Կառավարության նախորդ ծրագիրը մնաց թղթի վրա. Ինչ սպասել նոր ծրագրից
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նախորդ կառավարության գործունեության ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա և մոռացված։ Հասարակությունը, ըստ էության, դրանից ոչինչ չստացավ։ Թերևս այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ դեկլարատիվ հայտարարություններից բացի, ծրագիրը որևէ կոնկրետություն չէր պարունակում տնտեսության ու սոցիալական ոլորտում։
Այն ժամանակ կառավարությանը, անշուշտ, կարելի էր հասկանալ` իշխանափոխությունից կարճ ժամանակ էր անցել, և դեռ հայտնի չէր, թե ինչ կարող էր սպասվել։
Այժմ իրավիճակն այլ է. իշխանափոխությունից անցել է ինն ամիս, և հիմա դժվար է հիմնավորումներ փնտրել անորոշությունների մեջ։ Ինն ամիսը բավարար ժամանակ է գնահատելու անցյալը և հստակեցնելու ապագա անելիքները։ Ի՞նչ է այս ընթացքում փոխվել կառավարության մոտեցումներում։
Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ղեկավարած նոր կառավարությունը ներկայացրել է իր գործունեության ծրագիրը։ Մինչ փաստաթղթին անդրադառնալը՝ մեկ դիտարկում. առաջին անգամ դա արվում է՝ առանց կառավարության կառուցվածքի հստակեցման։ Տևական ժամանակ է, ինչ քաղաքական իշխանությունը չի կարողանում կողմնորոշվել այդ հարցում։ Ստեղծվել է անհեթեթ իրավիճակ. ներկայացվում է գործունեության մի ծրագիր, որի կատարման պատասխանատուները հստակեցված չեն։ Հայտնի չէ, թե ինչպե՞ս և ո՞ւմ միջոցով է կառավարությունը պատրաստվում իրականացնել, ասենք` էներգետիկայի կամ գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը։
Այս պայմաններում ներկայացված ծրագիրը, ինչպիսին էլ որ լինի, կորցնում է իր լրջությունը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է խոստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հերթական կառավարությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում։
Ներկայացված ծրագիրը վկայում է, որ կառավարությունը կորցրել է արագ արդյունքի հասնելու հույսերը, որոնք կային իշխանափոխությունից անմիջապես հետո։ Բացի այն, որ փաստաթուղթը հիմնականում դեկլարատիվ հայտարարություններից է կազմված, խիստ չափավոր են նաև կառավարության առաջիկա սպասումները։
Չնայած խոստացված տնտեսական հեղափոխությանը և թռիչքաձև աճին, դա չկա ծրագրում.
– Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպով՝ ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս։
Թե 5 տոկոս աճն ինչքանո՞վ է արդարացնում ձևավորված սպասելիքները, այլ հարց է։ Բայց այն մեկին-մեկ համընկնում է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության տված խոստումներին։ Չհաշված, որ էապես ցածր է մինչև իշխանափոխությունը Հայաստանում արձանագրված տնտեսական աճից։
Թե ո՞ւր մնաց Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական թռիչքը, հավանաբար պետք է գուշակել։
Դատելով կառավարության ծրագրից՝ ոչ մի թռիչք էլ չի սպասվում։ Ընդ որում, ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական ոլորտում։ Լավ ապրելու հույսեր, որոնք մարդիկ փայփայում էին իշխանափոխության ժամանակ, կառավարության այս ծրագիրը չի տալիս։
Այլևս արդիական չեն կենսաթոշակները, աշխատավարձերը, մյուս սոցիալական վճարները կտրուկ բարձրացնելու խոստումները։ Ավելին, ինչպես այլ, այնպես էլ այս ոլորտում կառավարությունը փորձել է հնարավորինս զերծ մնալ կոնկրետ ցուցանիշների ամրագրումից։ Մի բան, ինչը, թերևս, հետագայում պատասխանատվությունից և պարտավորությունների չկատարումից խուսափելու հիմնական միջոցն է։
Այսպես՝ «պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ»։
Ի՞նչ պարբերականության մասին է խոսքը, և ինչքա՞ն է ակնկալվում այդ ընթացքում բարձրացնել կենսաթոշակները, պարզ չէ։ Թեև կառավարությունը փորձել է այն կապել գնաճի հետ, այնուհանդերձ մոռացել է, որ գնաճն ամենևին էլ չի արտահայտում թանկացումների այն իրական պատկերը, որը սովորաբար արձանագրվում է առաջին անհրաժեշտության լայն սպառման ապրանքների շուկաներում։
Նույն անորոշ ձևակերպումներն են նաև աշխատավարձերի դեպքում՝ «Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրականացման նպատակով շարունակաբար կպարզեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաև, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում»։
Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023թ. էապես կրճատել գործազրկությունը:
Ի՞նչ է դա ենթադրում, որևէ կոնկրետություն չկա։ Եթե հույսը ստվերային աշխատատեղերի բացահայտման հաշվին զուտ գործազրկության ցուցանիշները բարելավելն է,ապա դա բնավ կապ չունի իրական աշխատատեղերի ստեղծման հետ։ Կառավարության աշխատանքի արդյունքներն այս առումով տեսանելի չեն։ Ինն ամսվա ընթացքում Հայաստանում նոր աշխատատեղերը ոչ միայն չեն ստեղծվել, այլև հակառակն է եղել՝ աշխատատեղեր են կրճատվել։ Առաջիկայում ևս կառավարությունը պատրաստվում է շարունակել այդ գործընթացը՝ պետական կառավարման համակարգի օպտիմալացման անվան տակ։ Սպասվում է, որ այդ քաղաքականության հետևանքով տասնյակ-հազարավոր մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը և կհամալրեն գործազուրկների շարքերը։
Այս պայմաններում թե որքանո՞վ է իրատեսական գործազրկության մակարդակն էապես կրճատելու վերաբերյալ կառավարության խոստումը, ժամանակը ցույց կտա։
«Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը»,- ասված է կառավարության ծրագրում։
Ինչպես նախկին կառավարությունները, այնպես էլ՝ Նիկոլ Փաշինյանինը, Հայաստանի տնտեսության առաջընթացը կապում են արտահանման աճի հետ՝ Ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի:
Այլևս չկա նախկին վստահությունը՝ ներդրումների ներգրավման հետ կապված։ Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հույս ուներ, որ քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները կվերածվեն ներդրումային լուրջ հոսքերի, ապա այս փաստաթղթում նման լավատեսություն չկա։
Խոսք չկա նաև ստվերային տնտեսության կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական աճի արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացման մասին։
Կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ, անշուշտ, կարելի է երկար խոսել։
Մի բան փաստ է, որ դա ամենևին էլ չի արտահայտում ակնկալիքները, որոնք ձևավորվել էին հասարակության շրջանում։ Այն, որ իշխանափոխությունից հետո մարդիկ հույս ունեին, թե իրենց կյանքում արագ փոփոխություններ կլինեն, որևէ կերպ չի բխում այս փաստաթղթից։ Չկան ինչպես՝ աշխատատեղերի ստեղծման, այնպես էլ՝ աշխատավարձերի ու կենսաթոշակների ավելացման հետ կապված առարկայական ակնկալիքներ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ