Բաժիններ՝

«Պետությունը պետք է հրաժարվի փաստաբանների հարկը բարձրացնելու գաղափարից և բարելավի իր վարչարարության որակը». Արա Զոհրաբյան

Փաստաբանների և հաշվապահների շրջանում դժգոհություն է հասունացել։ Պատճառը հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի նախագիծն է, որով հաշվապահական հաշվառման, իրավաբանական ծառայություններ մատուցողների հարկային նոր, փոփոխված պարտավորություններ են սահմանվելու։

Այս ոլորտների մասնագետները համարում են, որ շրջանառության մեջ դրած նախագիծը ավելացնելու է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով մի շարք ծառայություններ քաղաքացիների համար թանկանալու են, Պետական եկամուտների կոմիտեին էլ հասանելի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է և չի ապահովելու փաստաբանի անկախությունը, ինչպես որ մեր երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններով:

Փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկից անցումը ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի և շահութահարկի: Ներկայում կոնկրետ փաստաբանները հարկվում են շրջանառության 5 տոկոսի չափով:

Եթե վիճելի դրույթներով նախագիծը ներառվի կառավարության նիստի օրակարգ, նիստի օրը կառավարության առաջ փաստաբանները բողոքի ցույց են իրականացնելու: Նախագիծը ընդունելու դեպքում էլ բողոքի ցույց կանեն երեք օր` հրաժարվելով այդ օրերին ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն իրականացնելուց:

Այս խնդիրների շուրջ 168.am-ը զրուցեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ

Պարոն Զոհրաբյան, երեկ Դուք մասնակցել եք հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հանրային քննարկմանը։ Ի՞նչ կազմ ուներ այդ քննարկումը, և ի՞նչ տպավորություն ունեք դրանից։ Արդյո՞ք պատկան մարմինները պատրաստ են վերանայել իրենց մոտեցումները՝ խնդրի հետ կապված։

– Հանրային քննարկումը կազմակերպել էին շահագրգիռ ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունները, և ոչ թե՝ պետական մարմինը: Հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի դիրքորոշումից առնվազն ինձ համար պարզ դարձավ, որ նա միգուցե լավ տնտեսագետ է, բայց լավ չի պատկերացնում փաստաբանության ոլորտը, արդարադատության համակարգը և մարդու իրավունքները:

Փաստաբանները մտավախություն ունեն, որ նախագիծն ընդունելու դեպքում հարկահավաք կառույցին հայտնի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչը, իհարկե, որևէ պարագայում թույլատրելի չէ։ Ինչպե՞ս են Կառավարությունում մեկնաբանում սա, ինչպե՞ս են պատրաստվում բացառել դա։

– Այս փուլում փաստաբանական գաղտնիքի մասին խնդիր չեմ տեսնում: Խնդիրը փաստաբանի անկախության, փաստաբանության ոլորտի զարգացման, դատարանի մատչելիության իրավունքի խոչընդոտներ ստեղծելու մեջ է: Որպեսզի չկրկնվեմ, փաստաբանների պալատի կայքում հրապարակվել են մեր առարկությունները:

Դուք հայտարարել եք, որ նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու դեպքում պատրաստվում եք 7-օրյա գործադուլ անել, ապա անհրաժեշտության դեպքում՝ անժամկետ։ Բողոքի այլ տարբերակներ չե՞ք նախատեսում այդ ծայրահեղ միջոցին չդիմելու համար, որովհետև այստեղ կարող են տուժել ձեր վստահորդների ու պաշտպանյալների շահերը։

– Բողոքի այդ ծայրահեղ միջոցը դրված է վերջում: Մինչ այդ բավականին կառուցողական քայլեր ենք իրագործելու: Ի դեպ, ինչպես նախկինում նշել եմ, հիմա էլ պնդում եմ, դա շանտաժ չէ: Մենք բոլորս էլ մեր պետությունը սիրում ենք, և չի կարելի պետության հետ «պիտի»-ների լեզվով խոսել: Բայց պետությունն էլ պետք է հոգատարություն ցուցաբերի իր քաղաքացիների նկատմամբ, փորձի հասկանալ նրանց խնդիրները: Այս ոլորտում պատշաճ ուսումնասիրություն արված չէ:

Օրինակ՝ միայն 2017թ. Ընդհանուր իրավասության դատարանում, վարչական դատարանում ստացվել կամ քննվել են համապատասխանաբար 137.003 քաղաքացիական գործ և 23.095 վարչական գործ, չհաշված քրեական գործերը, սնանկության գործերը, վճարման կարգադրությունները: Հայաստանում գործող 1992 փաստաբան ինչպե՞ս է կարողանալու սպասարկել այս գործերը, եթե հարկերի չհիմնավորված բարձրացման արդյունքում քաղաքացիները չկարողանան օգտվել փաստաբանների ծառայություններից:

Արդյո՞ք փաստաբաններն ունեն այս հարցի լուծման կոնսենսուսային տարբերակ, որը կարող է ձեռնտու լինել 2 կողմերին էլ։

– Պետությունը պետք է հրաժարվի փաստաբանների հարկը բարձրացնելու գաղափարից և բարելավի իր վարչարարության որակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս