Բաժիններ՝

Վտանգված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը. Ժառանգները դիմում են ՀՀ ղեկավարությանն ու բարերարներին

Հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է Գյումրիի կիսավեր «Օմեգա» գործարանում, գտնվում է ոչնչացման եզրին։

Նշենք, որ «Գիշեր» որմնանկարն ընդգրկված է պահպանվող հուշարձանների ցանկում, 2010 թվականին այն ընդգրկվել է վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում, սակայն մինչև օրս վերականգնելու ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել։
«Մինաս Ավետիսյան» հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է այս և նկարչի մյուս որմնանկարները վերականգնելու հարցը, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն արել։

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանի խոսքով՝ նախնական հաշվարկներով՝ որմնանկարը վերականգնելու համար նախնական պահանջվում է 25 հազար դոլար։

«Որմնանկարն այժմ գտնվում է փլատակների վերածված գործարանում և ներառված է հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում։ Երեք տարի առաջ հարց բարձրացրեցի, որ գումար փոխանցեն, որպեսզի որմնանկարը կարողանանք որոշ ժամանակով պահպանել, խոսքը 700 հազար դրամի մասին էր, որը նախատեսված էր միայն գիպսի համար։ Սակայն այդ գումարը չտվեցին, այդպես էլ չիմացանք, թե ինչու, բացատրություն չկար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ա. Ավետիսյանը։

Ըստ նրա, «Գիշեր» որմնանկարը ստանդարտ չափերի է և երբևէ չի վերականգնվել։

«Այժմ որմնանկարը գրեթե ոչնչացման եզրին է, կորուստների թիվը բավականին մեծ է՝ մոտ 45-50 տոկոս է։ Խնդիր դնել, որ այն չարժե վերականգնել, քանի որ կորուստները շատ է՝ սխալ է։ Մենք ունենք լայն հնարավորություններ որմնանկարն այնպես վերականգնել, որ այն բերվի նախնական տեսքի, սրա համար միայն գումար է անհրաժեշտ։ Այս որմնանկարը բարձրարժեք արվեստի գործ է, եթե այդպես չլիներ, այն պետությունը չէր ներառի պահպանության ցանկում»,- շեշտեց Արման Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ժամանակը շատ սուղ է, քանի որ օրեցօր որմնանկարի վնասներն ավելի են մեծանում, ուստի պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն։

«Այժմ փորձում ենք լրատվամիջոցների միջոցով կոչ անել պատկան մարմիններին, բարերարներին, որպեսզի դրամահավաք սկսենք և որմնանկարը ոչնչացումից փրկենք»,- ընդգծեց Արման Ավետիսյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս