարժվող մեքենաներն ավելի քիչ են օդն աղտոտում»,- նշեց «Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահը:
Տիգրան Քեյանն ընդգծեց՝ կարևոր է տեխզննումը:
«Կա օրենսդրական ակտ, իրավավական չափանիշ, թե ի՞նչ պետք է ստուգվի: Հստակ նշված է նաև օդի աղտոտվածության չափի որոշումը: Այսինքն՝ ի՞նչ սարքով պետք է զինված լինի տեխզննման կետն ու ինչպես պետք է ստուգի: Սա մինչ օրս ՀՀ-ում չի իրականացվում»,- նկատեց«Վարորդի Ընկեր» ԻՀԿ նախագահը:
Անի Կարապետյան