Հայաստանի տնտեսության դիրքերն իրացման շուկաներում թուլանում են. Ինչ է մտածում կառավարությունը

Մինչ կառավարությունը խոստանում է առաջիկա հինգ տարիներին ապրանքների և ծառայությունների արտահանումը հասցնել ՀՆԱ 43-45 տոկոսին, Հայաստանի տնտեսության դիրքերն արտաքին շուկաներում թուլանում են։ Այդ միտումը սկսել է նկատվել հատկապես իշխանափոխությունից հետո։ Չնայած կառավարությունը հայտարարել է արտահանման խթանման քաղաքականություն իրականացնելու մասին, այնուհանդերձ մինչ այդ գրանցված դրական տեղաշարժից հետո Հայաստանի արտաքին առևտրի վիճակագրությունը վերստին վատանում է։

Պատճառը ներմուծման առաջանցիկ աճն է արտահանման նկատմամբ, ինչը վերջին շրջանում արագորեն խորանում է՝ մեծացնելով արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը։ Արտահանման և ներմուծման տարբերությունն անցած տարի գերազանցել է 2,5 մլրդ դոլարը։

Ընդհանուր առմամբ երկրից արտահանվել է՝ 2,4 մլրդ դոլարի, ներմուծվել՝ 4,9 միլիարդի ապրանք։ Արդյունքում՝ ներմուծումը վերստին ավելի քան կրկնակի գերազանցել է արտահանմանը։

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը վատ ազդակ է տնտեսության, ինչպես նաև՝ ֆինանսական շուկայի համար։ Դա նշանակում է, որ տնտեսությունը կորցնում է իր դիրքերը։ Ընդ որում, ոչ միայն արտաքին, այլև ներքին շուկայում։

Դրա հետևանքով վատանում է նաև երկրի վճարային հաշվեկշիռը և տարադրամային դիմադրողականությունը։ Ներմուծման ֆինանսավորման նպատակով բավական մեծ ծավալի միջոցներ են արտահոսում երկրից՝ փոխարենը համալրում չի ստացվում արտահանումից։ Ժամանակի ընթացքում, երբ այլ ուղղություններից ևս սկսում են նվազել ֆինանսական հոսքերը, սա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել արժութային շուկայում։

Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը սկսեց ակտիվանալ հատկապես իշխանափոխությունից հետո։ Առանձին ամիսներին ներմուծման աճի պայմաններում արտահանման աճն աստիճանաբար դանդաղեց, երբեմն նույնիսկ անկում գրանցեց։

Սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արտաքին շուկաների մատակարարումները կրճատվեցին 17 տոկոսով։ Թեև հոկտեմբերին ակտիվությունը որոշ չափով վերականգնվեց, այնուհանդերձ նոյեմբերին արտահանումը վերստին նվազեց։ Ընդ որում, ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ ամսվա համեմատ։ Դեկտեմբերին արտահանումը 2017թ. համեմատ կրճատվեց գրեթե 11 տոկոսով։

Այս դրսևորումներն ուղեկցվեցին արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացմամբ, որը նկատելի է հատկապես ամսվա կտրվածքով։ Եթե անցած տարվա հունվարին արտահանման և ներմուծման բացասական տարբերությունը 1,7 անգամ էր, հունիսին՝ գրեթե 2, սեպտեմբերին՝ 2,2, ապա արդեն նոյեմբերին հասավ 2,5 անգամի։

Տարեկան կտրվածքով համեմատաբար բարվոք վիճակը հաջողվեց պահպանել գերազանցապես տարեսկզբին արտաքին շուկաներ իրականացված մատակարարումների բարձր ակտիվության հաշվին։ Եթե առաջին եռամսյակում արտահանման աճը գերազանցում էր 34 տոկոսը, առաջին կիսամյակում հասնում էր 20 տոկոսի, ապա տարեվերջին այն կազմեց ընդամենը 7,8 տոկոս։ Այլ կերպ ասած, իշխանափոխությունից հետո արտահանման աճի տեմպը նստեց գրեթե 4,4 անգամ։

Արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը, որը կապված է ոչ միայն՝ արտահանման աճի դանդաղելու, այլև՝ ներմուծման առաջանցիկ աճի հետ, վտանգներ է ստեղծում ներքին տնտեսության համար։ Մեծանում է ներկրվող ապրանքների առաջարկը՝ խնդիրներ ստեղծելով հայրենական արտադրանքի իրացման համար։ Դրա հետևանքով տեղական արտադրանքը դուրս է մղվում՝ փոխարինվելով ներմուծմամբ։

Սա լուրջ խնդիր է Հայաստանի տնտեսության համար։ Հատկապես որ, ներքին շուկայի իրացման ծավալները շատ փոքր են։ Այդ պայմաններում Հայաստանի տնտեսության զարգացումն անհնարին է պատկերացնել առանց ներմուծման փոխարինման և արտահանման ագրեսիվ քաղաքականության իրականացման։

Չնայած դրան, իրավիճակը շտկելու ուղղությամբ կառավարության քայլերը գրեթե տեսանելի չեն, որքան էլ այդ գործոնով պայմանավորված տնտեսության ռիսկերն ու վտանգները գնալով ավելանում են։ Մի բան, ինչը նշանակում է, որ առաջիկայում տնտեսական լարվածությունն ավելի կմեծանա։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը սկսել է կորցնել մի շարք կարևոր շուկաներ, որտեղ հայկական ապրանքների իրացումը ոչ վաղ անցյալում բավական ակտիվորեն ընդլայնվում էր։ Դիրքերը թուլացել են արտահանման գրեթե բոլոր հիմնական շուկաներում։ ԱՊՀ երկրներ մատակարարումների աճի ցուցանիշը տարեվերջի ինն ամիսներին ավելի քան կրկնակի նահանջել է՝ 47 տոկոսից հասնելով 21 տոկոսի։ Նույնպիսին է պատկերը նաև ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններում։

Արտահանման աճի դանդաղումն ակնհայտ է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների դեպքում. Ռուսաստան մատակարարումների ակտիվությունը 45-ից նահանջել է մինչև 19 տոկոս։

Իրավիճակը շատ չի տարբերվում նաև Եվրամիության երկրների հետ հարաբերություններում։ 9 ամսում մատակարարումների աճը դանդաղել է գրեթե 3 անգամ։

Հայաստանը կորցրել է դիրքերը նաև այնպիսի իրացման շուկաներում, որտեղ գրեթե մշտապես ունեցել է առևտրի դրական հաշվեկշիռ։ Խոսքն առաջին հերթին՝ Վրաստանի մասին է։ Հայկական ապրանքների մատակարարումներն այս շուկայում կրճատվել են ավելի քան 55 տոկոսով. Նախորդ տարվա շուրջ 153 միլիոնի դիմաց՝ 2018թ. Վրաստան է արտահանվել ընդամենը 69 մլն դոլարի ապրանք։ Այս երկրի հետ Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը, որը տարիներ շարունակ դրական էր, այլևս բացասական է՝ ներմուծումը գերազանցել է արտահանմանը։

Հայկական ապրանքները կորցրել են դիրքերը նաև Միացյալ Նահանգների, Արաբական Միացյալ Էմերիությունների, Թաիլանդի և մի շարք այլ երկրների շուկաներում։ ԱՄՆ արտահանումը կրճատվել է 28 տոկոսով։ Նույնքանով պակասել են մատակարարումները նաև Արաբական Միացյալ Էմիրություններ։ Գրեթե դադարել է հայկական ապրանքների մուտքը թաիլանդական շուկա, որտեղ դրանք հազիվհազ փորձում էին հիմնավորվել։

Արտաքին առևտրի ոլորտում տեղի ունեցող այս փոփոխություններն ամենևին էլ Հայաստանի տնտեսության օգտին չեն։ Ընդհակառակը՝ դրանք խոսում են տնտեսության մեջ տեղի ունեցող ոչ ցանկալի երևույթների մասին։ Մինչ ներքին արտադրությունը ներդրումների խիստ կարիք ունի՝ Հայաստանը ներմուծման տեսքով մեծացնում է այլ երկրների տնտեսությունների ֆինանսավորումը։ Պատկերացնելու համար՝ նշենք, որ անցած տարի արտաքին առևտրի ոլորտում ֆինանսական միջոցների մուտքերի և ելքերի բացասական հաշվեկշիռը խորացել է ևս շուրջ 700 մլն դոլարով։ Եթե 2017թ. այն կազմում էր 1,8 մլրդ դոլար, ապա 2018թ. հասել է 2,5 միլիարդի։

Դա միայն արտաքին առևտրի ոլորտում ձևավորված այն հավելյալ գումարն է, որն անցած տարվա ընթացքում ուղղվել է այլ երկրների տնտեսությունների ֆինանսավորմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս